«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Հայտարարել է ԼՂՀ նախագահը

Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահող, Լիտվայի արտգործնախարար Աուդրիանուս Աժուբալիսիՙ երեկ Երեւանում 30 րոպե տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց միայն ԼՂՀ նախագահը: Հիշեցնենք` անցյալ տարի ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը նույնպես ԼՂՀ նախագահի հետ հանդիպեց Երեւանում, եւ կրկին ասուլիս տվեց միայն Բակո Սահակյանը : Ինչպես Սաուդաբաեւին, այնպես էլ Աժուբալիսին նախագահ Սահակյանը առաջարկել է այցելել Արցախ` «իրավիճակը մոտիկից գնահատելու եւ եզրակացությունները տեղում անելու համար»: Սաուդաբաեւը անցյալ տարվա ընթացքում չիրականացրեց այդ այցելությունը, Աժուբալիսը թերեւս դեռ ժամանակ ունի:

ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ նախագահողի հետ քննարկել է հիմնականում շփման գծում բոլոր կողմերի մասնակցությամբ համատեղ` հնարավոր միջադեպերի հետաքննության մեջ ԼՂՀ մասնակցության հարցը: Շեշտելով, որ Ստեփանակերտը հակամարտության հիմնական կողմն է, եւ «վաղ թե ուշ պետք է մասնակից լինի խաղաղ բանակցություններին», նախագահ Սահակյանը նշեց, որ ԵԱՀԿ նախագահողին է փոխանցել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` «մասնակից լինել այդ հետաքննություններին». «Այս գործընթացը պահանջում է մշակել հստակ իրավական փաթեթ, եւ մենք պատրաստակամ ենք մասնակցելու այդ փաթեթի մշակման գործընթացներին», ասաց ԼՂՀ նախագահը: Անդրադառնալով կոնկրետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես մարտի 17-ին Ասկերանի դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից զոհված Ահարոն Արմենի Հայրապետյանին, Բակո Սահակյանը նշեց, որ ինքը առաջարկել է ԵԱՀԿ նախագահողին` «խիստ վերաբերմունք» ցուցաբերել միջադեպի պատճառ դարձած կողմին, եթե նույնիսկ միջադեպի պատճառը հայկական կողմերից մեկն է»: Եզրակացնելովՙ ԼՂՀ նախագահը նշեց. «Չի բացառվում, որ Հաաստանը անհրաժեշտ համարի դուրս գալ բանակցություններից, եթե Ադրբեջանը շարունակի իր լկտիությունը` պարբերաբար պատճառ դառնալով հայ զինվորների մահվան»:

Անդրադառնալով Աժուբալիսի` երեկ ՀՀ ԱԳՆ-ում հայկական կողմին արած «հանպատրաստից առաջարկին»` միակողմանի հեռացնել դիպուկահարներին շփման առաջին գծից, Սահակյանը ասաց. «Հայկական կողմերից որեւէ մեկը չի կարող գնալ այդ քայլին` միակողմանի: Հայաստանն, այո, մշտապես հայտարարել է, որ կողմ է դիպուկահարներին շփման առաջին գծից հեռացելու վերաբերյալ միջնորդ կողմերի առաջարկություններին, սակայն մենք չենք կարող դա անել միակողմանի, քանի որ Ադրբեջանը մշտապես աչքի է ընկնում իր ապակառուցողական դիրքորոշմամբ եւ պայմանավորվածությունները խախտելու սովորությամբ»:

Վերջում ԼՂՀ նախագահը, նշելով, որ ինքը ծանոթ չէ ՀՀ նախագահի` Ծաղկաձորում արած այն հայտարարությանը, որով նախագահ Սերժ Սարգսյանը «հանգրվանային» էր որակել Սոչիի մարտի 5-ի հանդիպումը, ասաց. «Մենք այնքան շատ ենք տեսել Ադրբեջանի ապակառուցողականությունը, որ, կարծում ենք, վաղ է խոսել հանգրվանային հանդիպումների մասին», եզրափակեց ԼՂՀ նախագահը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4