«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2011-03-19 | #49, 2011-03-22 | #50, 2011-03-23


«ԱՐԱԲԱԿԱՆ ԿՐԱԿԸ» ԹԵՐԵՎՍ ՉՎԱՌՎԻ ՆԱՎԹՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Նման եզրակացության է եկել ամերիկյան The Wall Street Journal-ը Մարկ Չեմպիոնի եւ Աիդա Սուլթանովայիՙ նախօրեին տպագրված հոդվածում: Արձանագրելով, որ մարտի 11-ին եւ 12-ին «երիտասարդ ադրբեջանցիները դուրս էին ելել փողոց ընդդեմ ավտորիտար ռեժիմի», Չեմպիոնն ու Սուլթանովան նկատում են, որ այնուամենայնիվ Facebook-ի համապատասխան կոչերը Ադրբեջանում նվազագույն աջակցություն ստացան. «Կովկասի նավթով հարուստ երկրում ոստիկանությունը արագորեն շրջափակեց ցուցարարներին. ձերբակալվեցին ավելի քան 40 մարդ, մյուսները ցրվեցին», արձանագրում են հոդվածագիրները: Որպես այս ամենի պատճառ Սուլթանովան եւ Չեմպիոնը նշում են մի քանի հանգամանքներ, մասնավորապես այն, որ «ի տարբերություն արաբական երկրների, որտեղ հեղափոխությունը հաջողություն ունեցավ, կոնկրետ Ադրբեջանում, ինչպես նաեւ հարեւան Վրաստանում եւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը անհամեմատ այլ է»: Այս համատեքստում Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տնօրեն Լորենս Շիթսը նշել է. «Ես ուղղակի չեմ տեսնում կրիտիկական տրամադրված զանգված Ադրբեջանում»: Շիթսը սա հիմնավորել է նրանով, որ «Ադրբեջանում կյանքի մակարդակը որոշակիորեն բարձրացել է ի հաշիվ նավթի վաճառքից գոյացած մուտքերի»: Մյուս պատճառը, որով, ըստ ամերիկյան պարբերականի հոդվածագրերի, հնարավոր չեղավ Ադրբեջանում հավաքել մեծաքանակ ցուցարարներ, այն էր, որ «Շատ ադրբեջանցիներ չհավատացին Facebook-ի շարժմանը, քանի որ դրա կազմակերպիչներից միայն մեկն է բնակվում Ադրբեջանում, մնացածը արտասահմանում են»: Այս առումով հատկանշական է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ արտասահմանում ապրող ադրբեջանցիների իրականացրած բողոքի ակցիան: «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ ցուցարարները, «ձեռքերին «Ազատություն Ադրբեջանին» պաստառներ», երկրի իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել մարտ ամսվա սկզբին ձերբակալված ակտիվիստներին: Վաշինգտոնի ադրբեջանցի ցուցարարները, համաձայն ադրբեջանական ընդդիմադիր գործակալության, հայտարարություն են տարածել, որում մասնավորապես գրված է. «Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները ամեն քայլափոխի ոտնահարվում են, իշխանությունները խլում են մարդկանց ունեցվածքը` քաղաքացիներին զրկելով տներից եւ բիզնեսից: Ոստիկանությունը հետապնդում է այն անձանց, որոնք փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: Մենք պահանջում ենք վերջ դնել այս եւ ամեն տեսակի անօրինություններին»: Որպես այս կոչի «պատասխան»ՙ ադրբեջանական իշխանությունների արձագանքը չի ուշացել: Համաձայն «Ազադլիգ»-իՙ մարտի 18-ին Բաքվում չի կայացել ադրբեջանցի ռոք երաժիշտ Ազեր Մեմմեդովի համերգը, քանի որ չեն թույլատրել երկրի նախագահականից: Այս մասին «Ազադլիգ»-ին տեղեկացրել է հենց երաժիշտը` հավելելով, որ համերգից երկու ժամ առաջ ակումբի աշխատակիցները (խոսքը Բաքվի ռոք ակումբի մասին է-Հ. Ա.) ասել են իրեն, որ նախագահականից զանգահարել են եւ պահանջել, որ իր համերգն արգելվի: Հիմնականում Ստամբուլում ապրող եւ ստեղծագործող ադրբեջանցի երաժիշտը, որը մեծ հեղինակություն է վայելում սոցիալական ցանցերում` թուրքախոս այցելուների շրջանում, երգեր ունի` նվիրված Ադրբեջանում ձերբակալված բլոգերներ Էմին Միլլիին եւ Ադնան Հաջիզադեին: «Անկախ ամեն ինչիցՙ ես կիրականացնեմ իմ համերգը Ադրբեջանում ամեն գնով», եզրափակել է «Ազադլիգ»-ի հետ զրույցը Ազեր Մեմմեդովը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4