Անցկացվեց «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` եզրափակիչ փուլին մասնակցում էր 6 հոգի: Յուրաքանչյուրն իրեն հատկացված 20 րոպեի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրիին ու հանդիսատեսին ներկայացրեց օպերային 3 արիա` հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Արմենպրեսի» փոխանցմամբ` արդեն 6 տարի է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ մրցույթներ է կազմակերպում դասական երաժշտության բնագավառում: Այդ մրցույթների նպատակն է բացահայտել տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ «ՀՀ նախագահի մրցանակը» համակարգող, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը նշել է, որ դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Նրա փոխանցմամբ` նախագահի մրցանակը լրացուցիչ խթան է տաղանդավոր երիտասարդների համար: Իր խոսքում Աիդա Խաչիկյանը նշել է, որ կարեւոր է նաեւ դրամական պարգեւը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին հրապարակելու իրենց ձայնասկավառակները:
Ժյուրիի կազմում ընդգրկված են վոկալի լավագույն մասնագետները: Իսկ նախագահի մրցանակ ստացող անձանց անունները հայտարարվում են նախագահի մրցանակաբաշխության օրը: Այս տարի այն տեղի կունենա մայիսի 30-ին:
Երիտասարդական մրցանակը` վկայագիրը, շքանշանն ու 2500 դոլարին համարժեք դրամը , հաղթողներին հանձնում է հանրապետության նախագահը:
Ի. Պ.