Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի եւ ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի եւ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջեւ կնքված համաձայնագրի մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հաղորդեցին բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը եւ ֆինհաշտարար Փիրուզ Սարգսյանը :
Ֆինանսական հաշտարարը հայտնեց, որ կնքված համաձայնագրով երկու կառույցների միջեւ տեղեկատվություն կփոխանակվի եւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում (ԱՊՊԱ) կհամատեղվեն ջանքերը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Փիրուզ Սարգսյանը նշեց, որ ֆինանսական համակարգի հաշտարար գրասենյակ ԱՊՊԱ գործընթացի կապակցությամբ անցած 2 ամսվա ընթացքում 29 բողոք է եղել, սակայն գրավոր դիմել են միայն 2-ը: Ֆինանսական հաշտարարն ասաց, որ եղել են դեպքեր, երբ զանգելով ֆինհաշտարարի գրասենյակ, մարդիկ խնդրում են գալ վթարի վայր: Այդ ժամանակ նրանց բացատվում է, որ նման դեպքերում նախ պետք է դիմել ապահովագրական ընկերություն:
Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը չափազանց կարեւոր համարեց ֆինհաշտարարի հետ համագործակցության համաձայնագիրը, ասելով, որ սա բյուրոյի կողմից կնքվող նման առաջին համաձայնագիրն է: «Տուժողների իրավունքների պաշտպանության հարցում մենք ունենք համագործակցության եզրեր», ասաց գործադիր տնօրենը, ավելացնելով, որ տուժողները նախ պետք է դիմեն ապահովագրական ընկերություն, եթե նրա պատասխանը չի բավարարել քաղաքացուն, ապա նա պետք է դիմի ավտոապահովագրողների բյուրո, իսկ եթե բյուրոյի գործողությունները նույնպես չեն բավարարում, ապա քաղաքացին կարող է դիմել ֆինանանսական հաշտարարի գրասենյակ:
Վահան Ավետիսյանը հայտնեց, որ մինչ այժմ բյուրոն 150-ից ավելի զանգեր եւ բողոքներ է ստացել, որոնք արագ լուծում են ստացել: 3 փորձաքննություն է կատարվել եւ 14 ստուգիչ փորձաքնություն: Ստուգիչ փորձաքննությունները, ըստ Վահան Ավետիսյանի, նշանակում են, որ ապահովագրական ընկերությունների փորձագետները ճիշտ չեն իրականացրել փորձաքննություն եւ բյուրոն նշանակել է ստուգիչ փորձաքննություն:
Խոսելով ԱՊՊԱ գործընթացի ներկա փուլի մասին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս ապահովագրվել է տրանսպորտային միջոցների 83 տոկոսը, 3 տոկոսը հանվել է հաշվառումից, 14 տոկոսը ապահովագրված չէ: 2 ամսվա ընթացքում 83 տոկոս ապահովագրության մակարդակը Վահան Ավետիսյանը բավարար ցուցանիշ համարեց, նկատի ունենալով, որ շատ այլ երկրներ այս ցուցանիշին հասել են 6 ամսում: Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում կհասնենք 90 տոկոս ապահովագրության մակարդակի:
Հայաստանի ավտոապահովագրության բյուրոյի տնօրենի կարծիքով, հասարակությունը շատ արագ ընդգրկվեց ԱՊՊԱ գործընթացում եւ դրա վկայություններից է նաեւ այն, որ ապահովագրական ընկերությունները ներկայումս 55-60 տոկոս վնասաբերություն ունեն:
Խարդախությունների մասին տրված հարցին պատասխանելով, Վահան Ավետիսյանն ասաց, որ վտանագավոր իրավիճակ այս հարցում չունենք: Տարբեր երկրներում այս գործընթացի մակարդակը 5-35 տոկոս է: Իսկ զեղծարարներին բյուրոյի տնօրենը հիշեցրեց բոնուս-մալուսների համակարգի մասին, որը կսկսի գործել երկու տարուց, եւ որի դեպքում կարգապահ վարորդներն ավելի քիչ կվճարեն ապահովագրավճար, իսկ կարգազանցներըՙ ավելի շատ:
Ապահովագրավճարները առաջիկայում բարձրացնելու հավանականություն չկա: Ըստ Վահան Ավետիսյանի, ապահովագրական ընկերություններն այս պահի դրությամբ 500 մլն դրամ փոխհատուցում են վճարել, ավելի քան 600 մլն դրամ էլ վճարման փուլում է: Վճարման ժամկետը սահմանված է 12-17 աշխատանքային օր: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ իրենց նախնական կանխատեսումները մի շարք ցուցանիշների առումով իրականանում են: Մասնավորապես, կանխատեսվել էր 10-12 մլրդ դրամի ապահովագրավճարներ, վճարվել է 10 մլն դրամ, կանխատեսվել էր օրական 50 պատահար, արձանագրվում է 58 պատահար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ