«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2011-03-16 | #46, 2011-03-17 | #47, 2011-03-18


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ ՉԷ... ԱՌԱՅԺՄ

Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը իր վերջին նիստում հավանություն է տվել Հարեւանության ծրագրի վերանայման զեկույցը ինչպես արեւելյան, այնպես էլ հարավային ուղղությունների կտրվածքով: Բրյուսելում տեղի ունեցած նիստում հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ է ընդունել զեկույցը, որում Արեւելյան գործընկերության առումով, ինչպես արդեն իսկ հայտարարել է զեկույցի հեղինակ, լեհ խորհրդարանական Մարեկ Սավիցը, հանձնաժողովի անդամները չեն կարողացել գալ ընդհանուր համաձայնության, թե արդյոք պե՞տք է արեւելյան գործընկերներին ԵՄ-ին անդամության հեռանկար տրամադրել:

Այդպիսով երկու շաբաթից արդեն Եվրոխորհրդարանի քննարկմանը դրվելիք խորհրդարանական բանաձեւում որեւէ կերպ չի նշվում հեռանկարում գործընկերների` ԵՄ-ին անդամության հավանականությունը: Ու թեեւ անդամության հեռանկարն ավելի մեծ խթան է համարվում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման համար Արեւելյան գործընկերության երկրներում, այդուհանդերձ բանաձեւի նախագծում Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները բավարարվել են «ԵՄ-ը շեշտում է եվրոպական հեռանկարը» ձեւակերպմամբ:

Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության առումով ԵՄ մոտեցումների վերանայմանը, ապա այս պարագայում բանաձեւի նախագիծը նշում է, որ նորացված հայեցակարգի համաձայն կսահմանվեն առավել հստակ ցուցանիշներ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների համար, որոնց հասնելու դեպքում միայն գործընկեր երկրները կարող են ԵՄ առավել մեծ աջակցության հույս ունենալ:

Արեւելյան գործընեկրության մասնակից երկրներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրանիայից սպասելիքները տարբեր են, ուստի ուկրաինական իրականությունում առավել շատ հույսեր ունեին ԵՄ-ին արագ անդամակցելու առնչությամբ, որոնց էլ թերեւս ուղղված է սպասվող բանաձեւի նախագծի փոփոխված ձեւակերպումը:

Մյուս կողմից, Արեւելյան գործընկերության մասնակից երկրներից Բելառուսի հետ խորհրդարանական ձեւաչափում համագործակցության առումով առաջացած խնդիրները եւս կարող էին մտահոգություն առաջացնել ԵՄ-ում: Մնացյալի դեպքում ըստ էության գործում է դեռեւս անցյալ տարի արված հայտարարոթյունն առ այն, որ առաջիկա տասը տարում Արեւելյան գործընկերության երկրներից որեւէ մեկի` ԵՄ-ին անդամության հարց չի քննարկվի:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4