Մարտի 20-ին` Գրինվիչի ժամանակով 23:21-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցել է հյուսիսային կիսագունդ, ինչը համարվում է աստղագիտական գարնան սկիզբը: Արեգակի սկավառակի անցումը հասարակածով տեւել է շուրջ 33 ժամ: Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է, երբ գիշերվա ու ցերեկվա տեւողությունները հավասարվում են: Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետեւ` 21-ին, իսկ այժմ` ամսի 20-ին: Նման փոփոխության պատճառը Երկրի պրոցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է եւ մեկ լրիվ պտույտ կատարում 26000 տարում: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, համարվում է նոր տարվա սկիզբը (հենց այս օրերին իրանցիները նշում են իրենց սիրելի տոնը` Նովրուզը): Իսկ մեզանում եկեղեցական շարժական տոներից Զատիկի օրվա հաշվարկը եւս կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնին հաջորդող առաջին կիրակին է: Այս տարի Զատիկի օրը` ապրիլի 24-ը, համընկնում է թե՛ արեւմտյան, թե՛ Հայ առաքելական եկեղեցիներով:
Ի. Պ.