«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2011-03-19 | #49, 2011-03-22 | #50, 2011-03-23


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԻԵՆՈՒՄ ԼՂՀ-Ի ԿՈՂՔԻՆ ԵՆ

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` Վիեն քաղաքում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: Կոնֆերանսին մասնակցել են քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Արցախի անկախության 20 տարիների ձեռքբերումների մասին զեկուցումով հանդես է եկել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, որից հետո ցուցադրվել է վավերագրական ֆիլմ: Նույն օրը Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի հրավերով Հովհաննես Գեւորգյանը հյուրընկալվել է քաղաքապետարանում: Հանդիպման ընթացքում Ժակ Ռեմիլյեն` որպես քաղաքապետ եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իր աջակցությունն է հայտնել ԼՂՀ անկախությանը` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ ագրեսիվ գործողություններին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը իր երախտագիտությունն է հայտնել Վիենի քաղաքապետինՙ միջոցառման իրականացմանն աջակցելու, ինչպես նաեւ Հարավային Կովկասի խաղաղության ամրապնդմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտմանն ուղղված կոչը ստորագրելու համար:

Ավելի վաղ` մարտի 16-ին, ինչպես տեղեկացրել էր «Ազգը», Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Մենք նշել էինք, որ հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դը Բումանը ասել էր, որը ինքը այցելել է Ղարաբաղ, եւ հիմա նպատակ ունեն շվեյցարական քաղաքական շրջանակներին տեղեկացնելու «Հայաստանի կենսական խնդիրներից մեկի` ԼՂ-ի հակամարտության, դրա աշխարհաքաղաքական հետեւանքների ու խնդիրների մասին»: Քննարկումների մասնակցիներին բաժանվել էին նաեւ թեմատիկ բրոշյուրներ: Որպես եզրափակում` հիշեցնենք նաեւ վերջերս Ֆրանսիա կատարած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը, որի ընթացքում Արցախի նախագահը արտասահմանցի, այդ թվում նաեւ ադրբեջանցի պաշտոնյաների, փորձագետների, լրագրողների, հյուրերի առջեւ նշեց. «Լեռնային Ղարաբաղը այսօր ոչ մեկին իր գոյությամբ չխանգարող կայացած իրավական պետություն է, իսկ նման պետություններին վաղ թե ուշ ճանաչում են»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4