Ճապոնական «Շիմիցու» ընկերությունը Հայաստանում ուսումնասիրություն է կատարել, ինչի արդյունքները ցույց են տվել, որ աղտոտիչ նյութերը չեն վերամշակվում եւ ուղղակիորեն թափվում են գետերի մեջ: ԵԱՀԿ-ի գնահատմամբ` պոլիէթիլեն տերեֆտալատից պատրաստված պլաստիկ տարաները, շշերն ու տոպրակները Հայաստանում ջրի աղբյուրների հիմնական աղտոտիչներն են, որոնք վտանգավոր են առողջության համար: Պլաստիկ շշերի ծավալներն այստեղ աճում են բավականին արագ, ջրի, ոչ ոգելից խմիչքների, կաթնամթերքի ու այլ ապրանքների սպառման աճին զուգահեռ: Մեր երկրում տարեկան կուտակվում են պոլիէթիլեն տերեֆլատից պատրաստված ավելի քան 5000 տոննա թափոններ: Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ստորագրվեց մի համաձայնագիր, որով մեկնարկեց Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակումը խթանող ծրագիրը: Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման , ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ «Էկո-ինջինիրինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանը հայտարարեցին այդ համատեղ ծրագրի մասին: Ջաթինդեր Չիմանը նշեց, որ 2 տարվա ընթացքում պետք է հասնել նրան, որ մինչեւ 3000 տոննա պլաստիկ թափոններ հավաքվեն ու վերամշակվեն. «Սրանք մեծ պլաններ են, սակայն թեկուզ փոքր քայլերից պետք է սկսենք մաքրել միջավայրը»:
Համաձայնագրի ստորագրմանը երեկ ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը , որը եւս կարեւորեց նման ծրագիր սկսելու անհրաժեշտությունը: Նախագիծը նաեւ կնպաստի, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն: Սկզբնական փուլում նախագիծն իրականացվելու է Երեւանում, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի ու Շիրակի մարզերում: Այնուհետեւ, կախված արդյունքներից, ծրագիրը կընդգրկի նաեւ մյուս վայրերը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 540 հազար դոլար, որի 80 տոկոսը տրամադրում է Միջազգային զարգացման գործակալությունը, 20 տոկոսը` ՄԱԶԾ-ն: Իսկ «Էկո-ինջինիրինգ» ընկերությունը կներդնի 1,5 միլիոն դոլար, սակայն այն պայմանով, որ պլաստիկ թափոնների հավաքումը տարեկան հասցվի մինչեւ 3000 տոննայի:
Ի. Պ.