Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել է Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հովիկ Աբրահամյանն ասել է, թե Րաֆֆու տեղը խորհրդարանում երեւում է, եւ հորդորել է դադարեցնել հացադուլը, բացի դրանից` լավ կլիներ Ընտրական օրենսգրքի նախագծերի քննարկմանը «Ժառանգության» պատգամավորները ներկա լինեին: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այցի համար` ասելով, թե հաճելի էր ԱԺ նախագահի հետ հանդիպել Ազատության հրապարակում: Մինչ ԱԺ նախագահի` Ազատության հրապարակ այցելելը Ր. Հովհաննիսյանին այցելել էին նաեւ ՀՀԿ, ԲՀԿ ու ՕԵԿ պատգամավորները: Առավոտյան ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե այցելելու են Հովհաննիսյանին` նրան փոխանցելով Գագիկ Ծառուկյանի հորդորըՙ հացադուլը դադարեցնելու: Իսկ ԲՀԿ նախագահը 2012-ի օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո Ր. Հովհաննիսյանի հացադուլի առիթով ասել է. «Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանելու իր ծրագրերը, ինչը ես գնահատում եմ: Նա խորհրդարանի մեր գործընկերն է, բոլորը նրան ճանաչում են որպես քաղաքական գործչի: Ես խոսքս ուղղում եմ նրան եւ իմ խմբակցությանն եմ տեղյակ պահել, որ ինքը դադարեցնի հացադուլը, որովհետեւ դա իր առողջության, կյանքի համար վտանգավոր է: Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց ա՛յդ ձեւով կարիք չկա, քանի որ կարելի է հանդուրժողական, աշխատանքային գործընթացով, խորհրդարանում ամբողջ խմբակցություններով համախմբվեն, նստեն, լսեն` ի՞նչ կարելի է անել, ո՞նց պետք է լուծվի եւ ի՞նչն է չլուծվելու պատճառը»:
Մ. Խ.