Բեյրութում հայտարարել է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անցնող օրերին հյուրընկալվել էր Լիբանանի երկու հեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում:
«Այսօր, երբ տեխնոլոգիները զարգանում են սրընթաց արագությամբ, գիտելիքների տիրապետող երկրները համաշխարհային շուկայում ունեն ակնհայտ մրցակցային առավելություններ: Նման պայմաններում, ուսանողների հետ գործնական հմտությունները կիսելու առումով, համագործակցությունը բիզնեսի եւ կրթական հաստատությունների հետ առանցքային է», ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռալֆ Յիրիկյանը եւ շարունակել. «Անհնար է հասնել բարձր արտադրողականության առանց փոխելու բիզնես-մշակույթը: Արտադրողականության բարձրացումը հնարավոր է միայն, երբ որակը, թիմային աշխատանքը, նորարարությունը, հավատարմությունը, տեր լինելու վճռականությունը եւ ավելի մեծ ջանասիրությամբ աշխատելու պատրաստակամությունը աշխատակիցների համար դառնում են նորմեր»:
«Վիվասել-ՄՏՍ»-ն ձգտում է տարածել բիզնեսի կառավարման` կորպորատիվ պատասխանատվության վրա հիմնված նոր մշակույթ, որը կծառայի հասարակությանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը կարող են դիմակայել ժամանակի մարտահրավերներին` միեւնույն ժամանակ մնալով հայ եւ պահպանելով սեփական ինքնությունը, արժեքները եւ սերը Հայրենիքի հանդեպ», դասախոսությունն ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:
Հաղորդագրությունից տեղեկացանք նաեւ, որ այս տարի եւս, վերոնշյալ յուրաքանչյուր համալսարանից հինգ ուսանող Հայաստան այցելելու եւ «Վիվասել-ՄՏՍ»-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա:
Ա. Մ.