«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԱԾ, ՆԵՂՄԻՏ, ԿԱՐՃԱՏԵՍ ՈՒ ԻՆՔՆԱՀԱՎԱՆ Է»

Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է հասարակության կոչին

Արդեն 4-րդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը լավ է: «Ազատության» հրապարակ այցելության ժամանակ Հովհաննիսյանը մենակ չէր: Նրա հետ էին կուսակցական ընկերներն ու համակիրները: Նստարանի մի կողմում փոքրիկ հուշանվեր էր` Հիսուս Քրիստոսի պատկերով ու Հայր մերով, մյուս կողմում` Խալիլ ժեբրանի «Մարգարե» գիրքը: Ժառանգության առաջնորդի ինքնազգացողությունը լավ է, իրեն ուժ են տալիս հրապարակ այցելող մտավորականների, հասարակական քաղաքական գործիչների ու համակիրների աջակցությունը:


Րաֆֆի Հովհաննիսյանի հետ «Ազգ» օրաթերթի հարցազրույցի հիմքում ներքաղաքական վերջին զարգացումներն էին:

- Պարոն Հովհաննիսյան, արդեն մի քանի օր համերաշխության կոչ եք անում եւ առաջարկում ձեւավորել միասնական ընդդիմադիր դաշտ: Սակայն երեկ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ Ազատության հրապարակ ու չմոտեցավ ձեզ` ցույց տալով որ ընդդիմադիր դաշտում որեւէ այլ ուժի չի ճանաչում:

- Մենք կողմնակից ենք եղել քաղաքական դաշտի միավորման, հասարակության իրավատիրության, եւ ես չէ, որ պետք է գնահատեմ նախկին նախագահի, նախկին իշխանավորի պահվածքը: Ես ունեմ իմ տեսակետը, շատ հպարտ եմ, որ գտնվում եմ բոլորիս պատկանող Ազատության հրապարակում: Ազատության հրապարակը` պատկանելով բոլորիսՙ վերադարձավ ժողովրդին: Սա ոչ մի անվան չի պատկանում: Եվ եթե ուրիշ որեւէ մեկն ուզում է սեփականաշնորհել այս ժողովրդի իրավունքը, որեւէ ձեւով չի տարբերվում գործող իշխանությունից: Երեկ, երբ ժողովուրդը մեծ լիցքերով մտավ հրապարակ, ես ու իմ գործընկերները կանգնած ողջունեցինք, ծափահարեցինք, ընդառաջ գնացինք: Ես ոչինչ չէի ակնկալում, նույնիսկ չէի մտածում` ով կայցելի կամ չի այցելի: ՀԱԿ-ի որոշ առաջնորդներ չմոտեցան, դա արդեն իրենց խնդիրն է: Սա ոչ թե քաղաքական մշակույթի բացակայություն է, առաջին նախագահն ու իր ընկերները խելացի մարդիկ են, սա քաղաքական դիրքորոշում է, որը արտացոլվեց երեկ հարթակից հերթական անգամ ժողովրդին ուղղված հրահանգներով: Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ եթե շարունակեն իրենց էքսկլյուզիվ մեծամտությունը, հրահանգավորումը եւ բացառիկ երեւալու մոլուցքը, չենք տեսնի արդյունավետություն: Եթե նույն ձեւով է շարունակվելու, իրենք կմտնեն Ազատության հրապարակ` նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով, կգան կխոսեն ու կգնան: Եթե դերերը հակառակ լինեին, եթե դերերով մեկս լիներ հարթակին, մյուսըՙ հացադուլի մեջ, կփորձեի առաջինը իրեն այցելել ու զորակցել: Եթե ես լինեիՙ կմոտենայի:

- Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությամբՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը գուցե ձեզ չէր նկատել:

- Միգուցե 2010-ի մարտի 1-ի հանրահավաքին էլ ոմանք մեզ չէին նկատել (հիշեցնենք, որ այդ օրը Մատենադարանի մոտ տեղի ունեցող ՀԱԿ-ի հանրահավաքին ներկա էր նաեւ «ժառանգություն» խմբակցության ողջ կազմը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, սակայն ՀԱԿ-ի առաջնորդներից որեւէ մեկը նրանց չողջունեց-Հ.Հ.): Մենք ուրիշի չտեսնելով, չարամտությամբ, սարկազմով ու արհամարհանքով չենք առաջնորդվում: «Ժառանգությունն» իր համեստ տեղը գիտի: Արդեն 4-րդ օրն է, որ Ազատության ծոմի մեջ եմ: Լիցքավորվել եմ ամենատարբեր զորակցական խոսքերով ու այցելություններով: Տեղյակ եմ, թե որոշ մարդիկ ինչպիսի զրպարտանք, չարություն եւ հեգնանք են իրենց թույլ տալիս: Ես նրանց ներում եմ:

- Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի առաջնորդի` Ազատության հրապարակում հայտնվելն ու ձեզ չմոտենալը քաղաքական խանդ է: Կարծես ընդդիմադիր թեւում պայքար է գնում, թե ով է ավելի ընդդիմադիր:

- Քաղաքական դաշտը Հայաստանում, այդ թվումՙ ընդդիմադիրը, բարդույթավորված է, նեղմիտ, կարճատես ու ինքնահավան: Ես առաջարկում եմ ինքնազրկանքի իմ համեստ ահազանգով, որ բոլորը դուրս գան բարդույթից եւ հասկանան, որ մենք կունենանք ժողովրդի իշխանություն, եթե առաջնորդվենք նոր բանաձեւով, որտեղ յուրաքանչյուրը կգնա ինքնազրկանքի, թույլ տալով, որ հասարակությունը գնա իրավատիրության ճանապարհով:

- Մարտի 17-ին, երբ ՀԱԿ-ի առաջնորդները մտան Ազատության հրապարակ, «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու համակիրները բղավում էին «Միացում»: Այդ կոչն ուղղված էր Հայ ազգային կոնգրեսի՞ն:

- Ես չէի գոչում, բայց հասկանում էի կոչի իմաստը: Կոչն ուղղված էր ժողովրդին, որը մտել էր հրապարակ: Այդտեղ ո՛չ Րաֆֆի, ո՛չ Լեւոն, ո՛չ Սերժ, ո՛չ մի ուրիշ անուն չկար: Դա ժողովրդի վաստակն ու նվաճումն էր: Մեծ պատրանքների մեջ է ապրում այդ ուժը, հոսանքը` կարծելով, թե ինքը կարող է սեփականացնել, հեղինակության իրավունք վերցնել ժողովրդի արած քայլի եւ իրացրած իրավունքի վրա: Եթե այսպես շարունակվի, հարթակից իրավունքներ հնչեցվեն, իրենք իրենց համար ժողովրդին ծառայեցնեն, չհեռանան սեփական փոքրոգությունից, ոչ մի առաջընթաց էլ չի լինի:

- Չե՞ք կարծում, որ, կոպիտ ասած, կնքվել է գործարք ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ` ընդդեմ «Ժառանգության»:

- Դուք պետք է դիմեք հասցեատերերին: Ես չգիտեմ, չեմ վախենում ասել, որ չգիտեմ: Լինի թե չլինի այդ գործարքը, ողջունում եմ, որ փոխզիջումային մոտեցումներով ոստիկանները քանդեցին պատնեշը, եւ ժողովուրդը մտավ հրապարակ ու իր միտինգը շարունակեց: Մնացյալը ենթադրությունների դաշտ է:

- Ո՞րն է ձեր կոչը հասարակությանը:

- Իմ կոչն այն է, որ ես սպասում եմ հասարակության կոչին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4