«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՄԲ

«Ստատուս քվոն տարբերակ չէ», մարտի 15-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: ԵՀ, նաեւ Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվությամբ, Եվրոմիությունն, ի դեմս Բարոզոյի, իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Եվրոմիությունը, ըստ Բարոզոյի, լրջորեն մտահոգ է շփման գծում տեղի ունեցող զինված միջադեպերի, «տարածաշրջանում շարունակվող սպառազինման» առնչությամբ: «Հակամարտության ձգձգումը հիմնական խոչընդոտն է տարածաշրջանի զարգացման համար», նշել է Բարոզոն, ավելացնելով. «Եվրոմիությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, կշարունակի խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը, բարիդրացիական հարաբերությունները Արեւելյան գործընկերության բազմակողմանի քննարկումներում»:

Բարոզոն նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ընդգծելով, որ ԵՄ-ն այս հարցում էլ իր աջակցությունն է բերում: «Մենք քաջալերում ենք երկու երկրներին էլ շարունակել իրենց մասնակցությունն այս պատմական գործընթացին: Ես վստահ եմ, որ ապագայում դրա համար նոր հնարավորություններ կլինեն», ասել է Բարոզոն:

Բարոզոն ողջունել է Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առեւտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաեւ կառուցվածքային վարչական կարողությունների ուժեղացմանը:

Բարոզոն նաեւ նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Բարոզոն հայտարարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ բանակցությունները սկսելու մասին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4