«Գերիշխող դիրք. խնդիրները եւ հետեւանքները»: Այս անվանմամբ երեկ Երեւանում մեկնարկեց միջազգային համաժողով, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը , ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին եւ ուրիշներ:
Խոսելով տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության մասին, Արտակ Շաբոյանը մասնավորապես նշեց. «Անցած տասը տարիների ընթացքում հանձնաժողովն ունեցել է ինչպես դժվարություններ ու ձախողումներ, այնպես էլ ձեռքբերումներ ու հաջողություններ: Այդ են վկայում հատկապես միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի բարձր գնահատականը, որ տրվել է Հայաստանի մրցակցային մարմնին` փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու համար: Նույն գնահատականների համաձայն, հանձնաժողովի ձեռնարկած օրենսդրական փոփոխությունների եւ հաստատված ռազմավարական ծրագրի իրականացման պարագայում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների»:
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, արձանագրելով Հայաստանի տնտեսությանՙ ԱՀԿ-ին անդամակցությունից հետո մինչ այժմ ունեցած առաջընթացին, միաժամանակ նշեց, որ անելիքները դեռ շատ են: Նա ընդգծեց ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարելով պետական բոլոր մարմինների ջանքերի համատեղումն այս հարցում:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի մրցակցային միջավայրին խոչընդոտող մի շարք օբյեկտիվ հանգամանքների: Դրանք են հարկային եւ մաքսային վարչարարությունը եւ հավասար պայմանների ապահովումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքը եւ խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից աուդիտորական եզրակացության հիման վրա հաշվետվությունների հրապարակումը, կոռուպցիոն ռիսկերը, հանրության հստակ դիրքորոշումը կոռուպցիոն երեւույթների եւ ստվերային տնտեսության նկատմամբ, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու մասնավորապես, Հայաստանն աշխարհի հետ կապող սակավաթիվ միջանցքների առկայությունը:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարությունը ձեռնարկած քայլերը վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, տնտեսական մրցակցության եւ հանձնաժողովի գործունեության արդյունավետության մասին նա ասաց. «Գաղտնիք չէ, որ եթե հասարակությունը վստահում է հանձնաժողովին, ապա հանձնաժողովի դերակատարությունը մրցակցային դաշտում էապես բարձրանում է: Այդ տեսակետից ակնկալում ենք, որ այս տարի, հանձնաժողովը, լրացուցիչ լիազորություններ ստանալով օրենսդիր իշխանության կողմից, անհապաղ պետք է բացահայտի մեր հանրությանը մտահոգող մի շարք ոլորտներում տիրող իրավիճակը եւ իրեն օրենքով տրված լիազորություններով համարձակորեն կիրառի պատժամիջոցներ»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ