Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը մնում է ԱՄՆ-ի օրակարգում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները Հայաստանի հետ առանձնակի մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, երբ այդ թեմաների մասին խոսում է Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյան: Հայ իրականությունում ամերիկյան դիվանագետներին տրվելիք շատ այլ հարցեր կան, որ առավել կարեւոր են, քան այն, թե երբ է հիմնադրվել ՆԱՏՕ-ն եւ ինչ առաքելությամբ:
ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումների շարքում երեկ իր տեսակետներն էր ներկայացնում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը : Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին ի պատասխան Յովանովիչը նշեց, որ հաշվետու կառավարություն ասվածը բնավ էլ չի նշանակում, թե կառավարության քայլերը պետք է հավանության արժանանան յուրաքանչյուր քաղաքացու կողմից: Սակայն մարտի 1-ի առնչությամբ ձերբակալվածներին ազատ արձակելու գործընթացը ԱՄՆ-ի խրախուսանքով է առանձնանում:
2008-ի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ եւ արաբական վերջին իրողությունների ֆոնին ԱՄՆ-ի մոտեցումների տարբերությունները դեսպանը չի վիճարկում, նշելով, որ Միացյալ Նահանգները տարբեր իրավիճակներում առաջնորդվում է այդ երկրի ազգային անվտանգության շահերով ու ԱՄՆ-ի որդեգրած սկզբունքներով:
Ընդ որում, հենց դրանցով էլ առաջնորդվելով, ԱՄՆ-ը Հայաստանի «քաղաքացիական հասարակությանն աջակցում է ոչ թե որոշ ուժերի, այլՙ սկզբունքների կտրվածքով»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը նաեւ ՆԱՏՕ-ի մոտեցումն է, մնում է նույնը, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ կառույցի շրջանակներում, որի ներքո էլ ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Կարեւոր է հասնել բանակցված կարգավորման, ապահովելով այնպիսի առաջընթաց, որ միջադեպեր տեղի չունենան», նկատի ունենալով շփման գծում տեղի ունեցած դեպքերը` ասաց Մարի Յովանովիչը:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու հնարավոր պատերազմի մասով Հայաստանում ԱՄՆ դեսպանը ընդգծեց. «Միայն քաղաքական բանակցություններն են կարգավորման հասնելու ճանապարհը, իսկ ռազմական լուծումն այլընտրանք չէ»:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն էլ, ըստ ամերիկացի դիվանագետի, ԱՄՆ-ի օրակարգից դուրս չէ: «Ինչ-որ պահի, ինչ-որ տեղ, բայց հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալանան, սահմանը պետք է բացվի», երեկ ասաց Յովանովիչը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը կարեւորում է հայ-թուրքական համատեղ փոխանակման ծրագրերը:
Յովանովիչը որեւէ կերպ չնշեց, թե կոնկրետ ինչ է նախատեսում Միացյալ Նահանգները հայ-թուրքական գործընթացը տեղից շարժելու առնչությամբ, հատկապես, երբ այդ հարցում որեւէ քայլ անելու հերթը Թուրքիայինն է: Նման մի իրավիճակ էլ կապված է դիպուկահարներին հայ-ադրբեջանական շփման գծից հեռացնելու խնդրին, որին թեեւ Հայաստանը դրական է արձագանքում, բայց ամերիկյան եւ այլ պաշտոնյաներ ամեն առիթով, չգիտես ինչու, երկու կողմերին են «խրախուսում քայլեր ձեռնարկել»:
Դրա փոխարեն Մարի Յովանովիչը համակարծություն հայտնեց Ադրբեջանում իր գործընկեր Մեթյու Բրայզայի հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղ թռչելիք քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները ռմբակոծելու ադրբեջանական սպառնալիքները «բացարձակապես անընդունելի են եւ չեն բխում բանակցությունների այն սկզբունքներից, որոնց պետք է հետամուտ լինի Ադրբեջանը»: