«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2011-03-18 | #48, 2011-03-19 | #49, 2011-03-22


ՄԵՌԱԾ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԻՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ ՎՊ անցկացրած ստուգումների արդյունքները: Առաջ անցնելով ասենք, որ ստուգումներով հայտնաբերված տխուր պատկերը ժամանակին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկուցել է նախագահ Սարգսյանին, նախագահի հանձնարարությամբ Տիգրան Սարգսյանն ազատել է սոցիալական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին (չնայած այն ժամանակ հայտարարվեց, որ Վ. Խաչիկյանն ազատվել էր իր դիմումի համաձայն, բայց այսպես ասաց Ի. Զաքարյանը): Նախագահ Սարգսյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, հանձնարարվել է մինչեւ այս տարվա հունիս ամիսը ծառայության 51 տարածքային կառույցներոում իրականացնել լայնածավալ ստուգումներ` առաջին հերթին մաքրելով ցուցակները եւ վերացնելով խախտումները, որոնց ընդամենը փոքր մասը ներկայացրել է ՎՊ նախագահը: Այդ գործը հանձնարարվել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությանը: Վերջինս 2010 թվականի դեկտեմբերից սկսել է ստուգումները:

Վերադառնալով Ի. Զաքարյանի ներկայացրած մտահոգիչ պատկերին, ըստ որի սոցիալական ապահովության պետական ծառայությունը չի ճշտել պետական մարմիններում եղած կենսաթոշակառուների վերաբերյալ իրական տվյալները, չի համադրել ցուցակները եւ սխալները չի ուղղել, այդպիսով նախադրյալներ է ստեղծել խախտումների համար: Այսպես` ստուգելով ծառայության 51 տարածքներից 14-ը` ՎՊ-ն աղաղակող խախտումներ է գտել. կենսաթոշակներ են վճարվել մահացած, երկրից երկար տարիներ բացակայած մարդկանց` փոշիացնելով պետական բյուջեի կենսաթոշակային գումարները:

Ներկայացվող թվերը վերաբերում են 2008-2009 թվականներին եւ 2010 թվականի 8 ամիսներին` մինչեւ հոկտեմբերի 1-ը, ՎՊ ստուգման պահը: Բյուջեի 30 տոկոսը տանող կենսաթոշակային եւ նպաստային վճարումների այս ոլորտին պետբյուջեից տարեկան հատկացվում է 229 մլրդ դրամ գումար, այնպես որ սա ահռելի մի ոլորտ է: Փաստորեն` սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից միայն 14-ում ստուգումներ անելով եւ ՎՊ-ն ընտրանքային կարգով ստուգելով ընդամենը 8-10-12, մաքսիմում` 15 տոկոս գործեր` հայտնաբերել է փոշիացած միլիոնավոր դրամների գումարներ: 2008, 2009, 2010 թվականներին 8 ամիսների կտրվածքով ՀՀ-ում մահացած կենսաթոշակառուների թիվը 58 921 է եղել: Այդ գործերից ՎՊ-ն ստուգելով 843 գործ, հայտնաբերել է տարաբնույթ 581 խախտում:

Օրինակ` մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար. 2005 թվականի օգոստոսին մահացած Ռոզա Մելքոնյանը 2009 թվականի հուլիսին դիմում է գրել եւ ստացել 1 մլն 24 հազար 404 դրամի դեպոնենտային գումար: 2005 թվականի սեպտեմբերի 2-ին մահացած կենսաթոշակառու Հակոբյանը մահվանից հետո ամեն ամիս... կենսաթոշակ է ստացել մինչեւ ստուգման պահը` մահվանից հետո նրան վճարվել է 1 մլն 100 հազար դրամ: 2008, 2009, 2010 (8 ամիս) թվականներին դեպոնենտ ստացող կենսաթոշակառուների թիվը ՀՀ-ում կազմել է 14 287: Եթե թոշակառուն այստեղ չէ` թոշակները հավաքվում-դեպոնենտացվում են, եւ կենսաթոշակառուն, վերադառնալու դեպքում միայն վերջին երեք տարվանը կարող է ստանալ իր դիմումի համաձայն եւ անձամբ: 14287 դեպոնենտացված թոշակառուների ո՞ր մասն է իրական. ընտրանքային 1656 գործի ստուգման արդյունքում` 1157 խախտում է հայտնաբերվել: Եղել են դեպքեր, երբ դեպոնենտը վճարվել է արդեն վճարված ժամանակաշրջանի համար, այսինքն կատարվել է կրկնակի վճարում, օրինակՙ կենսաթոշակառու Աշոտ Մխոյանին 2008 թվականի հոկտեմբերին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ: Վճարումը կատարելուց 6 ամիս անց նույն վճարման ժամանակի համար կրկին վճարում է կատարվել: Կան դեպքեր էլ, որ դեպոնենտի վճարում կատարելը տեղեկատվական բազաներում չի արտացոլվել, կենսաթոշակառուն նորից է ներկայացվել վճարման, վճարումները միլինանոց գումարներ են, առանձին դեպքերում տարածքային բաժիններից ընդհանրապես բացակայել են կենսաթոշակառուների գործերը: Եվգենյա Թումանյանին 2008 թվականի ապրիլին վճարել են 807 հազար դեպոնենտային գումար, սակայն պարզվել է, որ նա մահացել է 1990-ական թվականների սկզբին, իսկ նրա անձնական գործն ընդհանրապես չկա: Աշխատանքային ստաժի սխալ հաշվառման դեպքեր կան` ավել տարիների վճարմամբ: Հայրենական պատերազմի վետերաններին` «Պատվովճարներ» ծրագրի ստուգման արդյունքում 12100 պատվովճար ստացող վետերանների գործերից ստուգվել է 85-ը, հայտնաբերվել է 11 խախտում: Օրինակ` պատվովճար է նշանակվել 1959 թվականին ծնված մարդու, մահացած վետերանների, այլ երկրների քաղաքացի դարձած մարդկանց:

Ի վերջո ` որքա՞ն գումարներ են փոշիացել, դա պարզ կլինի, երբ մաքրվեն ցուցակները, իսկ որքան գումար կտնտեսվի` ցույց կտա ժամանակը: Կենսաթոշակային վճարումներ իրականացնող «Հայփոստի» հետ հանդիպած ՎՊ նախագահը փոխանցել է նախագահ Սարգսյանի հրահանգը` «Կա կենսաթոշակառուՙ կա վճարում սխեման»: Ստուգման ժամանակից հետո ընկած շրջանում «Հայփոստը» զգալի գումարներ վերադարձրել է բյուջե, այժմ խստագույնս պահպանվում է «Կա մարդ` կա վճարում» սկզբունքը: Այս փետրվարին, ըստ «Հայփոստի», հունվարին չի վճարվել 20 հազարից ավելի, փետրվարին` 19816 թոշակառու, քանի որ չեն ներկայացել: Ովքե՞ր են այս մարդիկ` մինչեւ հունիսի 1-ը կպարզվի: Այս առումով եւ ՎՊ-ն է վճռական, եւ այն կազմակերպությունները, որոնց հանձնարարվել է զբաղվել այս խնդրով, եւ այն կառույցները, ովքեր զբաղվում են վճարմամբ:

«Ազգի» հարցին, թե արդյո՞ք միտում չկա ցուցակների անճշտության մեջ (եւ ոչ թե մասնագիտական թերացում), եւ արդյոք Վ. Խաչիկյանն առանց վերադասի կարո՞ղ էր այդպիսի խախտումներ անել: Ըստ ՎՊ նախագահի` կարող է լինել եւ դիտավորություն, եւ անփութություն եւ չիմացություն կամ ոչ ճիշտ ծրագրում, մի երկու ամիս էլ համբերենք` կիմանանք: Իսկ թե միայն Վ. Խաչիկյանի գրպա՞նն են մտել գումարները, կամ ՎՊ-ն դիմելո՞ւ է դատախազություն` Ի. Զաքարյանը նկատեց, թե իր խնդիրը չէ հայտարարել` ո՞ւմ գրպանն են գնացել կամ ո՞ւր են գնացել փոշիացած գումարները, ՎՊ-ն բնութագրական խախտումներն է բացահայտել` ի պատիվ ՎՊ աշխտակիցների` ամբողջապես: Իսկ դատախազություն դիմելու առումով քրեական խախտումներ անշուշտ նկատվել են, սակայն մինչեւ հունիս ժամանակ կա ճշտելու, թե ի վերջո ինչ է եղել այս բնագավառում. «Ամփոփենք-վերջացնենք, հասկանանք իրական չափերը, հետո պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափի», ասաց Ի. Զաքարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4