Ռուսական «Վլաստ» պարբերականանին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ճապոնական աղետի համայնապատկերում անդրադարձել է Հայաստանի ատոմակայանին եւ առհասարակ «խաղաղ ատոմ»-ին: Վախենո՞ւմ է արդյոք Աբրահամյանը «խաղաղ ատոմից» հարցին նա պատասխանել է. «Մեկ ամիս առաջ ես հաստատապես կասեի, որ չեմ վախենում, բայց հիմա իրավիճակը մտահոգիչ է: Ինքս դեմ չեմ ատոմային էներգիային, սակայն աշխարհը զարգացել է` հաշվի առնելով բնության կատակլիզմները»: Կոնկրետ Մեծամորի ատոմակայանի մասով Աբրահամյանը նկատել է, որ Հայաստանն այն կառուցել է սովետական ստանդարտներով` առանց «տանիքի», ինչպես Չեռնոբիլինն էր. «Պետք է վերանայել ատոմակայանի պաշտպանության չափորոշիչները: Կարծում եմՙ հայկական ատոմակայանի պաշտպանության մակարդակը ավելի ցածր է ճապոնական ԱԷԿ-ից, չեմ կարծում, որ Մեծամորը դիմանա 8 բալին: Հետեւաբար` անհրաժեշտության պարագայում Հայաստանը պետք է փակի ատոմակայանը», ասել է Աբրահամյանը: Նշենք, որ, համաձայն որոշ փորձագետների կարծիքի, Երեւանից 30 կմ հեռավորության վրա գտնվող եւ Սպիտակի երկրաշարժից հետո` 1995-ին վերաշահագործված Մեծամորի ատոմակայանը կարող է գործել մինչեւ 2016-ը: Թերեւս հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր ատոմակայան կառուցել:
Հ. Ա.