ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ մարտի 23-ը որեւէ հրապարակային մեկնաբանություն չեն անի Ղարաբաղին հարակից շրջաններում իրականացված գնահատման առաքելության զեկույցի առնչությամբ: Այդ մասին տեղեկացնում են համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում մարտի 17-ի ուշ երեկոյան հրապարակված հայտարարությամբ:
Ըստ այդմ, համանախագահները տեղեկացնում են, որ իրենց տարածաշրջանային այցելության ընթացքում, որ տեղի ունեցավ մարտի 15-17-ը, զեկույցը ներկայացվել է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, այնպես էլ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին»: Զեկույցի մասին համանախագահները մեկնաբանությամբ հանդես կգան մարտի 23-ին Վիեննայում:
Նշելով, որ տարածաշրջանային այցելության ընթացքում, Երեւանում գտնվելիս հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ, Մինսկի խմբի համանախագահները հայտնում են, որ իրենց հանդիպումներում կոչ են արել կողմերին «օգտագործել Սոչիի հանդիպմանը ստեղծված դրական պահը... եւ կենտրոնանալ առաջնահերթ հարցերի վրա»` հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու հարցում առաջընթաց գրանցելու նպատակով:
Համանախագահները նաեւ կողմերի հետ քննարկել են Սոչիի համատեղ հայտարարության մեջ նշված` 1994 թ. հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության պարտավորությունը իրականացնելու կոնկրետ միջոցները: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Սոչիի հանդիպմանը նախորդած եւ հաջորդած միջադեպերը ցույց են տալիս այդպիսի մեխանիզմի հրատապ անհրաժեշտությունը եւ «կոչ են անում կողմերին հարգել հրադադարը»:
Հիշեցնելով դիպուկահարներին հետ քաշելու նպատակի մասին` համանախագահները ափսոսանք են հայտնել, որ դա չի իրականացվում, եւ կողմերին կրկին կոչ են արել իրագործելու այդ պարտավորությունը, «ինչը կարող է փրկել անմեղ մարդկանց կյանքը»:
Ա. Հ.