«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ 12 ՏԱՐԻ ԱՆՑ

Արժանապատիվ խաղի եւ հաղթանակի ակնկալիքով

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Այսօր ժամը 19-ին «Հանրապետական» մարզադաշտում շոտլանդացի մրցավար Քրեյգ Թոմփսոնը կազդարարի երկար սպասված Հայաստան-Ռուսաստան ընտրական մրցախաղի մեկնարկը: Հանդիպումը հսկայական հետաքրքրություն է առաջացրել երկու երկրներում էլ, որն առաջին հերթին պայմանավորված է ընտրական 2-րդ խմբում ստեղծված իրավիճակով: Հիշեցնենք, որ 4 տուրից հետո աղյուսակը 9 միավորով գլխավորում է ՌԴ հավաքականը: 7-ական միավորով ռուսներին հետապնդում են Հայաստանի, Իռլանդիայի եւ Սլովակիայի ընտրանիները: Այսօր սլովակները հյուրընկալվում են առանց միավորի աղյուսակը եզրափակող Անդորրայի հավաքականին, իսկ Իռլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ մրցելու է 4 միավորով 5-րդ տեղը զբաղեցնող մակեդոնացիների հետ:

Որքան էլ զարմանալի է, ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող երկու բարեկամ երկրների ազգային հավաքականները մինչ օրս միայն 2 անգամ են մրցել: Գուցե այդ հանդիպումներն էլ չկայանային, եթե վիճակահանությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները Եվրո-2000-ի ընտրական մրցաշարում չընդգրկվեին միեւնույն խմբում:

Հետաքրքրական է, որ առաջին հանդիպումը կայացել է ուղիղ 12 տարի առաջՙ 1999-ի մարտի 27-ին «Հրազդան» մարզադաշտում: Որքան էլ որ տարօրինակ է, ռուսները Երեւան էին ժամանել որպես ընտրական խմբի հետնապահներից մեկը, որոնք Անատոլի Բիշովեցի գլխավորությամբ պարտվել էին նախորդ տարվա աշնանն անցկացրած բոլոր 3 խաղերն էլ: Իսկ ահա Հայաստանի հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ 3 խաղում 4 միավոր էր վաստակել: Մեր ֆուտբոլիստները մեկնարկային խաղում «Հրազդանում» 3-1 հաշվով հաղթել էին Անդորրայի հավաքականին, ապա գոլազուրկ ոչ-ոքի էին ավարտել խաղը իսլանդացիների հետ: 3-րդ տուրում հյուրընկալվելով Ուկրաինայի հավաքականին, մեր ընտրանին զիջել էր 0-2 հաշվով:

Թվում էր, թե ռուսների հետ խաղում հաջողությունը կուղեկցի դաշտի տերերին: Սակայն ՌԴ հավաքականի ղեկը ստանձնած Օլեգ Ռոմանցեւն անհրաժեշտ շտկումներ էր կատարել, ու ռուսները Երեւանում 3-0 հաշվով խոշոր հաղթանակ տոնեցին: Արդեն 7-րդ րոպեին Վալերի Կարպինը, որ ներկայումս գլխավորում է Մոսկվայի «Սպարտակը», բացեց հաշիվը: Մեր ֆուտբոլիստներն աստիճանաբար հավասարեցրին խաղը ու կարող էին վերականգնել հավասարակշռությունը, սակայն գոլային պահերը չիրացրին Արթուր Ոսկանյանը, Կարապետ Միքայելյանը, Արթուր Պետրոսյանն ու Ալբերտ Սարգսյանը: Իսկ ահա ընդմիջումից հետո Վալերի Կարպինը 11 մ-ից եւ Վլադիմիր Բեսչաստնիխը եւս 2 անգամ գրավեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

Մրցակիցների պատասխան հանդիպումը կայացավ սեպտեմբերի 4-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Մինչ այդ խաղը կայացած ընտրական 3 հանդիպումներում էլ ռուսները հաղթել էին, իսկ ահա Հայաստանի հավաքականը միեւնույն 0-2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականներին, գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել ուկրաինացիների հետ: Ընդ որում ընտրական վերջին 6 հանդիպումներում մեր հավաքականը գոլ չէր խփել:

Գոլային երաշտը շարունակվեց նաեւ մոսկովյան խաղում: Այս անգամ էլ արդեն 8-րդ րոպեին մերոնք գոլ բաց թողեցին: Բեսչաստնիխը հստակ իրացրեց 11 մ-ը, ապա 71-րդ րոպեին Կարպինը կրկնապատկեց հաշիվը:

12 տարի է անցել այդ հանդիպումներից, շատ բան է փոխվել երկու հավաքականներում: Այսօր ՀՀ հավաքականը մեծ ներուժ ունի եւ լավ հնարավորություն է ստացել ուղեգիր նվաճելու: Հետաքրքրական է, որ 1999-ին կայացած հանդիպումների մասնակիցներից այսօրվա խաղին նախապատրաստվում են միայն երկուսըՙ Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը: Կարծում ենք, որ նրանք իրենց խաղընկերների հետ կձգտեն ռեւանշի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4