«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2011-03-12 | #44, 2011-03-15 | #45, 2011-03-16


«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՖԻԼՄԱՇԱՐ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

Նկարահանում է Գյումրու «Վան» հեռուստաստուդիան

Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ Գյումրու «Վան» հեռուստաստուդիան նկարահանում է ՀՀ 46 քաղաքների եւ մայրաքաղաք Երեւանի մասին պատմող, «Վերածնունդ» ընդհանուր խորագրով փաստավավերագրական ֆիլմերի շարք: Վերջինս յուրատեսակ կինոպատում է այդ քաղաքների ու հանրապետության մարզերի անցյալի, պատմական դրամատիկ շրջադարձերի եւ զարգացման ներկա նոր ու դժվարին ճանապարհի մասին: Ֆիլմաշարը նկարահանվում է «Արմենտել» ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ բաղկացած է 12 մասից, յուրաքանչյուրը 45 րոպե տեւողությամբ: Նախատեսված է մեկ մաս նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ընդհանուր (պատմական ակնարկ, ներկան եւ հանրապետության զարգացման հեռանկարները), մեկ մաս` մայրաքաղաք Երեւանին եւ 10 մաս 10 մարզերի քաղաքներին: Դրանցից յուրաքանչյուրում կներկայացվեն կոնկրետ մի մարզում գտնվող քաղաքներն իրենց անցյալով, ներկայով եւ ապագայի հեռանկարներով: Ամեն քաղաք կներկայացվի իր գույներով, ավանդույթներով ու առօրյայով, իր բնավորությամբ:

«Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու եւ գնահատելու իրենց հնադարյա հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան եւ հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում նախագիծը ներկայացնելիս նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը : Հեղինակների հիմնական նպատակներից մեկը Հայաստանի քաղաքների պատմության եւ ներկայի մեջ այնպիսի փաստերի ու իրողությունների բացահայտումն է, որոնք մինչ այժմ կամ անհայտ, կամ քիչ լուսաբանված են եղել Հայաստանում եւ Սփյուռքում: Մյուսը քաղաքների ու մարզերի բնական եւ պատմաճարտարապետական հուշարձանների բացահայտումն ու ներկայացումն է հանրությանըՙ ընդգծելու Հայաստանի, որպես հնադարյան եւ վաղքրիստոնեական քաղաքակրթության օրրանի դերն ու կարեւորությունը, նրա զբոսաշրջային գրավչությունները:

Ինչպես լրագրողներին տեղեկացվեց, նկարահանումներն ավարատված են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերում: Նկարահանվել են այդ մարզերի բոլոր քաղաքները, կարեւոր պատմական նշանակություն ունեցող վայրերը, նկարահանումների ընթացքում տեղի ունեցած հանդիպումները հետաքրքիր, նաեւ բացառիկ ունակություններով օժտված մարդկանց հետ: Նկարահանումներ են կատարվել նաեւ Անիում, Կարսում, այլուր:

Ձեռնարկի տեղեկատվական հովանավորներն են www.pres.am եւ www.slaq.am լրատվական կայքերը: Ֆիլմաշարի առաջին ցուցադրությունը կկայանա անկախության 20-ամյակի տոնակատարության օրերին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4