«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2011-03-19 | #49, 2011-03-22 | #50, 2011-03-23


«ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ԱՎԵԼՈՐԴ ԹՂԹԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻՑ»

ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու էր հրավիրել 2400 ընտանիքների, սակայն պահանջվող փաստաթղթերը կարողացան ներկայացնել նրանցից ընդամենը 1200-ը: Բնակբաշխման ողջ գործընթացի դիտարկում իրականացրած «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ուսումնասիրություններով` հարյուրավոր անօթեւան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամների` հանրապետությունից տեւական ժամանակ բացակայելն ու նրանցից պահանջվող լիազորագիրը ստանալու դժվարությունը, շատ դեպքերում` նաեւ անհնարինությունն էր:

Գործող կարգում ՀՀ կառավարության 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ կատարված փոփոխություններով այժմ այդպիսի խնդիրներ ունեցող ընտանիքներին հնարավորություն է տրվում ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Ճիշտ է` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլեւս ընտանիքի կազմում չի հաշվառվում, նրա բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են դադարեցված եւ տվյալ ընտանիքն էլ բնակմակերես է կորցնում, ինչը տվյալ որոշման բացասական կողմն է: Այնուամենայնիվ` դրական կողմը եւս կա:

Սակայն այս տարի, երբ արդեն սկսվել է երկրորդ փուլով բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ընդունումը, ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթեւանները կրկին հայտնվել են փակուղու առջեւ: Ըստ այս մասին «Շիրակ կենտրոնի» երեկ տարածած հայտարարության, բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված եւ Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարություն այն մասին, որ ընտանիքի բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովել բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը սովորաբար տարաբնույթ պատճառաբանություններով հրաժարվում է վավերացնել շահառուներից պահանջվող այդ հայտարարությունները: «Օրերս արձագանքելով մեր գրասենյակ դիմած անօթեւանների բողոքներին,- նշվում է հայտարարության մեջ,- հանդիպեցինք Գյումրու նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի հետ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման չկատարելն ու բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հայտարարությունները միայն բացառիկ դեպքերում վավերացնելը նոտարը պատճառաբանեց այն հանգամանքով, թե իրեն հիմնականում հավատ չեն ներշնչում դիմողների այն հայտարարությունները, ըստ որոնց նրանց ընտանիքների բացակա անդամներն իրոք չեն կարող լիազորագրեր ուղարկել: Ապա նա նաեւ կասկածանք հայտնեց, թե շատ քաղաքացիներ հնարավոր է որ բնակարանը ստանալուց անմիջապես հետո վաճառեն, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների` ներկայումս նման արգելք չկա...»:

Եթե պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվեր եւ նոտարի անձնական քմահաճույքով որոշվեր, թե ե՞րբ եւ ո՞ր անօթեւան ընտանիքի նկատմամբ կարող է կիրառվել կառավարության այդ որոշումը, ապա գուցե արժեր այդ մասին եւս հստակ գրել որոշման մեջ: Արդյո՞ք այս տարբերակված մոտեցումը հղի չէ կոռուպցիոն ռիսկերով: Կամ եթե հանրապետության իշխանություններն այնուամենայնիվ տեղյակ են նոտարի այսպիսի գործելաոճին, ապա արդյո՞ք դա դիտավորյալ չի արվում, որպեսզի շահառուների թիվն արհեստականորեն նվազեցվի` պահանջվող քանակից պակաս բնակարաններ կառուցելու նպատակով: «Ուզում ենք հավատալ,- այս եւ նման այլ հարցադրումներից հետո ասվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հայտարարությունում,- որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքաշինության եւ արդարադատության նախարարները կարձագանքեն մեր այս հայտարարությամբ հնչեցված ահազանգին եւ աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ բնակարանների սպասող անօթեւանների շահերից ելնելով, ինչպես նաեւ բնակարանների բաշխման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով կտրուկ միջոցների կդիմեն` բնակարաններ ստանալու հավակնորդ ընտանիքներին ավելորդ թղթարարությունից եւ քաշքշուկներից զերծ պահելու համար»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4