Երեւան այցելությունից հետո, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվությունը: Իսկ մինչ այդ այն ներկայացվել է Ադրբեջանի նախագահին երեկ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն տարածաշրջանային այցելության շրջանակներում հանդիպել են Ալիեւ կրտսերի հետ:
Երեկ երեկոյան` Բաքվից Երեւան մեկնելիս, օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ըստ «Ազերիպրես» գործակալության, հայտարարել է, որ համանախագահները Բաքվում հանդիպել են ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովին եւ քննարկել երեք կարեւոր խնդիր. «Սոչիի հանդիպման արդյունքները, ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվությունը, ինչպես նաեւ երկու կողմերից էլ շփման գծից դիպուկահարների հեռացման հարցը»:
Հաշվետվությունը հանրությանը ներկայացնելու առնչությամբ Ֆասիեն հայտնել է, որ դա հնարավոր կլինի հայկական կողմին փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
Ա. Հ.