Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փոքր-ինչ նվազել է
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի փետրվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 1,4 տոկոս: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը: Փոխարենը, որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ, ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը, իսկ ՀՆԱ ցուցանիշները հրապարակվելու են եռամսյակային եւ տարեկան կտրվածքով: Նոր մեթոդին անցումը վիճծառայությունը կատարել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Եվրոմիության փորձագետների խորհրդատվության հիման վրա:
Այսպիսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է 1,4 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի նկատմամբՙ 3,7 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի համեմատ աճ են արձանագրել մեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բացառությամբ շինարարության: Մասնավորապես, արդյունաբերությունը այս տարվա փետրվարին 2010-ի փետրվարի նկատմամբ աճել է 2,6 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի նկատմամբՙ 5,5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 22,1 տոկոսով, հունվարի նկատմամբ նվազել 9,9 տոկոսով: Շինարարությունն ունեցել է 4,1 տոկոս անկում, իսկ հունվարի նկատմամբ 26,3 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա փետրվարի նկատմամբ 6,3 տոկոս աճ է արձանագրվել, իսկ հունվարի նկատմամբ 11,1 տոկոս անկում: Մանրածախ առեւտրում արձանագրվել է չնչինՙ 0,1 տոկոս աճ անցյալ տարվա փետրվարի համեմատ, իսկ հունվարի նկատմամբ գրանցվել է 19,9 տոկոս աճ: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը փետրվարին նույնպես աճել է 0,1 տոկոսով, իսկ հունվարի նկատմամբՙ 26,3 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի փետրվարին 2010-ի փետրվարի նկատմամբ ավելացել է 12,4 տոկոսով եւ կազմել 364,5 մլն դոլար: Արտահանումը կազմել է 90 մլն դոլար, արձանագրելով 32 տոկոս աճ, իսկ փետրվարին հունվարի նկատմամբՙ 35,7 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 274,5 մլն դոլար, նախորդ տարվա փետրվարի համեմատ աճելով 7,2 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի համեմատՙ 6,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 184,5 մլն դոլար: Ուշադրության արժանի մեկ փաստՙ հունվարի ցուցանիշի համեմատ բացասական հաշվեկշիռը փոքր ինչ նվազել էՙ 189 մլն դոլարից հասնելով 184,5 մլն դոլարի:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում փետրվարին կազմել է ավելի քան 105 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 131 հազար դրամ, պետականումՙ 89 հազար դրամ:
Եթե համադրենք փետրվարի ցուցանիշները նախորդ տարվա փետրվարի հետ, ապա միակ անկում արձանագրած ոլորտը շինարարությունն է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ու մանրածախ առեւտրի ծավալներն էլ գրեթե մնացել են անփոփոխ, իսկ եթե փետրվարի ցուցանիշները համադրենք հունվարի հետ, ապա անկում է արձանագրվել միայն ծառայությունների ոլորտում: Մնացած ցուցանիշներն աճ են արձանագրել: Մնում է միայն հուսալ, որ աճի միտումը կդառնա կայուն եւ տեսանելի մեր առօրյա կյանքում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ