«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2011-03-18 | #48, 2011-03-19 | #49, 2011-03-22


ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹԱՓԱՆՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Անցնող օրերին լրատվամիջոցներով քննարկվեց այն տեղեկությունը, որ ապահովագրական միջազգային մի քանի ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հարուցած դատական գործով զբաղվող երկու փաստաբաններ մեղադրեցին երրորդ փաստաբանին` «անպարկեշտ միջոցներով ստացված գումարները յուրացնելու» մեղադրանքով: Այդ գումարները դատարանի որոշմամբ պետք է տրամադրվեին հայկական ազգային-համայնքային կազմակերպություններին: Այս կապակցությամբ ՀՅԴ կենտրոնական խորհուրդը երեկ տարածած հայտարարությամբ նշում է, որ անկախ այն հանգամանքից, թե որքանով է հիմնավոր այս մեղադրանքը, «մեծապես կարող է խախտել մեր ժողովրդի վստահությունը համազգային խնդիրների նկատմամբ»: Խորհուրդը, ընդգծելով, որ մեղադրանքները կատարում են անհատներ, «որոնք հարցի էությանը լավատեղյակ են», հետեւաբար նրանց մեղադրանքներն անտեսել չի կարելի, նշում է. «Մենք հրապարակավ դիմում ենք ինչպես մեղադրող, այնպես էլ մեղադրվող կողմերին, պահանջելով, որ իրենք անհապաղ, ինքնակամ, հստակ մասնագիտական հաշվետվություն ներկայացնեն դատական որոշմամբ հայկական կազմակերպություններին տրված դրամական բաշխումների վերաբերյալ: Կարծում ենք, որ այս գործընթացը պետք է թափանցիկ լիներ ի սկզբանե, սակայն այժմ այդպիսին դարձնելը անհետաձգելի է եւ հույժ կարեւոր», ասված է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4