«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

Ստորագրվեց համագործակցության հուշագիր երկու երկրների միջեւ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին երեկ հուշագիր ստորագրեցին համագործակցության վերաբերյալ: Մինչ այդ նրանք անդրադարձան ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերին:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ քննարկվել է ճանապարհների կառուցման կոնցեպցիան: Ըստ նախարարի, մեր հարեւանները մեծ փորձ են կուտակել ճանապարհաշինության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում եւ պատրաստ են այն կիսել Հայաստանի հետ: «Հայաստանում եւ Վրաստանում կառուցած ճանապարհները, ուզենք թե չուզենք, դառնալու են տարածաշրջանային նշանակության», նշեց Մանուկ Վարդանյանը, ավելացնելով, որ Հայաստանը ցանկանում է միջազգային չափանիշներին համապատասխանող հյուսիս-հարավ ճանապարհը կառուցել, իսկ Վրաստանըՙ դեպի Սեւ ծով տանող Ախալցխա-Բաթում ճանապարհը: Դրա շնորհիվ զգալիորեն կկրճատվի ճանապարհը դեպի Բաթում: Ինչպես նշեց վրաց նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, այս ճանապարհի կառուցման շնորհիվ Հայաստանից Բաթում գնացող զբոսաշրջիկները այդ ճանապարհը կանցնեն առանց Թբիլիսի մտնելու:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտնեց նաեւ, որ Վրաստանը այս աշնանը կվերականգնի Վերին Լարսի ճանապարհը: «Դա կարեւոր ճանապարհ է ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հայաստանի համար», ասաց Ռամազ Նիկոլաիշվիլին, միաժամանակ նշելով, որ Վերին Լարսի ճանապարհի մասին օպերատիվ տեղեկատվությունը պարբերաբար կփոխանցվի հայկական կողմին: Խոսելով ճանապարհաշինության ոլորտում վրացական փորձի մասին, նա նշեց, որ Վրաստանում ճանապարհների կառուցման համար հայտարարվում են միջազգային մրցույթներ, որոնց հաղթողներին իրենց հետ բերում են իրենց փորձն ու նոր տեխնոլոգիաներն այս ոլորտ: Նա չբացառեց նաեւ հայկական կազմակերպությունների մասնակցությունը վրացական ճանապարհների մրցույթում եւ վրացական կազմակերպություններինըՙ հայկականում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4