ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ժառանգության» ներկայացուցիչները երեկ ավելի պարզություն մտցրեցին իրենց առաջնորդի հայատարարած հացադուլի պահանջների առումով` նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ընդդիմության միասնական օրակարգի ձեւավորում: Ճիշտն ասած` ՀԱԿ-ի վերջնագրի առիթով գրել ենք, հիմա էլ կրկնում ենք, որ մի խումբ մարդկանց ցանկությունները, ովքեր էլ լինեն այդ մարդիկ, չեն կարող երկրում բախտորոշ ինչ-որ գործընթացների սկիզբ լինել: «Ժառանգության» երկու պահանջն էլ քննարկենք, հասկանալու համար, թե Րաֆֆին որքա՞ն ստույգ լուծումների համար է իր առողջությունը վտանգում: Սկսենք ընդդիմության միասնական օրակարգից. այդպիսի օրակարգ միակողմանի ցանկությունների արդյունքում չի կարելի ձեւավորել: Հայաստանում անգամ ընդդիմությունը տարբեր շահեր եւ մրցակցության տարբեր դրդիչներ ունի: Օրինակ` ՀԱ՞Կ-ն է գալու-միանալու «Ժառանգությանը», թե՞ «ժառանգությունն»է գնալու-միանալու ՀԱԿ-ին, կամ ով-ում օրակարգն է ձեւավորելու. եթե նայենք այս երկու միավորների միայն ղեկավարներին` նրանք իրենց հավակնություններով միայն իրար հակացուցված են: Նախ` որ Տեր-Պետրոսյանի ամբիցիաները նրան թույլ չեն տալիս անգամ իր իսկ ղեկավարած կառույցում հանդուրժել այլ, իրենից գործոն ներկայացնող անհատականությունների, էլ ուր մնաց, որ նա «Ժառանգության» ղեկավարին հանդուրժի, այս իմաստով Րաֆֆին եւ Տեր-Պետրոսյանը չեն կարող միասնական օրակարգ ձեւավորել: Էլ չասած, որ ազգային խնդիրներում շատ դեպքերում նրանք տարբեր մոտեցումներ ունեն: Բավական է հիշել հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ հենց սկզբում Հովհաննիսյանը բացասական վերաբերմունք ուներ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի: Բացի դրանից, միշտ կա միակ եւ անկրկնելի առաջնորդ, նախագահի ապագա թեկնածու լինելու խնդիրը, որը Տեր-Պետրոսյանը 1 սմ անգամ չի զիջի Ր. Հովհաննիսյանին, հենց թեկուզ հիշենք «Ժառանգության» հետմարտիմեկյան համագումարը, որտեղ Տեր-Պետրոսյանը եկավ եւ գիտակցաբար զրոյացրեց այդ համագումարի օրակարգը, սա մի՞թե կարելի է տեղավորել հավասար գործընկերության հարթությունում:
Իսկ եթե իրեն ընդդիմադիր հռչակած մյուս միավորի` ՀՅԴ-ի ներկայացուցիչներին ես լսում, ապա վերջիններս բոլորովին դեմ են երկրում ապակայունացմանը եւ ընտրական իրավունքի շարժում ստեղծելու հեռահար նպատակակետն էլ հերթական ընտրություններն են. է, եթե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» արտահերթ ընտրություններ են ուզում, ՀՅԴ-ն` հերթական, էլի այստեղ չի կարող միասնական ընդդիմադիր օրակարգ ձեւավորվել, մանավանդ նաեւ ֆիզիկապես անհնար է հիշողությունից ջնջել իննսունականներին ՀՅԴ-ի հետապնդումները Տեր-Պետրոսյանի կողմից: Վերը նշված եւ բազմաթիվ այլ պատճառներով ընդդիմությունը չի կարող միասնական օրակարգ ձեւավորել, հետեւաբար` համախբել բոլոր ընդդիմադիր զանգվածներին եւ հավաքել այն կրիտիկական զանգվածը, որն իրավասու կլիներ պահանջել արտահերթ ընտրություններ, եւ դրան ականջալուր կլիներ իշխանությունը: Միայն այդպիսի զանգվածի դեպքում կարող է «Ժառանգության» եւ Ր. Հովհաննիսյանի երկու պահանջն էլ իրագործման համար մարմին ստանալ, իսկ այս իրավիճակում, 10-15 հազար հանրահավաքավորով դա հնարավոր չէ` ով ուզում է հացադուլ անի, ով ուզում է վերջնագիր ներկայացնի: Ուրեմն` իզուր է իր խարիզմով ժողովրդի համար ընդունելի Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգում իր առողջությունը, մանավանդ որ այդ առողջությունը նրան պետք է լինելու քաղաքական հետագա պայքարի համար: Գումարած, որ նրա հացադուլին արձագանքները միանշանակ չեն. գուցե հասարակ մարդիկ գնում են «Ազատության» հրապարակ, քաջալերիչ խոսքեր են ասում Րաֆֆուն, իսկ քաղաքական գործիչների պահվածքի մեջ երեկ կար ե՛ւ խանդ, ե՛ւ չարախնդություն, ե՛ւ անլրջություն...Խանդ այն պատճառով, որ հացադուլով Րաֆֆին փաստորեն ստվերում է Տեր-Պետրոսյանի վերջնագիրը, ու հնարավոր է` ինքնազոհության երեւույթով ավելի ընդունելի կերպար դառնա մարդկանց համար: Չարախնդություն, քանի որ շատերը չկան, որ կարող են հանուն սկզբունքների այդպիսի քայլի գնալ` տաքուկ տեղերում նստած խնդմնդում եւ խորհուրդներ ու ողջույններ են հղում Րաֆֆուն: Անլուրջ վերաբերմունքի, հումորի ու սարկազմի դրսեւորումներ էլ կային իշխանավորների կողմից, քանի որ նրանք իրենց պաշտոնների վերեւից չեն կարող պատկերացնել հասարակ մարդու օրվա տանջանքն ու հիասթափվածությունն իրենցից, իրենց վարած «սոցիալական» քաղաքականությունից: Ի՞նչ է մնում ՀԱԿ-ին` որ, ինչպես ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանն էր պնդում, Րաֆֆու արածից ավելի ռադիկալ պահանջներ դնի այսօրվա հանրահավաքում: Մի հանգամանքի վրա եւս կուզեինք ընթերցողի ուշադրությունը հրավիրել` նկարագրելով մի սցենար, որի մասին համենայն դեպս այսօր խոսվում է իշխանական կուլիսներում. ՀԱԿ-ի վերջնագիրն ու մարդաշատ հանրահավաք հավաքագրելու ձգտումը, Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀԱԿ-ի գործելակերպից ավելի ազդեցիկ գործելակերպ որդեգրելու երեւույթը տեղավորվում են այդ խոսակցությունների ծիրում, միայն ասենք, որ մենք այդպիսի տարբերակներին դեմ ենք, քանի որ այդպիսի սցենարները Հայաստանը հետ են մղում: Իսկ ըստ այդ սցենարի` իշխանությունը համաձայնում է ՀԱԿ-ին բավական մեծ տոկոսով անցկացնել խորհրդարան, այդ դեպքում «Ժառանգության» «պռախոդն» է փակվում` նրան ուզում են ոչ մի կերպ խորհրդարան չթողնել, ՀՅԴ-ին, ուզեն թե չուզեն իր տոկոսը տալու են, քանի որ իր սուղ ընտրազանգվածն, այնուամենայնիվ, այս կուսակցությունն ունի (ասում են` նրան 7 տոկոս են ուզում «բախշել»): Այս սցենարի դեպքում իշխանությունն առնում է ՀԱԿ-ի սիրտը, բայց եթե ՀԱԿ-ն ու նրա առաջնորդն ավելի մեծ հավակնություններ ունենան` «Ժառանգության» հացադուլով, բավական ճանաչված խորհրդարանականներով, ԱՊՊԱ-ի եւ փողոցային առեւտրի շուրջ ստեղծած աղմուկով միշտ էլ կարելի է շրխկացնել ՀԱԿ-ի գլխին` նրան իր տեղը ցույց տալով: Ասում ենք` այս սցենարը եւ համանման սցենարները երբեք մեր սրտով չեն, մենք կողմնակից ենք նորմալ, ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ ընտրությունների, ինչը սակայն վերջին տարիներին չենք տեսել, ու վստահ չենք, որ այսպիսի սցենարները չեն իրականանա: Եվ կողմնակից ենք, որ իշխանությունը վերջապես զանազան հնարամիտ սցենարներ մտմտալու փոխարեն` իր ժամանակը տրամադրի մեր կյանքը բարելավելու ելքերի որոնմանը: Ու կուզեինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկորցներ առողջությունը` անիրատեսական պահանջների պատճառով: