Ժողովրդավարությունն էլ, մարդու իրավունքներն էլ, արդարությունն էլ սրանց հետ վրադիր առավել հաճախ զոհ են գնում այլ շահերի, քան դերակատարություն են ունենում պետությունների հարաբերություններում, առավել եւս, երբ այդ շահերը վերաբերում են էներգակիրներին: Ամեն դեպքում, նավթային իրողությունների կողքին, ինչպես ցույց է տալիս մեզանով անցնող իրականությունը, ի չիք են դառնում ինչպես ժողովրդավարության ջատագով լինելու «մտադրությունները», այնպես էլ, ասենք, ժողովուրդների մշակութային ժառանգության հանդեպ վերաբերմունքը:
Ադրբեջան այցելած Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Կալմի-Ռեյը մարտի 14-ին ականջալուր է եղել Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի ողջույնի խոսքին` լի հակահայկական հայտարարություններով այն դեպքում, երբ Շվեյցարիան գոնե հայ-թուրքական ձեւաչափում հանդես է գալիս որպես առաջադեմ իրողությունների կողմնակից:
Իսկ Ալիեւը, մասնավորապես, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, հին երգի ու «օկուպացված տարածքների վերադարձի» հետ մեկտեղ հայտարարել է, թե «Ժամանակն է փոխելու ստատուս քվոն, անցնելու փախստականների վերադարձին...»: Ըստ Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «19 տարի գործունեություն է ծավալում, բայց, ցավոք, գործնականում արդյունք չկա»: Ավելին, Ալիեւը 2010 «բաց թողնված հնարավորությունների տարի» որակելով, խոսել է Հայաստանի կողմից պայմանավորվածությունների «խախտումների» մասին այն դեպքում, երբ Ադրբեջանն անգամ հստակորեն չի կարողանում անգամ հաստատել այն հայտարարությունները, որոնց տակ ստորագրում է:
Մյուս կողմից, Միշլին Կալմի-Ռեյը, ինչպես մինչ իրեն նաեւ Ադրբեջանում հավատարմագրված ԵՄ դեսպանները, այցելել է Նախիջեւան, որտեղ նրան օդանավակայանում դիմավորելիս ողջունել են «տարբեր ժողովուրդների տարազներ հագած երեխաները»: Վստահաբար, հայկական տարազով որեւէ մեկը չի երեւացել տիկին Կալմի-Ռեյին դիմավորելիս, իսկ Ջուղայի խաչքարերի ոչնչացման հանցագործության մասին համառ լռություն պահպանող միջազգային հանրությանը հրամցվում են ադրբեջանական կողմի դատողությունները 9-ամյա երեխայի սպանության դեռեւս չպարզված հանգամանքները` «հայ դիպուկահարի կրակոցի» զոհ ներկայացնելու ձեւով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ