«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2011-03-23 | #51, 2011-03-24 | #52, 2011-03-25


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացրել են նախորդ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում դաշտային առաքելության զեկույցի ներկայացման մասին: Հայտարարության ամփոփ նկարագիրը զետեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Այդ փաստաթղթի համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 7-12-ը ԼՂ հարակից շրջաններում իրականացրած դաշտային առաքելության վերաբերյալ համանախագահները եկել են հետեւյալ եզրակացության. «Ճամփորդելով ավելի քան 1000 կմ` համանախագահները տեսան Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու դրա չկարգավորված մնալու աղետալի հետեւանքները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են ու ավերված: Թեեւ վստահելի տվյալներ չկան, բնակչության թիվը կազմում է մոտ 14 000 մարդ, ովքեր ապրում են փոքր գյուղերում ու Լաչին եւ Քելբաջար քաղաքներում: Համանախագահներն արձանագրեցին, որ 2005 թվականից ի վեր բնակչության էական աճ չի եղել: Բնակիչները` մեծ մասամբ ազգությամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից, ապրում են ծանր պայմաններում` թերզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվությամբ ու հանրային ծառայությունների սահմանափակ հնարավորություններով: Շատերն անձը հաստատող փաստաթղթեր չունեն: Վարչական նպատակներով յոթ շրջանները եւ նախկին ԼՂ մարզը միավորվել են ութ նոր շրջանների մեջ»:

Համանախագահները նաեւ նշել են. «Այս տարածքներում դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է եւ որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ, ու նրանց համար, ովքեր այժմ ապրում են: Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում ձեռնպահ մնալ այս ու վիճելի այլ տարածքներում որեւէ գործունեությունից, որպեսզի վերջնական կարգավորմանը սպառնալիք չստեղծվի կամ չփոխվի այս տարածքների բնույթը: Նրանք նաեւ հորդորում են քայլեր ձեռնարկել` տարածքում առկա գերեզմանատների ու սրբավայրերի պահպանման ուղղությամբ, ինչպես նաեւ հստակեցնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող բնակիչների կարգավիճակը»:

Վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրել են, որ «մտադիր են առաքելություն իրականացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած այլ տարածքներում»: Հիշեցնենք, որ դաշտային առաքելության իրականացմանը նախորդող ու հաջորդող շրջանում բազմիցս հայտարարվել էր, որ համանախագահները` ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետների եւ ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, դաշտային առաքելություն կիրականացնեն նաեւ Ադրբեջանի գրաված ԼՂՀ տարածքներում` Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4