«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2011-03-16 | #46, 2011-03-17 | #47, 2011-03-18


«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ»-Ը ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻԱՅԻՆ»

«Արմենիա» միջազգային օդանավակայանների» հանրային կապերի բաժինը երեկ հետեւյալ հաղորդագրությունն է տարածել ի պատասխան «Արմավիա» ավիաընկերության նախօրեին տարածած հաղորդագրության.

«Հայտնում ենք, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005թ.` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման մաստեր պլանը եւ առ այսօր չեն փոփոխվել:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը, որ ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը:

Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշենք, որ «Արմենիա» միջազգային օդանավակայանները» ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունից եւ վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձեւի: Ընդ որում, ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը ցավում է ուղեւորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար եւ հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4