Հատուկ քննչական ծառայությունը մարտի 12-ին ծանուցագրեր է ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին` հրավիրելով հարցաքննության, սակայն այդ ծանուցագրերում նշված չէ, թե ի՞նչ կարգավիճակով են նրանք հարցաքննվելու: Ըստ «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության` ծանուցագրերում պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը: Հատկանշական է, որ մարտի 4-ին ՀՔԾ-ն իր հարուցած քրեական գործի մասին տեղեկատվությունը իր կայքէջում տեղադրում է մարտի 9-ին, «Ժառանգության»` մարտի 3-ի դեպքերի վերաբերյալ հաղորդում հանցագործության մասին ներկայացնելուց ժամեր անց, այսպես է նշված կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ մարտի 3-ին Հանրապետության հրապարակի հայտնի դեպքերից հետո, որի ժամանակ «Ժառանգության» պատգամավորները մի խումբ քաղաքացիների հետ փորձում էին ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները պաշտպանել իրավապահի համազգեստով անձանց ոտնձգություններից, հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ոստիկանի դեմ իբրեւ թե բռնություն կիրառելու փաստով:
Մ. Խ.