«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2011-03-12 | #44, 2011-03-15 | #45, 2011-03-16


ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

1933 թվին Ղեւոնդ արք. Դուրյանի սրտին խրված դաշույնը, որը նրա անմիջական մահվան եւ հայկական եկեղեցու երկփեղկման պատճառ դարձավ, շարունակում է իր քայքայիչ դերը կատարել հայկական համայնքներում: Որոշ մարդիկ ցանկանում են մոռացության տալ այդ արյունոտ իրադարձությունըՙ հավատալով, որ այդ դեպքում հայկական եկեղեցու տարանջատվածությունը կարող է օրինականացվել:

1930-ական թվերին Դաշնակցական կուսակցության կողմից Ամերիկայում մի շարք հերձվածային եկեղեցիների ձեռքբերումը հետագայում շարունակվեց այլ բռնությունների գործադրմամբ, երբ այդ նույն կուսակցությունը 1956 թվին լիբանանյան բանակի տանկերին կրնկակոխ բռնագրավեց Անթիլիասի կաթողիկոսությունը:

Հայկական եկեղեցու ոչ մի խելամիտ անձնավորություն չի կարող մոռացության մատնել պատմության այս տխուր փաստերը այնքան ժամանակ, որ հայկական եկեղեցին շարունակում է պառակտված մնալ եւ այդ եկեղեցու մի հատվածը ենթարկվում է քաղաքական մի կուսակցության թելադրանքներին:

1956 թվից ի վեր Անթիլիասի կաթողիկոսությունը իր «շոշափուկները» տարածել է նաեւ այլ համայնքների վրա, եւ սառը պատերազմի ուրվականը նպաստել է, որ այդ աթոռի քաղաքական ղեկավարներն իրենց հովանու տակ վերցնեն Իրանի թեմը, Հունաստանի թեմի մի մասը եւ ամրապնդեն իրենց դիրքերը Ամերիկայի եւ Կանադայի որոշ հերձվածային եկեղեցիներում:

Սառըպատերազմյան տարիների ամբողջ ժամանակաշրջանում Էջմիածնի Մայր աթոռի դեմ ուղղված այս արշավը մի կերպ «արդարացվում էր» ընդհանուր առմամբ կոմունիզմի դեմ մղված կարգախոսներով, բայց երբ կոմունիստական վարչակարգը փլուզվեց, պարզվեց, որ «կայսրն իսկապես մերկ է»: Եկեղեցու պառակտման պատճառաբանությունը հօդս ցնդեց, բայց տվյալ քաղաքական կուսակցությունն այնքան էր խրված այդ համակարգում, որ չցանկացավ ձեռքից բաց թողնել իր «ավարը»: Եվ պառակտումը շարունակվեց: Այդ բռնագրավյալ թեմերի առաջնորդները շատ լավ են պատրաստված արդարացնելու համար պառակտումը, սակայն համայնքի անդամների մեջ այդ «մարտունակությունը» այնքան էլ ցայտուն չէ: Եվ սա ձեռնտու է անթիլիասական եկեղեցու առաջնորդներին:

Տարիների ընթացքում եկեղեցին միավորելու փորձեր ու նախաձեռնություններ եղել են, բայց որոշակի արդյունք չի արձանագրվել:

Նորին Սրբություն Գարեգին Բ-ն փորձել է բանակցել Անթիլիասի հետ համընդհանուր որոշումներ ընդունելու շուրջը, բայց ցարդ հաջողության չի հասել: Արարողությունների եւ ծիսակատարությունների հարցերի վերաբերյալ համատեղ մի հանձնախումբ, ճիշտ է, գործում է, սակայն այդ հարցերում տարակարծություններ արդեն երբեք չեն եղել:

Սուրբ Էջմիածինը, ջանասիրաբար աշխատելով վերակենդանացնել հոգեւոր կյանքը Հայաստանում 70 տարվա աթեիստական իշխանությունից հետո, միաժամանակ պարտավորված է պայքարել նաեւ օտար աղանդների եւ անթիլիասական եկեղեցու մարտահրավերների դեմ: Թվում է, թե Անթիլիասը տագնապած է Էջմիածնի թողարկած քաջատեղյակ ու զարգացած հոգեւորականների քանակով, որոնք պատրաստ են հոգալու Հայաստանի եւ Սփյուռքի իրենց հայրենակիցների հոգեւոր կյանքի կարիքները:

Վեհափառ հայրապետը նախաձեռնել է նաեւ իր իրավասությունների տակ գտնվող եկեղեցիների համար միասնական կանոնադրություն մշակելու ծանր պարտականությունը: Տարիներ շարունակ թեմերի առաջնորդներն ու հոգեւոր հովիվները մեծ վնաս են հասցրել Մայր աթոռի հեղինակությանը կամ անձեռնհասության, կամ էլ անձնական շահերին տուրք տալու հետեւանքով: Հասկանալի է, ուստի, որ որեւէ դրական փոփոխություն այդ ասպարեզում պահանջելու է երկար ժամանակ:

Կաթոլիկական եկեղեցին ուժեղ է, որովհետեւ Հռոմի պապն է կարդինալներ նշանակում տարբեր թեմերում, եւ այդ գործընթացը ընդունված է բոլորի կողմից: Մեր եկեղեցին շատ ավելի ժողովրդավարական ավանդույթներ ունի եւ չի կարող թույլատրել նման ավտորիտար մոտեցում: Բայց պետք է խոստովանել, որ ներկա գլոբալիզացիայի դարում գործունեությունը շարունակելու համար եկեղեցին եւ եկեղեցական իշխանությունները կարիք ունեն որոշակի հարգանքի, համերաշխության եւ ներդաշնակության:

Եվրոպական մի շարք համայնքներում անհանգստացնող մեկնաբանություններ արդեն սկսել են հնչել, որովհետեւ որոշ շրջանակներ չեն կարողանում տանել Մայր աթոռի իշխանության ամրապնդումը ամբողջ հայկական եկեղեցու համակարգում: Անանուն, անստորագիր հոդվածներ են հայտնվում Հայաստանումՙ դեղին մամուլի դասին պատկանող թերթերում, եւ այդ հոդվածները հետագայում հայտնվում են Սփյուռքի առավել լայն շրջանառություն ունեցող թերթերում: Սփյուռքում, դժբախտաբար, թվով քիչ են բարեխիղճ լրագրողները, որոնք ժամանակ կարող են հատկացնել ստուգելու հոդվածների սկզբնաղբյուրները, նախքան դրանց հեղինակների լարած ծուղակի մեջ ընկնելը:

Ասվածի որպես օրինակ կարող են ծառայել Հայաստանում փոքր տպաքանակով լույս տեսնող եւ «Հրապարակ» անունը կրող քիչ հայտնի թերթում հրատարակված երկու անստորագիր հոդվածներ, որոնք պնդում են, թե ֆրանսահայ թեմը իբր դժգոհ է Սբ Էջմիածնի իշխանությունից: Օգտագործելով ահաբեկչական մարտավարությունըՙ այս հոդվածների հեղինակները նաեւ մեղադրական խոսքեր են ուղղել Նորին Սրբությանը, նշելով, որ իբր կաթողիկոսը ցանկանում է տնօրինել թեմի ֆինանսական միջոցները:

Մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ բացարձակապես անտարբեր էին հերձվածային եկեղեցիները բռնագրավելու ու շահագործելու Դաշնակցական կուսակցության գործունեության նկատմամբ, այժմ հանկարծ սկսել են տեր կանգնել եկեղեցու ունեցվածքին, դավեր հյուսելով Վեհափառ հայրապետի դեմ:

Հայաստանում որեւէ մեկը կարող է նման երկրորդական թերթերում «տարածք» գնել անձնական վիրավորանք հասցնելու նպատակով որեւէ մեկին, օգտվելով իրենց անձեռնմխելիությունից: Եվ հենց մի չարամիտ ակնարկ տպագրվի մամուլի էջերումՙ հեշտությամբ իր տարածումն է գտնում Սփյուռքում: Զարմանալի է սակայն, որ Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» լրջախոհ թերթն է կուլ տվել խայծը եւ թակարդն ընկելՙ հրապարակելով հոդվածը: Անհարգալիր վերաբերմունքի այս դրսեւորումը, որը նպատակ է հետապնդում խաթարելու Սբ Էջմիածնի հեղինակությունը, ինչ խոսք, ձեռնտու էր Անթիլիասի կաթողիկոսությանը, նկատի առնելով, որ ինքն է սկզբնավորել թշնամանքը Էջմիածնի դեմ: Բայց հրահրված էր նաեւ մի կուսակցության կողմից, որը ղեկավարում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս փորձել էր օգտագործել Նորին Սրբությանը իր կարճատեւ քաղաքական նպատակների համար, ճիշտ այնպես, ինչպես թուրքերն էին վարվել Մեսրոպ արք. Մութաֆյանի հետ: Դաշնակցականներն իրենց հերթին օգտագործում են կաթողիկոս Արամ Ա-ին (եւ նրա նախորդներին): Բայց նենգ խաղերն իրենց նպատակին չհասան, որովհետեւ Գարեգին Բ կաթողիկոսը որոշեց միջնորդի դերն ստանձնել նախագահական վերջին ընտրություններին հաջորդած արյունալի դեպքերից հետո: Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել Վեհափառին եւ անմիջապես ամենատգեղ ձեւով չարամիտ ու թունոտ արշավ ծավալեց նրա դեմ իրեն ենթակա զանգվածային լրատվություններիՙ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի էջերում: «Հրապարակը» նույնպես թվում է, թե ընդդիմադիր կոչվող ԶԼՄ-ների շարքին է պատկանում, չնայած շատ քչերին է հայտնի նրա անունը:

Քանի որ չհաջողվեց Մայր աթոռին ներքաշել երկպառակտչական, կործանարար «քաղաքականության» մեջ, այդ թերթերն ու նրանց հովանավորները որոշեցին սրբավայրն ու նրա առաջնորդին անվանարկությունների ու վիրավորական պիտակավորումների թիրախ դարձնել:

Ի պատասխան դեղին մամուլի էջերում հայտնված այդ պիտակավորումներինՙ Սբ Էջմիածինը մի հայտարարություն է հրապարակել, որտեղ ասված է, իմիջիայլոց, որ փետրվարի 5-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված մտահոգությունները ֆրանսահայ հասարակության դժգոհության վերաբերյալ «անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում»: «Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2009 թ. նոյեմբերին Մայր աթոռ Սբ Էջմիածնում գումարված Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները եւ աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրությունը, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները», ասված է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգչային էջում:

Թվում է, թե տվյալ մութ ուժերի ահ ու շփոթություն ներշնչող քաղաքականությունը ներթափանցել է նաեւ մեր ափերը: Մայր աթոռի գերիշխանության պահպանումը բխում է մեր ամբողջ ազգի շահերից: Մինչ գլոբալիզացիան 21-րդ դարում մարդկանց եւ հասարակություններին համախմբում, ի մի է բերում, տրամաբանական է եզրակացնել, որ տարբեր համայնքներ միեւնույն կանոնակարգային դրույթները որդեգրենՙ ապահովելու Հայաստանյայց եկեղեցու միասնականությունն ու ներդաշնակությունը:

Սբ Էջմիածինը որոշակի լիազորություններ չունի իր նկատմամբ հարգանք պարտադրելու, բայց դարեր շարունակ նրա հավատացյալների առողջ դատողությունն ու ուժեղ բնազդը բարձր են պահել նրա հեղինակությունն ու սրբությունը:

Հույս ունենանք, որ այդ դատողությունն ու բնազդը դեռեւս կենդանի են մեր մեջ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4