Հովհաննես Տեր-Թադեւոսյանի վաղ շրջանի գեղանկարչությունը
Ազգային պատկերասրահի առաջին հարկի 3 դահլիճներում մեկ շաբաթ էՙ Հովհաննես Տեր-Թադեւոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսն է ընթանում: Կազմակերպիչ եւ համակարգող` Ազգային պատկերասրահի աշխատակից , նկարիչ-ռեստավրատոր Գագիկ Ամիրխանյան:
Արվեստագետի ծանոթ-անծանոթ լինելը քիչ էական է, երբ ստեղծագործությունները խոսուն են: Ներկայացված 100-ից ավելի գործերի գերակշիռ մասը թվագրված է 1900-1915-ականներով: Էսթետիկորեն հաճելի, բացառիկ խնամքով ու ճաշակով շրջանակված են բոլոր աշխատանքները գունային ընտրությունը արդեն դասական միջավայր ու վերաբերմունք է ստեղծում:
Բնանկարների, քաղաքային ու գյուղական միջավայրային պատկերների գերակշռությունը նկարչի ժանրային նախասիրություններից բացի, նրա գեղագիտական հայացքներն ու գեղանկարչական որոշակի ուղղվածությունն է մատնանշում, իհարկեՙ ցուցադրված ստեղծագործական շրջանի: Հետագա զարգացումների մասին այս ցուցադրությունը պատկերացում կազմելու հնարավորություն չի տալիս, թեեւ մի քանի գործեր կան: Այդ մասին սակայն կարելի է տեղեկանալ նկարչի 120-ամյակին նվիրված պատկերագրքից, որ առանձահատուկ մի հրատարակություն է, մանրամասն աշխատված ակադեմիական մոտեցումով: Պատկերագրքի տեքստային ստվար մասը բովանդակում է նկարչի մասին ընդհանուր տեղեկություններ, արվեստագետի կյանքի ու գործունեության տարեգրությունՙ ուղեկցվող լուսանկարներով, նրա ցուցահանդեսների եւ աշխատանքներիՙ պետական հավաքածուների ցանկեր, մատենագրություն, Թադեւոսյանի ստեղծագործությանՙ Էլեն Գայֆեճյանի արվեստաբանական ընդարձակ մեկնաբանություն, պատկերային բաժնում նկարչի 200-ից ավելի գործերի գունավոր իլյուստրացիաներն են: Ներկայացված գործերի գերակշռող մասը Գագիկ Ամիրխանյանի անձնական հավաքածոյից են. նա արդեն 20 տարի զբաղվում է Հ. Տեր-Թադեւոսյանի նկարների, նաեւ արխիվային փաստաթղթերի հավաքչությամբ, ռեստավրացիոն աշխատանքներ է կատարել, ընտրել համապատասխան շրջանակներ ու եզրաշրջանակներ :
Պատկերագրքում ընդգրկված են նաեւ Ազգային պատկերասրահում պահպանվող եւ մասնավոր այլ հավաքածուներում եղած գործերից: Գիտական աշխատանքները իրականացրել է պատկերասրահի ձեռագրահուշագրային բաժնի վարիչ, գիտաշխատող Անահիտ Խլղաթյանը: Պատկերագիրքը եռալեզվյա է (հայերեն, անգլերեն, ռուսերեն), տպագրված է «Տիգրան Մեծ» տպագրատանը, հրատարակումըՙ Գ. Ամիրխանյանի:
Զարմանալի է, բայց բնիկ երեւանցի այս նկարիչը գրեթե անհայտ անուն է ոչ միայն սիրողական, անգամ մասնագիտական շրջանակներին. ըստ որում նրա անունը Հայկական Սովետական Հանրագիտարանում փնտրելն էլ իզուր էր: Մինչդեռ նա հենց խորհրդային շրջանում է լայն գործունեություն ծավալել եւ ակտիվ մշակութային գործիչ է եղել: Ճիշտ էՙ Հայաստանից դուրս, Ուզբեկստանում, բայց աչքառու: Սամարղանդ առաջին անգամ 1915-ին մեկնեցՙ ուսանողական պրակտիկայի, իսկ 1920-ականներից իր կյանքը կապվեց այդ քաղաքին:
Նկարչիՙ քիչ հայտնիության հանգամանքը պարտավորեցնում է թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնել անցած դարի հայ դասական գեղանկարչության ակունքներում կանգնած վրձնի այս յուրահատուկ վարպետի կենսագրական որոշ դրվագներ: Սամարղանդը, Տաշքենդը, Մոսկվան նրա աշխատանքային հիմնական գործունեության հանգրվանները եղան: 1918-ին նա հիմնադրեց Սամարղանդի գեղարվեստի առաջին ուսումնարանը: Մասնակցել է համամիութենական գեղանկարչական տարբեր ցուցահանդեսների, տարաբնույթ այլ ցուցահանդեսների տաղավարների նախագծեր հեղինակել, գնահատված գեղանկարիչ ու մշակույթի գործիչ է եղել. արվեստի վաստակավոր գործչի եւ Ուզբեկստանի ժողովրդական նկարչի կոչումներ է ստացել, այդ երկրի Գերագույն խորհրդի նախագահության «Պատվոգրի» արժանացել երեք անգամ: Տարբեր տարիների արժանացել է նաեւ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 2 մեդալների: Տաշքենդի թատերական ինստիտուտին կից գեղանկարչական բաժանմունքի հիմնադիրն ու ամբիոնի վարիչն էր:
Երեւանում ցուցահանդես բացել է 1968-ին: 1966-իցՙ Տաշքենդի երկրաշարժից հետո մինչեւ մահըՙ 1974-ը բնակվել է Մոսկվայում:
Խորհրդային վաղ շրջանի մշակութային գործունեության կարեւոր դրվագներից մեկը 1921-ին նրաՙ Մոսկվայից Հայաստան գործուղվելը եւ Երեւանում առաջին գեղարվեստի արվեստանոցներ կազմակերպելու աշխատանքն էր, կարճ ժամանակ անց Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ սկսեց գործել նկարչության եւ քանդակագործության դպրոցը, որ հետագա տարիներին վերափոխվեց նախՙ Գեղարվեստի (1936 թ.), ապա Փ. Թերլեմեզյանի ուսումնարանի (1943 թ.):
Ազգային պատկերասրահի ներկայիս ցուցադրությունը` Տեր-Թադեւոսյանի նախախորհրդային շրջանի նկարչական արձագանքները համահունչ են կյանքային այդ ընթացքների: Դժվար էր ապրուստըՙ Կարապետ Տեր-Թադեւոսյանի բազմանդամ ընտանիքի համար: Դեռ մանկուց դերձակի յոթ զավակներից ավագըՙ Հովհաննեսը ճաշակեց կյանքի դառնությունները, երբ հայրը այլեւս կարող չէր արհեստով ընտանիքի ապրուստը հոգալ եւ հանապազօրյա հացը մոմավաճառությամբ սկսեց վաստակել: Էրիվանի ուսուցչական սեմինարիայի ուսումը նա կիսատ թողեց: Սակայն արվեստի, նկարչության հակումներն իր մեջ ի ծննդե էին: Փոքր տարիքից արդեն մատիտանկարներ էր անում բնօրինակներից, նաեւ լուսանկարներից կրկնօրինակներ: Ապրելու, դրամ վաստակելու տարբեր միջոցներ էր փնտրում, մանր աշխատանքներ անում: Մեկնեց Թիֆլիս: Ընդունվեց տեղի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոց , աշակերտեց Ե. Թադեւոսյանին: Մի քանի տարի անց Մոսկվայի Գեղանկարչության ուսումնարանում էր սովորում, Ա. Մանթաշովի բարեգործական հիմնադրամի թոշակառու էր: Կյանքը դուրս եկավ ծննդավայրի, հայրենի երկրի շրջանակներից: Ուսանողական արձակուրդներին նա հաճախ էր լինում Երեւանում, ճամփորդում Հայաստանի շրջաններով, մասնակցել է Մառի արշավախմբի` Անիի պեղումների աշխատանքներին: Կենսագրական հետաքրքրական էպիզոդ է 1912-ի Էրիվանի Քաղաքային ակումբում 92 գործերի ցուցադրությունը, որ քաղաքի պատմության մեջ մնաց որպես առաջին գեղավեստական ցուցահանդես: 1912-ը եւս մի հետաքրքրական փաստ արձանագրեց նրա կյանքումՙ մի խումբ էնտուզիաստների հետ փոքր Արարատի գագաթ բարձրացավ:
Նկարչիՙ նախախորհրդային շրջանի ստեղծագործությունը ակնհայտ տարբեր է հետագա իր դրսեւորումներից. այս շրջանում կյանքի ու ստեղծագործության միջեւ փոխըմբռնումը հստակ է. ահավասիկ 2 սրահների գործերը, մյուս սրահի աշխատանքները տարբերվում են ինչպես թեմատիկ ընդգրկումով, նաեւ նկարչական ոճով ու մտածողությամբ: Դրանցում առկա են Կենտրոնական Ասիայի մշակույթին հատուկ պատկերաձեւերն ու զարդանախշային մոտիվները, ապրած միջավայրի գունարտահայտությունը (կոլորիտը):
Ինչն է բնորոշ այն գեղանկարչությանը, որ մեզ է ներկայացնում Հովհաննես Տեր-Թադեւոսյանի այս ցուցահանդեսը. միջավայրի գեղագիտական ընկալում եւ զգացողություն, գույնի համադրության նուրբ վարպետություն: Վաղ շրջանի գունանանկարի հիմնական հատկանիշը պահի տրամադրության փոխանցումն է նկարչական մակերեսներին: Նրա հայկական աշխարհը տաք է, առողջ, հարազատ ու մտերմիկ: Գունային ինտոնացիան մեղմ էՙ թույլ կոնտրաստներով: Պատկերային կառույցները լուսաստվերների ու գույնի ոչ թանձր, ոչ նոսր վրձնահարվածներից են գոյանում: Այս շրջանում նրա նկարչությունը տպավորապաշտական է, անհատական զգացողությամբ, բնական ու անկաշկանդ: Ինքը ներկա է բնապատկերի, փողոցի ամեն անկյունում, գույնի ու լույսի ամեն բեկորում: Այս շարքում առանձնակի հմայքով է երեւում Էրիվանը, անցյալ դարասկզբի հայկական հին քաղաքը: Մեր հայացքը սահում է ոչ վաղ անցյալի քաղաքի վրայովՙ ահա դեղնամշուշի մեջ թաղված Էրիվանի «Կոնդը» եւ «Ցախի մեյդանը»:
Փոքրաչափ կտավին` բանաստեղծորեն ու միաժամանակ ներհուն «ընկողմանած» քաղաքի նրբանկարըՙ աշնանային ծառերի կարմիր ոսկու միջից (հազիվ նշմարելի, նրբաշուք վրձնահարվածներով) երեւացող հին տների, հին կտուրների պատկերով («Էրիվան-1915»): Ահա մեկ ուրիշը, կատարյալ բանաստեղծական մթնոլորտ. քնարական, մեղեդային - երազային լապտեր, լույսի երեկոյացող «քունը» նկարի «երկնքին» բաց-նուրբ դեղնավուն օդային միջավայր է ստեղծում:
Տեր-Թադեւոսյանի բնանկարչությունը մի ուրույն, առանձին աշխարհ է, սա բնության անխաթար վիճակն է, նկարչի հայացքի տրամադրությունը լցնում է միջավայրը, տարածությունը մեր ու բնության միջեւ դարձնում խզելի, մատչելի, սիրելի: Նրա բնանկարը անչափ ինտիմ է, առինքնողՙ հանդարտությամբ, մեղմությամբ. «Աշուն. Պուրակ լճակի մոտ», «Թեղու տակ, թախտին», «Սակլյա (խրճիթ) եւ բակ», «Մեր տունը», «Սեւանի ափին», «Սարեր. Գառնի»: Ահա նրա հոսուն կանաչըՙ ջրի լուսավորությամբ («Ջրհորով բնանկար»), գունային հազվագյուտ շերտազուգորդմամբ «Բնանկար ծառերով»-ը: Գյուղական տեսարաններում նույնպես բնազգացողություններն ուժեղ են: Իրականության ու երազի տրամադրությունների մի թափանցիկ «հյուսվածք» է «Իգդիրը»:
Նատյուրմորտները թեեւ քիչ, բայց տպավորիչ են` «Եղրեւանի»-ն, ասես միայն իրեն հատուկ գույնի թանձրությամբ ու փարթամությամբ, տիրապետող է կենտրոնում, մյուսը` «Մրգեր սկահակով, գինու շիշ եւ գավաթ», հայացքիդ մակերեսին թափանցիկ պատկեր է գոյացնում, որին նպաստում է բաժակի տաք դեղնաթույրը: Գունային ներկապնակի Տեր-Թադեւոսյանական ընկալումը առհասարակ բազմազան է, նա օգտագործում է գույնի գրեթե բոլոր նրբերանգները, դրանց համադրությունների (հատկապես դարչնադեղնա-կանաչավունի) գունամթնոլորտը իր տարաշեշտության մեջ շատ ներդաշնակ է: Այդ ներթափանցումները հատկապես բնապատկերին հաղորդում են օդասուն, փխրուն տրամադրություններ: Շատ փոքր ծավալային գործերում անգամ նա կարողանում է զգացնել տալ բնության եւ մարդու երկխոսության ներքին կապը, ստանալ խորքեր, ինչն, անկասկած, վարպետության նշան է: Էրիվանյան շարքի մի քանի նկարներում, օրինակ` «Էրիվան. Բնապատկեր»-ի տեսարանը` կենտրոնական մասի բարդու պատկերումով, քաղաքի ամբողջական ընկալման տպավորություն է ստեղծում, հայացքդ «մոլորեցնում». բնանկարը նա կարողանում է, այսպես ասած, ընդարձակել:
Ասվեց, որ ստեղծագործությունների այս շրջանը անմիջական արձագանքներն են իր կյանքի, բայց այստեղ բացարձակապես չի հնչեցվում այդ կյանքի բուն կենցաղային կողմը. «Մեր բակը» նկարի ենթադրվող այդպիսի միջավայրը` ցերեկվա բաց- դեղնավուն օդի մեջ կախված պարանով, խորքում իդիլիկ ու ներհուն է:
Նրա վրձնի հայացքը հաճախ է կանգ առել հայկական եկեղեցիների պատկերներին` ահա Անին, Սբ Սարգիսը, Սբ Գայանեն: Կյանքի թիֆլիսյան շրջանը նկարներին հայտնվել է Կովկասի նշանավոր այս քաղաքի հայկական ներկայության հոգեւոր շնչով. հին Թիֆլիսը այստեղ հայկական եկեղեցիների սրբազան ղողանջների գունային թրթռումներ է արձակումՙ «Հին Թիֆլիս. Բեթղեհեմի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին», «Կապույտ եկեղեցի»:
Բնանկարի ժանրում Հ. Տեր-Թադեւոսյանի նկարչական ձեւերն ու ոճը հիմնականում հետիմպրեսիոնիստական արվեստի կնիքն են կրում, ինչը բնական է եւ բնորոշ ժամանակաշրջանին (1909-1915), դիմանկարչության մեջ, սակայն, նա կարծես, ուշ Վերածննդի վարպետների հստակ վրձնահարվածների եւ գունաստեղծման տեխնիկային է հետեւում` «Ծերունու դիմանկարը», «Տարեց կինըՙ գլխարկով»:
Դուրս եմ գալիս սրահների լռության միջիցՙ վերագտած արժեքների զգացողությամբ. դրանց գունային տրամադրության բարությունը նոր գեղեցկություն գտածի բերկրանքն է պատճառում, համոզում, որ Հովհաննես Տեր-Թադեւոսյանի ստեղծագործական այս շրջանի հայկական շունչը գունային նրբագեղ ու զգայուն շերտ է բերում հայ գեղանկարչության ընդհանուր համապատկերին, հարուստ գունապաստառին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. «Փողոց Էրիվանում» 1911 թ.