«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ԳՅՈՒՄՐՈՒ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼԻՔ ԾԱՌԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾ ՓՈՂՈՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքի ութ ՀԿ-ների հայտարարությունը

Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանություններն ըստ էության արհամարհում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները: Շաբաթ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին, քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին, Շիրակի մարզպետին եւ Գյումրու քաղաքապետին ուղղված այս բովանդակությամբ հայտարարությամբ են հանդես եկել Շիրակի մարզկենտրոնի ութ ակտիվ հասարակական կազմակերպություններ:

Քաղաքի Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ հայտարարությունն ընդունվել է այդ ՀԿ-ների, մի շարք ԶԼՄ-ների եւ ՏԻՄ ներկայացուցիչների` քաղաքի գլխավոր ճարտարապետի, դենդրոլոգի, քաղաքապետի գլխավոր խորհրդականի եւ քաղաքաշինության բաժնի պետի մասնակցությամբ մեկ օր առաջ կայացած հանրային քննարկումից հետո: Ի դեպ, դա այսօր քիչ պատահող եւ ուրախացնող դեպք էր, երբ քաղաքային իշխանության ներկայացուցիչները եկել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համայնքային կարեւորության խնդիր քննարկելու, լսելու նրանց եւ ներկայացնելու իրենց փաստարկները: Սակայն, ինչպես երեւում է, կայացած խոսակցությունը մի կողմի, մասնավորապես բնապահպանների մտահոգությունները չի փարատել:

«Գյումրու Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23), որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ,- 2008 թ. պատվեց քարե գորգով եւ դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ (ավելի քան կես միլիոն դոլար):

Չերազի եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ եւ հատվեցին ավելի քան 40 ծառ ու թփեր: Վերջինիս հարեւանությամբ` հրապարակի եւ այդ փողոցի արանքում թողնված, այսպես կոչված, կանաչ կղզյակը, որը բաղկացած է միայն ութ եղեւնիներից, այսօր գտնվում է քաղաքային իշխանությունների քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում. դրանք քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել...»: Անդրադառնալով քաղաքի գլխավոր ճարտարապետի ներկայացրած հիմնավորմանը, թե քանի որ այդ եղեւնիները կորցրել են իրենց «էսթետիկական տեսքը», փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները եւ թույլ չեն տալիս ամբողջացնել հրապարակի անսամբլը, ուստի ենթակա են տեղափոխման եւ ցածր թփերով ու ծաղիկներով փոխարինման, հայտարարության հեղինակները հիշում են 2007 թ. հոկտեմբերին քաղաքի Անկախության հրապարակի յոթ եղեւնիների հատումն ու դրանց փոխարեն գնդաձեւ ակացիաներ տնկելու համայնքային ավագանու մինչեւ օրս չիրականացված որոշումը: Համայնքային բյուջեի հնարավորությունների տեսակետից էլ անհասկանալի է գնահատվում քաղաքային իշխանությունների կենտրոնացումը ծառերի տեղափոխման խնդրի վրա, երբ դրանցից յուրաքանչյուրի տեղափոխման ծախսը, ըստ կատարված նախահաշվի, կազմում է 313.714 դրամ:

Հարցադրումների մյուս խումբը վերաբերում է Գյումրու Արագած ճեմափողոցին, նրա կառուցապատման խնդիրներին: Մասնավորապես, «2010 թ. հասարակության ջանքերով հազիվ դադարեցվեց Արագած ճեմափողոցի կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը եւ չնայած ՀՀ բոլոր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին հղված բողոքներին, մինչեւ օրս էլ այդ հարցը չի ստացել իր վերջնական լուծումը... չնայած որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախկինում հստակ արտահայտել էր իր տեսակետը այս հարցի վերաբերյալ ( կառուցապատման վերաբերյալ Գյումրու քաղաքապետի 2009 թ. փետրվարի 26-ի N 300-Ա որոշումը գտել էր ոչ իրավազոր եւ առաջարկել էր վերացնել իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների հետեւանքները)»:

Հայտարարության հեղինակները քաղաքային իշխանությանն առաջարկել են հրաժարվել Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող եղեւնիները տեղափոխելու մտքից` այն համարելով չհիմնավորված, չարդարացված եւ պարզապես համայնքային միջոցների վատնում, Շահումյան-188 շենքի եւ Վարդանանց հրապարակի միջեւ գտնվող նախկին բացօթյա սրճարանի տարածքը կանաչապատման եւ բարեկարգման նպատակով, օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի ՀԿ-ներին` պահպանելով համայնքային պատկանելությունը, Արագած ճեմափողոցի համար օրենքով սահմանված կարգով մշակել կառուցապատման եւ բարեկարգման մեկ համալիր սխեմա` հաշվի առնելով գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի պահանջներն ու չափորոշիչները, բացառել այս փողոցի ու նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը գազոնների ու կանաչ տարածքների հաշվին եւ այլն: Կարեւորվել է կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին այսուհետ հանրության պատշաճ իրազեկումը եւ հասարակական քննարկումների անցկացումը` համաձայն Կառավարության 28.10.1998 թ. 660-րդ որոշման պահանջների, քաղաքի շահագրգիռ հասարակությանը մասնակից դարձնելով այդ փոփոխությունների կայացման գործընթացին:

Փաստաթուղթը ստորագրած կազմակերպությունների թվում են Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական, «Գեոֆոն» գիտական-բնապահպանական, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» եւ այլ ՀԿ-ներ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4