«Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ընկերությունը մեկ ժամ ուշացրել է իր չվերթերը, ինչը յուրօրինակ բողոքի նշան է եղել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարձր սակագների դեմ»: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում, որտեղ նաեւ ասվում է. «Խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունը երեք անգամ թանկ է մոսկովյան օդանավակայանների ծառայություններից, իսկ միջինում 2 անգամ եվրոպականից (Փարիզՙ 1,5 անգամ, Հռոմՙ 2,5): Ամբողջ աշխարհում բազային օդանավակայանն ունենում է լավագույն պայմանները, ի տարբերություն այլ օդանավակայանների: «Արմավիա»-ն, լինելով ազգային փոխադրամիջոցը, չունի բարելավված պայմաններ, չնայած իրականացնում է ամսական մոտ 500 չվերթ: Ավելին, այդ պայմանները նույնն են նաեւ ամսական 4 չվերթ իրականացնող ընկերությունների համար: Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակում «Արմավիա» ընկերությունը, լինելով Հայաստանի ազգային փոխադրամիջոցը, չի կարող չդիմել այդ քայլին հանրության, մասնավորապես, ուղեւորների ուշադրությունը գրավելու համար, քանի որ օդանավակայանի ծառայության բարձր գները թույլ չեն տալիս ընկերությանը նվազեցնել ավիատոմսերի գները: Միեւնույն ժամանակ, չնայած այդ բարձր գներին, «Զվարթնոց» օդանավակայանը դիմել է խիստ միջոցների` դադարեցնելով «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը, ընկերության ընթացիկ պարտքերի չմարման պատճառով: Մինչդեռ, համաշխարհային փորձի համաձայն, ընթացիկ պարտքը մարվում է հաջորդ ամսին: Չնայած «Արմավիայի» պարտքը կրճատվել է 20 տոկոսով, օդանավակայանը պահանջում է մարել ամբողջ պարտքը նախօրոք: Այս քայլով ընկերությունը փորձում է իջեցնել իր ավիատոմսերի արժեքը: Իսկ դա տեղի կունենա միայն զիջումների ու բանակցությունների, այլ ոչ շանտաժի ճանապարհով, ինչն էլ ավելի է շահարկում ընկերության բաժնեթղթերի իբր թե վաճառքի մասին լուրերը: Ընկերությունը չի վաճառվում, այլ ընդհակառակըՙ ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը, թարմացնում իր ավիապարկը, ինչը դուր չի գալիս «մեր ժողովրդի թշնամիներին», ասված է հաղորդագրությունում:
Հ. Ա.