«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ԱԺՈՒԲԱԼԻՍԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆԸ

ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանում է, իսկ ադրբեջանցի դիպուկահարը եւս մեկ զինվոր է սպանում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պարզվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը էմոցիոնալ մարդ է եւ պատրաստ անգամ այդ դիրքերից էմոցիոնալ առաջարկություններ անելու, այն էլ հակամարտությունների առնչությամբ: Երեկ Երեւանում հանդիպելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` Աժուբալիսը, ինչպես հանդիպմանը հետեւած ասուլիսում հայտարարեց ինքը` Լիտվայի ԱԳ նախարարը, Հայաստանին առաջարկել է առաջինը շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

«Միգուցե Հայաստանն առաջինը, միակողմանի կերպով հետ քաշի դիպուկահարներին, իմ առաջարկն ավելի շուտ ինպրովիզացիոն բնույթ ուներ», ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահն, ավելացնելով, որ այդպիսի առաջարկն ավելի շուտ էմոցիոնալ հարթությունից է, թեեւ կարծում է, որ «դա Հայաստանի բարի կամքի լավագույն օրինակը կլիներ»:

Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը եւս արձագանքեց դիպուկահարների առնչությամբ հարցին, որին Հայաստանին արված էմոցիոնալ առաջարկի մասին տեղեկացնելովՙ պատասխանել էր ԵԱՀԿ գործող նախագահը: Ըստ Նալբանդյանի. «Քանի որ սա բավական զգայուն հարց է, ես կցանկանայի հավելել եւ այդ կապակցությամբ հիշեցնել, որ վերջին երկու տարիների ընթացքում շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչերին... թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դրական են արձագանքել` ինչպես դիպուկահարների դուրսբերման, այնպես էլ հրադադարի ռեժիմի ամրապնդման, նաեւ միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հետաքննության մեխանիզմի ստեղծման կապացությամբ: Մինչդեռ, նախարարի խոսքերով, «Վերջին շրջանում` թե՛ Սոչիից առաջ, թե՛ Սոչիից անմիջապես հետո, եւ անգամ երեկ (մարտի 17-ին - Ա.Հ.), երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները` դեսպանները, եւ անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները եւս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում»:

Մարտի 17-ին ժամը 14.58-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին էր հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիեւին: Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Արթուր Բադալյանը:

Գերիների փոխանակման ավարտից մոտ մեկ ժամ անց ադրբեջանական կողմից արձակած գնդակի հետեւանքով ղարաբաղցի զինվոր է զոհվել: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրության, մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի արձակած գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:

Այս մասին հիշեցնելով` Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսում ասաց. «Դրա հետ մեկտեղ մեծ աղմուկ են բարձրացնում, առանց հիմնավոր փաստարկների` կապված 9 տարեկան տղայի մահվան հետ, որը անգամ տեխնիկապես անհնար էր, որ լիներ Ղարաբաղի կողմից: Այս բոլոր քայլերը ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանում լարվածության ավելացման պատճառ են հետապնդում: Մենք կողմ ենք, որ այն դրական միտումը, որը առաջացել է Սոչիում հանդիպման արդյունքում, կողմերն օգտագործեն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացը առաջ տանելու համար»:

Վերջին մտքին համակարծություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը: Աուդրոնիուս Աժուբալիսը ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինչին որեւէ այլընտրանք չկա: Իսկ որպեսզի առկա լարվածությունը նվազի, հարկ է, որ նախ հեռացվեն դիպուկահարները: Երկօրյա այցով Երեւան ժամանած եւ տարածաշրջանային այցելությունը նաեւ Վրաստան ու Ադրբեջան այդպիսով եզրափակող Աժուբալիսը նաեւ ընդգծեց, որ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակումը, որ իրականացվել էր երկու նախագահների համաձայնության շնորհիվ: «Ցավոք, ըստ հաղորդումների, սրան հաջորդել է եւս մեկ միջադեպ շփման գծում: Ինչպես ես ընդգծել էի թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում իմ ունեցած հանդիպումների ժամանակ, այս միջադեպերը վերահաստատում են իմ այն համոզմունքը, որ կողմերը պետք է հեռացնեն դիպուկահարներին շփման գծից», ասաց Լիտվայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով, պետք է ուժեղացվի հրադադարի ռեժիմը եւ շարունակվեն վստահություն ձեւավորող միջոցառումները: «Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարվող կարգավորման գործընթացը ապահովում է երկխոսությունը, բայց այժմ եկել է ժամանակը, որպեսզի առաջնորդները բանակցային գործընթացում հասնեն իրական առաջընթացի», Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Հ. Գ. Հարցին, թե Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական վերջին հանդիպումները հասարակության մեջ մտահոգություններ են առաջացնում հայ-ռուսական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության առումով, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4