Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նա այցելեց Գյումրու «Մուշ-2» թաղամաս, ծանոթացավ նոր շենքերի կառուցապատման աշխատանքներին, նորակառույցների բնակարանային պայմաններին: Հիշեցնենք, որ Գյումրու «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերի բնակարանների եւ սպասարկման օբյեկտների կառուցումը, համաձայն մրցույթի արդյունքների, իրականացնում է «Գլենդեյլ-Հիլզ» ընկերությունը: Վերջինիս եւ «Պետական գնումների գործակալության» միջեւ կնքված գնման պայմանագրի համաձայնՙ «Գլենդեյլ-Հիլզը» պարտավոր է ապահովել 2300 բնակարան, սակայն նախագծային աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծվել նախատեսված 2300 բնակարանի դիմաց նույն բյուջեի սահմաններում ապահովել 2812 բնակարան, որից 1056-ի շինարարությունն ավարտվել է 2010-ին: Ինչպես տեղեկացրեց «Գլենդեյլ-Հիլզ»-ի գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը . «Այս տարի նախատեսվում է կառուցել 38 բնակելի շենք Գյումրիում, որից 5-ըՙ «Անի» թաղամասում, մնացած 33-ըՙ նորակառույց «Մուշ-2»-ում: Շինարարության ավարտից հետո, որը ըստ պայմանագրի, պետք է լինի գալիք սեպտեմբերը, մենք կապահովենք «Մուշ-2»-ում 1544 բնակարան, «Անի»-ում` 212 բնակարան: Այսօրվա դրությամբ աշխատանքային գրաֆիկից մենք չենք շեղվել, նախատեսվածի պես կառուցապատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին», ասաց Ալմոյանը:
«Մուշ-2»-ում շինարարական աշխատանքերը սկսվել են 2008-ին, արդեն 2010-ի հուլիսի 9-ի դրությամբ 22 բնակելի շենքեր հանձնվել են շահագործման: Ներկայումս շենքերը գտնվում են երաշխիքային սպասարկման փուլում: Արդեն «Մուշ-2»-ի վերին հատվածում, որտեղ երեկ այցելեց նախագահը, ինչպես նշեց «Գլենդեյլ-Հիլզ»-ի տնօրենը, կառուցվում են 33 շենք, որոնք գտնվում են երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման ավարտական եւ բնակարանների միջնորմները շարելու փուլերում: Դրանցից 23 շենքերում արդեն իսկ ավարտվել են այդ աշխատանքները, իսկ 8-ում ավարտական փուլում են: Շենքերից 2-ում ավարտվում են արդեն 3-րդ հարկի շինարարության աշխատանքները: Ընդհանուր առմամբ բոլոր 33 շենքերը կառուցվում են շուրջ 11 հա հողատարածքի վրա, կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 117500 քմ, իսկ «Անի» թաղամասում` 18800 քմ: Արդեն «Անի» թաղամասում կառուցվող 5 բնակելի շենքերի 4-րդ հարկերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները ավարտված են:
Գյումրիում վերոհիշյալ շինհրապարակներում ներգրավված են շուրջ 1500 մարդ եւ մոտ 10 տեղական մատակարար կազմակերպություններ:
8 ընտանիք բնակարան ստացավ ՊՆ-ից
Երեկ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը , համաձայն կառավարության 10.03.11-ի որոշման, որով ՊՆ-ին տրամադրվեց «Մուշ-2» թաղամասում 8 բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթեւան, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար, 8 ընտանիքների հանձնեց այդքան սպասված բնակարանների բանալիները: Բնակարան ստացած ընտանիքները որոշվել են համաձայն մարտի 18-ին կատարված ընտանիքների վերաբերյալ փաստաթղթային եւ բնակարանային պայմանների ուսումնասիրությունների եւ վիճակահանության: Բնակարանները բաշխվեցին հետեւյալ կերպ. մեկսենյականոց` մեկ ընտանիքի համար, 2-սենյականոց` 3 ընտանիքների համար, եւ 3-սենյականոց` 4 ընտանիքների համար: Բնակարանների հավաստագրերը հանձնելով, ՊՆ գլխավոր շտաբի պետը նշեց, որ «բնակարանները հանձնվում են ըստ ընտանիքների կազմի»:
«Չանախը»` 1600, «Լոռի»-ն` 1700 դրամ
Ի զարմանս մի շարք հայաստանյան այլ կաթնամշակման արտադրամասերի եւ գործարաններիՙ Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բանդիվան գյուղի «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն իր սեփական արտադրության պանրի վերոհիշյալ տեսակների համար սահմանել է հենց այս գները: Ինչպես նշեց ընկերության տնօրեն Էդիկ Ներսիսյանը , իրենք արտադրում են 22 տեսակի պանիր, կաթնաշոռ. «Նախատեսում ենք ստեղծել նաեւ մածունի, թանի, թթվասերի արտադրամասեր», նշեց Ներսիսյանը: Ընկերությունը կաթը մթերում է շրջանի 22 գյուղական համայքներից` մեկ լիտր կաթի համար տալով 145 դրամ: Տնօրենի խոսքերովՙ իրենք հիմնականում արտադրությունն իրացնում են տեղական շուկայում, «չնայած Ռուսաստանից որոշ առաջարկներ ունենք արդեն»:
«Բանդիվան-կաթ»-ում տարեկան մթերվում է 15-20 տոննա կաթ, ընկերությունում աշխատում են 35 հոգի, նրանցից 21-ըՙ բանդիվանցի: Շրջելով ՍՊԸ-ի տարածքումՙ մենք տեսանք նաեւ ընկերության մեկ այլ գործունեության ոլորտը` խոզաբուծությունը. այսօր «Բանդիվան-կաթ» ՍՊԸ-ում պահվում են շուրջ 900 գլուխ խոզեր: Ընկերությունում ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Նախագահը, այցելելով ընկերություն, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ի դեպ, «Բանդիվան-կաթ»-ի արտադրած որոշ պանրատեսակներ իրոք արժանի են մտնելու անգամ միջազգային շուկա. ընկերություն այցելած լրագրողներիս շրջանում, համենայն դեպ, այդպիսի տպավորություն ստեղծվեց:
Հ. ԱՖՅԱՆ, Գյումրի-Բանդիվան-Երեւան