«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2011-03-12 | #44, 2011-03-15 | #45, 2011-03-16


«ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ, ԱՅԼԱՊԵՍ ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՄԳԼՈՏԱԾ ՈՒ ՈՋԼՈՏ»

Վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թվականի գիտական հաշվետվությունը, որտեղ ներկայացված են վիճակագրական ցուցանիշներ բոլոր երկրներում գիտության վիճակի վերաբերյալ: Հաշվետվության համաձայն, 2000-2008 թվականներին գիտական հրապարակումների թվով (հաշվի են առել միայն միջազգային հեղինակավոր ամսագրերը) Հայաստանն աշխարհում գրավում է 70-րդ տեղը, իսկ Կենտրոնական ու Արեւմտյան Ասիայում զիջում է միայն Իսրայելին: 2008-ին Հայաստանի գիտնականները հրապարակել են 544 գիտական հոդված: Հայաստանին հաջորդում են Վրաստանը (328), Ուզբեկստանը (301), Ադրբեջանը (292) եւ այլն: Նախկին Խորհրդային Միության պետությունների մեջ մեր երկիրը գերազանցում է նաեւ Լատվիային ու Մոլդովային: Իհարկե, սրանք հուսադրող ցուցանիշներ են, այդուհանդերձ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանն այդ թվերի վերաբերյալ շատ տեղին արտահայտվեց. «Երբեմն թվերը գրգռում են մեր երեւակայությունը»: Եվ կարծես ի հակադրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվությանՙ Արտեմ Հարությունյանը հավելեց, որ մեզանում պետք է արմատական փոփոխություններ լինեն, այլապես մեր գիտությունը թեեւ չի մեռնի, սակայն կդառնա մգլոտած ու ոջլոտ. «Իսկ նյութական խթանը շատ կարեւոր է»: Գիտությունը մեծ գումարներ է պահանջում, այդ թվում եւ Հայաստանի գիտությունը: «Օրինակ` ամերիկյան համալսարանները կարծես մագնիսի նման դեպի իրենց են ձգում մի վիթխարի գիտական ուժ, ու նույնիսկ Ռուսաստանն իր գիտական ծախսերով 15 անգամ զիջում է Միացյալ Նահանգներին», ասաց Ա. Հարությունյանը: Երեկ նա ու ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ պատմաբանների խորհրդի նախագահ Արտակ Մաղալյանը «Հենարան» ակումբի հյուրերն էին: Ա. Մաղալյաը նշեց, որ երիտասարդ գիտաշխատողների միջին աշխատավարձը կազմում է շուրջ 50 հազար դրամ, որը նրանց համար բավարար չէ. «Կարծում եմ` պատկան մարմինները պետք է հավելումներ անեն»: Իսկ Արտեմ Հարությունյանը նաեւ կարեւորեց մեկ այլ հանգամանք ու դիմեց ուսանողությանը, որ վերջիններս գիտակցեն իրենց պատասխանատվությունն ու ամեն ինչ չգցեն պետության վրա. «Համալսարանում կան ուսանողներ, որոնց կարծես զոռով են մտցնում դասի: Մեր ուսանողները, իհարկե ոչ բոլորը, մամայի, պապայի փողերով ընկնում են համալսարան ու քարանում այնտեղ»:

Գիտության ոլորտում ու գիտության միջոցով հաջողություն ունենալու համար գիտնականները կամ ապագա գիտնակաները նաեւ պետք է օտար լեզուներ իմանան` գոնե ռուսերեն ու անգլերեն: Արտակ Մաղալյանը նշեց, որ գիտական աշխատանքների թարգմանության խնդիր եւս ունեն: «Նույնիսկ դրանց մեջ կան աշխատանքներ, որոնք թարգմանելու եւ ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կունենա հաղթանակ Ադրբեջանի դեմ մղվող քարոզչական ու տեղեկատվական պայքարում», ավելացրեց երիտասարդ պատմաբանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4