«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸՙ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Գործում է լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային կարգը

Էլեկտրոնային կառավարմանը, ավելի կոնկրետՙ էլեկտրոնային տարբերակով իրականացվելիք եւս մեկ ծառայության մասին էր երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Խոսքը էլեկտրոնային լիցենզավորման համակարգի մասին էր:

Խոսելով էլեկտրոնային կառավարման համակարգի մասինՙ Դավիթ Սարգսյանը նշեց, որ այդ համակարգի կարեւորությունն այն է, որ մի կողմից թափանցիկ է դարձնում կառավարության գործունեությունը քաղաքացիների համար, մյուս կողմիցՙ նվազեցնում շփումները պետական չինովնիկի եւ քաղաքացու, պետական չինովնիկի եւ գործարարի միջեւ:

Ինչ վերաբերում է լիցենզավորման էլեկտրոնային համակարգին, ապա այն արդեն գործում է, եւ լիցենզիա ստանալու համար այլեւս կարիք չկա այցելելու համապատասխան նախարարություն: Հայտը կարող է ներկայացվել ինտերնետի միջոցով: Կառավարություն www.egov.am կայքի միջոցով մուտք գործելով «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»ՙ կարելի է տեսնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ըստ բնագավառի կամ ըստ գերատեսչության: Գործունեության համապատասխան բնագավառը (անվտանգության, առեւտրի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, փոստային կապի, մաքսային, շրջակա միջավայրի պաշտպանություն, վիճակախաղեր եւ շահումով խաղեր, տրանսպորտ, քաղաքաշինություն եւ այլ բնագավառներ) ընտրելուց եւ հայտատուի տեսակը (իրավաբանական անձ, ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր) գրանցելուց հետո հայտատուին տրամադրվելու է 12-նիշանոց ծածկագիր: Այն հարկ է պահպանել, քանի որ հետագայում անհրաժեշտ է փաստաթղթերը լրացնելիս կամ հայտի ընթացքին հետեւելիս: Հարկ է նաեւ ծանոթանալ էլեկտրոնային հայտերի ընդունման կարգին, որտեղ մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում է կատարվում լիցենզավորման գործընթացը, ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում դրա համար:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ արդեն ստացվել է լիցենզավորման առաջին էլեկտրոնային հայտըՙ քաղաքաշինության բնագավառից:

Այն հարցին, թե ինչպե՞ս են իրականացվելու լիցենզավորման վճարումները, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ վճարումներն իրականացվելու են բանկերի միջոցով, բայց առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի վճարումներն իրականացնել պլաստիկ քարտերի միջոցով:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասաց, որ սա էլեկտրոնային տարբերակին անցնելու հերթական քայլերից է: Հարկային հաշվետվությունների ընդունման, ապրանքային նշանների գրանցման էլեկտրոնային համակարգերն արդեն կան:

Երկու շաբաթ հետո ներկայացվելու էլեկտրոնային ռեգիստրի համակարգը, որը հնարավորություն կտա դարձյալ ինտերնետի միջոցով ձեռնարկություն գրանցել, ֆիրմային անվանում ստանալ, վճարումներ իրականացնել եւ այլն: Եթե դիմում ներկայացնողը էլեկտրոնային ստորագրություն ունի, ապա վկայական ստանալու համար ռեգիստր այցելելու կարիք էլ չի լինի:

Ներկայումս, ըստ Դավիթ Սարգսյանի, 5700 էլեկտրոնային ստոագորություներ կան տրված եւ 3000-ից ավելի ընկերություններ, որոնք հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Ինչ վերաբերում է, թե որքա՞ն է էլեկտրոնային համակարգերի հնարավորություններից օգտվողների թիվը, ապա տեղեկացվեց, որ կառավարության www.e-gov.am կայք այցելում են ամսական 18 հազար մարդ: Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբՙ կան բաժիններ, որոնք ունեն ավելի մեծ թվով այցելուներ: Օրինակՙ նամակի ընթացքին հետեւելու բաժնում օրական այցելուների թիվը մոտ 350 է, իսկ ըստ գերատեսչությունների պետական բյուջեի ծախսման ընթացքը ցույց տվող բաժնումՙ օրական միջինը 100 հոգի:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը փաստեց, որ այս տվյալները թեեւ այնքան էլ բաձր չեն, բայց դրանք կավելանան, նկատի ունենալով երկրում ինտերնետի տարածման եւ համակարգիչների համալրման ծրագրերը: Մասնավորապես, ելույթ ունեցողը հայտնեց, որ ներկայումս Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը 200 հազար է, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 70 հազար էր: Այսինքն, տարեկան 2-3 անգամ այս թիվն աճում է: Դավիթ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ մեկ տարի հետո լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում կլինի 400 հազարի շրջակայքում, իսկ կառավարության նախաձեռնած «Համակարգիչներ բոլորի համար» ծրագրի շնորհիվ էլ էապես կավելանա համակարգչային հագեցվածությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4