«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՁԵՎ

«Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ եւ ես կհելիոֆիկացնեմ ամբողջ աշխարհը», գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը շուրջ քսան տարի այս կարգախոսով ուսումնասիրում է արեւի էներգիան: Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականը հիմնականում քիմիկոս գործընկերներին ներկայացրեց իր երկարամյա գործունեության արդյունքը. արեւի էներգիան արդյունաբերության տարբեր ոլորտներում եւ կենցաղային հարցերում օգտագործումը ապահովող սարքը, ինչը, Համազասպյանի խոսքերով, կարող է դառնալ «հայկական բիզնեսի նոր ձեւ»:

Նախ գիտխորհրդի անդամները հարգեցին Ճապոնիայում երկրաշարժից եւ ատոմակայանի վթարից զոհվածների հիշատակը, այնուհետեւ Համազասպյանը, հենց ճապոնական աղետի համայնապատկերում նկատեց, որ ժամանակակից աշխարհի այսօրվա էներգետիկ աղբյուրները հեռանկար չունեն: «Հաշվարկները ցույց են տալիս, որ այժմյան էներգետիկ պաշարները սպառվում են, իսկ մինչ այդ երկրագնդին սպասում է էկոլոգիական աղետ. ընդհանուր ջերմաստիճանի փոփոխություն, ծովի մակերեւույթի բարձրացում», ասաց Համազասպյանը: Գիտնականը նկատեց, որ ընդհանուր խնդիրներից բացի Հայաստանն ունի իր յուրահատուկ խնդիրները էներգետիկ ոլորտում: Որպես այդպիսին Համազասպյանը տեսնում է մեր երկրի` առաջին հերթին էներգետիկ առումով շրջափակումը. «Այս հանգամանքը հենց ապացուցում է, որ Հայաստանը պետք է փնտրի եւ գտնի էներգիա ստանալու այլընտրանքային միջոցները, եւ քանի որ մենք չունենք նման աղբյուրներ, պետք է հիմքը դնենք սեփական գիտելիքների վրա», նշեց Համազասպյանը` հավելելով, որ Հայաստանի համար էներգետիկ աղբյուրի այլընտրանք կարող են լինել հենց իրենց` արեւի էներգիան օգտագործող սարքերը: «Մենք պետք է Հայաստանում ստեղծենք այդ սարքերը, դրանց գործարանները, այնուհետեւ դուրս գանք միջազգային շուկա եւ գրավենք այնտեղ մոնոպոլ դիրք», նշեց գիտնականը: Ընդ որում արեւի էներգիան օգտագործող սարքերը կարելի է օգտագործել նաեւ սննդամթերք պատրաստելու համար: ԳԱԱ-ի առաջին հարկում նույնիսկ ներկայացվել էին «հայկական արեւային քաղցրավենիքներ», որոնք պատրաստված են հենց սարքի միջոցով: Այս առումով նույնպես Համազասպյանը տեսնում է միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն` հատկապես հայկական համայնքներում «արեւի էներգիայով պատրաստված արեւելյան քաղցրավենիքը, կունենա մեծ պահանջարկ», վստահեցրեց գիտնականը: Գիտնականը առաջարկեց ԳԱԱ-ի քիմիկոսներին իրենց մասնագիտական կարծիքը հայտնել, թե արդյոք իրենց պատրաստած սննդամթերքը էկոլոգիապես մաքո՞ւր է: «Մենք ցանկանում ենք սկզբից պարզել այս հարցը, նոր, եթե անվնաս է, շարունակել գործունեությունը», ասաց Համազասպյանը: Գիտնականը նաեւ նշեց, որ իրենց սարքերով հատկապես գյուղական համայնքների բնակիչներին առաջարկում են անցում կատարել բաշխված էներգիայի մատակարարման, երբ ամեն ընտանիք, ունենալով սարքը, կստանա անհրաժեշտ էներգիան:

Գիտաժողովի վերջում գիտնականներն առաջարկեցին Համազասպյանին` «գրավոր կարգով» ներկայացնել իր առաջարկները, որպեսզի դրանք մասնագիտական գնահատական ստանան եւ, անհրաժեշտության պարագայում, արժանանան Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4