«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2011-03-16 | #46, 2011-03-17 | #47, 2011-03-18


ԱՊԱԿԵ ՏԵՍԻԼՔՆԵՐ

Գեղավեստական ապակեգործությունը մեր թանգարանների ցուցասրահներում հազվադեպ ներկայացվող արվեստի տեսակ է: Նման ամբողջական ցուցադրություն մեզանում թերեւս միայն Գաֆեսճյան արվեստի կենտրոնում է ներկայացվածՙ առաջին հարկի սրահիՙ Ջ. Գաֆեսճյանի անձնական հավաքածոյի ցուցադրությամբՙ ձեւի ու մատուցման եղանակով եզակի:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացման առաջին ցուցադրություններից մեկըՙ չեխ արվեստագետներՙ Լիբենսկի-Բրիխտովայի ապակուՙ ծավալատարածական աբստրակտ ձեւերի գեղարվեստական արտահայտությունն էրՙ բովանդակային տարաշերտերով:

Այս օրերին (մարտի 13-մայիսի 8) Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ներկայացված է դիզայներ, ապակեգործ եւ նկարիչ Հենրիկ Նիկոյանի «Տեսիլք» ցուցահանդեսը:

Կիրառական առարկաների գեղարվեստականացումը դեկորատիվ արվեստի հիմնական մոտիվներից է, որն այս ցուցադրության մեջ անհամեմատ քիչ տեղ է զբաղեցնումՙ մի քանի ծաղկամաններ, սկահակներ, սկուտեղներ: Հիմնականում դեկորատիվ նշանակությամբ կոմպոզիցիաների երկրաչափական պատկերներըՙ նկարազարդված ու գունավորված, որոնք ապակու անհաղորդ աշխարհը լցնում են գույնզգույն ու խաղացկուն «մակերեսներով», իմաստային տարբեր բովանադակություններով:

Գեղավեստական ապակեգործության մեջ տեխնոլոգիական մեթոդները կարեւոր տեղ ունեն, ու դրանց նրբությունները յուրացնելու ու տիրապետելու մեծ ճանապարհ է անցել Հենրիկ Նիկոյանը: Ծնունդով գյումրեցի է նա, նախ Գյումրիի գեղարվեստի դպրոցում է սովորել, ապա 1956-ին մեկնել Լենինգրադ, ուսանել Մուխինայի անվան բարձրագույն գեղավեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղավեստական ապակեգործության եւ խեցեգործության բաժնում: Գեղանկարչության, խեցեգործության եւ ապակեգործության մեջ նրա փորձերն ու որոնումները առավելություններ տվեցին վերջինիս: Նյութի ընտրությունը, եղանակներն ու մեթոդները պայմանավորում են ստեղծագործությունների ընդհանուր բնույթը, որպես հումք օգտագործվում է հիմնականում գունավոր եւ սուլֆիդային ապակին եւ բյուրեղապակու ջարդոնը, կիրառում է գունավոր ապակու մշակման ազատ փչման մեթոդը: Ներկայացված գործերը թվագրված են 1967-2006 թվականներովՙ կարելի է ասել տեխնիկապես ու գեղարվեստորեն իրարից շատ չտարբերվող:

Ցուցանմուշների ընդհանուր մթնոլորտը տարրալուծված է օդային բաց միջավայրին, տեղ-տեղ գունային սփռումները իսկապես թափանցիկ տեսիլքի տպավորություն են ստեղծում:

Տեխնիկական հատուկ մեթոդներով ստացված տարաձեւերը, ակնահաճո լինելուց զատ, իրենց ողորկ մակերեսների ու ծավալների մեջ ուշագրավ են բովանդակային զարգացումներով: Դրանք մարմնավորում են արվեստագետի հուզական ու մտային վերաբերմունքները, տագնապներն ու մտահգություններըՙ ժամանակի ու տիրող իրականության, Երկիր մոլորակի ու նրա ճակատագրի, վտանգված օզոնային շերտի, այրվող, ոչնչացվող բնատարածքների հանդեպՙ «Տեւտոնիկ ճեղքվածք», «Այրված մոլորակ», «SOS... օզոն», «Երեք սպառնալիք»: Թեմատիկ այս շարքում առաձնանանում է թափանցիկ, անգույն գնդավոր մի ծավալ, այն հեռվից անգամ գայթակղիչ է եւ կոչվում է «Արգելված պտուղ»: Թեմատիկ մտահղացումների մեջ 1988-ի ազգային կյանքի վերելքը խորհրդանշող գաղափարները մարմնավորված են եռագույնի միջոցով, եւ դրանց զուգընթերՙ մռայլ ողբերգական գույներն այդ նույն ժամանակաշրջանի (երկրաշարժ, Սումգայիթ) թանձր, խիտ շերտեր են գոյացրել:

Իրենց գունային տոնայնությամբ ու ձեւի փխրուն, նուրբ լուծումներով շատ գեղեցիկ են նայվում մի շարք առարկաներ, ինչպեսՙ «Արեւածաղիկ» հավաքածուն, «Անտառը», «Գետակը», «Ֆանտաստիկ բույսը», «Կակաչը» եւ այլն. սա բնության հանդեպ նրա սիրո դրսեւորումն է: Ապակու ողորկ մակերեսներին, նրա տարատեսակներիՙ փոշու ու ջարդոնի միախառնումով գունային տեքստեր են գոյանումՙ բոսորագույնի, լազուրի, մանուշակագույնի, կանաչի տրամադրությունների բազմազանությամբ: Աշխատանքները նաեւ տեխնոլոգիական մեթոդներով են տարբերՙ ծավալային ներքին փոփոխություններով. հիմնական ծավալի մակերեսինՙ ծավալային ելուստների գոյացում, փակ ծավալի մեջ ծավալային ուրիշ տարրեր, կամ նոր ծավալ փակ ծավալի ներքնապատին, կրկնակի ծավալների կիրառում եւ այլն:

Սամվել Նիկոյանը իր վարպետությամբ գեղավեստական ապակեգործության մեջ հայկական ներկայությունն է հաստատում: Ցուցադրված գործերը, բացառությամբ երկուսի, Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուին են պատկանում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4