«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


«ԳՆԵՐԻ ԶՍՊՈՒՄԸ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԴՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ, ԻՍԿ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄՙ ԲԱՑԱՍԱԿԱՆ»

Կարծիք հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին եւ դրանց վերաբերյալ ՀԲ կանխատեսումներին ու գնահատականներին:

Համաշխարհային բանկի կանխատեսումները Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ըստ Ժան Միշել Հապիի, չեն փոխվել: ՀԲ կանխատեսմամբ, 2011-ին տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս: Գնաճը, եթե չլինեն արտաքին գործոններ, ակնկալվում է, որ տարեվերջին կլինի Կենտրոնական բանկի նախանշած նպատակային ցուցանիշի մոտ: Միաժամանակ, ՀԲ ներկայացուցիչը կարեւորեց, որ գնաճի զսպման եւ կառուցվածքային բարեփոխումները հավասարակշռված լինեն:

Պատասխանելով կառավարության կողմից բարձր գնաճի դեպքում գների վերին շեմ սահմանելու իրավասությանը վերաբերող հարցին, Ժան Միշել Հապին ասաց, որ կարճաժամկետ հատվածում գների զսպումը կարող է դրական ազդեցություն ունենալ, իսկ երկարաժամկետ հատվածումՙ բացասական լինել: «Պետք է հասկանալ, թե ո՞րն է գների բարձրացման պատճառը: Եթե դա պայմանավորված է մրցակցային խնդիրներով, ապա ավելի արդյունավետ կլինի մրցակցային միջավայրը բարելավել», նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը, ավելացնելով, որ գների հսկողությունը հնարավոր է միայն շատ բացառիկ դեպքերումՙ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացության առկայությամբ: Ժան Միշել Հապին կարեւորեց նաեւ, որ այդ ժամանակ չվնասվի տվյալ ընկերության մրցունակությունը կամ արտադրողականությունը: Նա հրապարակեց ՀԲ կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց, հացի, ձվի եւ կաթի գները Հայաստանում ավելի բարձր են, քան հարեւան երկրներում, իսկ շաքարավազի գինըՙ ավելի ցածր: Ամփոփելով խոսքը, Ժան Միշել Հապին ասաց, որ ամսական 30 տոկոս գնաճ, այդ ուսունասիրության արդյունքներով, արձանագրվել է շատ փոքր թվով ապրանքների վրա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4