Սերժ Սարգսյանի որակապես նոր քայլը, կամ...
«Միլլի մեջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցեագրված Ձեր հայտարարությունն անկեղծորեն հուզեց ինձ: Հուզեց երկու պատճառով: Նախ, որովհետեւ կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժողովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկնոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ», այսպես է արձագանքել Հայաստանի նախագահը ադրբեջանցի պատգամավորի` Սերժ Սարգսյանին եւ նրա կնոջն ուղղված կոչին, թե «թույլ մի՛ տվեք ձեր ժողովրդինՙ սպանել երեխաներին»:
Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է արձագանքել այդ կոչին. «Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ»: Ըստ այդմ, Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ եթե Մուրադովային հաջողվի խոսակցության բռնվել հայ ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, «նրանք անկեղծության պահին անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը»: «Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձե՛ք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպագանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատմություններ» կհրամցնի Ձեզ, Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետեւ իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել», ասել է իր պատասխանում Սերժ Սարգսյանը:
«Այո՛, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք», նշել է Սարգսյանը, ավելացնելով. «Միասին: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին»: Բայց դա անելու համար, ըստ Հայաստանի նախագահի, նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, «պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առարկա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով»:
«Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայրերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում», նշել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ադրբեջանցի խորհրդարանականին իր արձագանքը եզրափակել է այսպես. «Թեեւ իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձագանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր հիշատակած մանկասպանության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանաք մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար»:
Այսօրինակ արձագանքը, այն էլ նախագահի մակարդակով, ըստ էության, հերթական մի հայտարարության, որ հնչել է ադրբեջանական քարոզչության ողջ ազդեցության կնիքով, հաստատապես պատահականության կամ պատեհապաշտության դրսեւորում չէ: Իսկ թե այս արձագանքը նոր որակի կամ ձեւաչափի «դիվանագիտություն» կարո՞ղ է լինել, ցույց կտա ժամանակը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ