Երեկ Կովկասի ինստիտուտն ու «Երկիր» միությունը կազմակերպել էին միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» խորագրով: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան թուրք փորձագետներ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամներ Չինգիզ Աքթարը եւ Ալի Բայրամօղլուն, ինչպես նաեւ մի շարք փորձագետներ ու թուրքագետներ` Հայաստանից: Միջոցառման մասնակիցները քննարկեցին թուրք հասարակության եւ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Ներկայացվեցին զեկուցումներ` Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսեւորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների եւ այլ թեմաներով: Գիտաժողովի շրջանակներում ներկայացվեց Չենգիզ Աքթարի «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությունը: Նա նկատեց, որ այսօրվա Թուրքիան մի քանի տարի առաջվանը չէ. «Մինչ 70-ականները մենք առհասարակ ոչինչ չգիտեինք Ցեղասպանության մասին, այնուհետեւ իրավիճակը փոխվեց, թուրքերը սկսեցին հայերին ծանոթանալ, հայերը` թուրքերին, նման թեմայով գիտաժողովները հաճախակի դարձան, Թուրքիայում մի շարք համալսարաններում բացվեցին հայոց լեզվի ամբիոններ, Կոմիտասի մասին թուրք ռեժիսորը ֆիլմ է սկսել նկարահանել, մի շարք «թուրք» ընտանիքներ սկսեցին հպարտանալ իրենց հայկական արմատներով, եւ այս գործընթացը շարունակական է»:
Թուրք մյուս գործիչ Ալի Բայրամօղլուն ընդգծեց, որ անձամբ իր բարոյական պարտքն է հայերից ներողություն խնդրելը: «Ինձ հետ համակարծիք են նաեւ այն 70 հազար թուրքերը, որոնք ստորագրել են «Ներողություն» կոչը, սակայն Թուրքիայի ժողովրդավարական դարձնելը, քրդական հարցը, եւ հայկական հարցը առանձին հարցեր չեն, դրանք շաղկապված են, եւ ժողովրդավարական Թուրքիան, ինչին ձգտում ենք այսօր մենք, ավելի թափանցիկ կլինի հայկական եւ այլ հարցերում: Ուզում եմ ասել, որ իմ մտերիմ ընկեր Հրանտ Դինքը նույնպես այս կարծիքին էր եւ այս նպատակը ուներ», ասաց Բայրամօղլուն:
Իր հերթին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ թուրք փորձագետները իրավիճակը ներկայացնում են «վարդագույն». «Օսմանյան կառավարությունից մինչեւ այսօր թուրքական կառավարությունը իր քաղաքականությունը չի փոխել հայ համայնքի նկատմամբ: Եթե անցյալ դարի կեսերին Թուրքիայում ապրում էին 250 հազար հայեր, ապա այսօր` 55-60 հազար: Հատկանշական է նաեւ, որ թուրքական պետությունը վախի մթնոլորտում է պահում հայ համայնքին` օգտագործելով վերջինիս իր քաղաքական հարցերը լուծելու համար: Ուզում եմ նշել նաեւ, որ այս քաղաքականությունը դրսեւորվում է նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի հարցում: Ըստ էության այսօր չունենք գործող պատրիարք, հետեւաբար` հայ համայնքը «գլխատված է», ինչն անշուշտ, ավելի հեշտ կառավարելի է դարձնում այն` թուրքական պետության համար: Սակայն, նշեմ նաեւ, որ Թուրքիայի հայ համայնքում կան նաեւ այնպիսի ուժեր, որոնք չեն ենթարկվում թուրքական պետությանը (վերոհիշյալ քաղաքականությանը), սակայն նրանց, ինչպես նաեւ այն թուրք գործիչների, որոնցից երկուսն այսօր այստեղ են, թափը Թուրքիայում ազդեցիկ չէ», նկատեց Մելքոնյանը: Ի դեպ, 70 միլիոնանոց Թուրքիայում այսօր միայն 70 հազարն են գրավոր ներողություն խնդրում հայերից. անշուշտ, այս թիվը շատ չէ, սակայն, մյուս կողմից, այդ 70 հազարի մեջ է թուրք հասարակության մտավորական էլիտանՙ ճանաչված իրավապաշտպաններ, պարզապես ազատամիտ մարդիկ, Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի նվիրյալներ, ինչը հատկապես լսելի ու տպավորիչ է դարձնում նրանց ձայնը հարեւան երկրում:
Հ. Ա.