Հայաստանում ավելացել է մկնանման կրծողների թիվը: Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության ու բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը պատմում է. «Սյունիքի մարզում բանը հասել է նրան, որ քնամկները բարձրանում են ծառի վրա, ուտում նուռը, իսկ կորիզներն էլ պահեստավորում ձմռանն ուտելու համար»: Երեկ «Հենարան» ակումբում Գագիկ Մանուչարյանը թեեւ նշեց, որ բերքատվությունն ավելի շատ կախված է եղանակային պայմաններից, քան մկնանման կրծողներից, բայց միեւնույն ժամանակ հավելեց. «Մկնանաման կրծողները եւս կարող են ընդհանուր բերքին` տարեկան 10-15 տոկոսի չափով վնաս պատճառել»: Հանրապետության բոլոր մարզերում կրծողները բավականին մեծ վնասներ են հասցրել: Դաշտերում վնաս հասցնում են ինչպես մկնանման կրծողները, այնպես էլ կուրամկները` խլուրդները, որոնց դեմ երաշխավորված պայքար իրականացնել, ըստ Գագիկ Մանուչարյանի, դեռեւս չի հաջողվում: Այսօր դաշտերում կան շուրջ 4-5 տեսակի մկներ` քնամկներ, սովորական դաշտամկներ, ճագարամկներ եւ այլն: Սրանց տարածումը կանխելու համար հարկավոր է ձեռնարկել լուրջ ու կազմակերպված միջոցներ: Գագիկ Մանուչարյանը տեղեկացրեց, որ մկնանման կրծողների դեմ պայքարը կարողացել են կազմակերպել շուրջ 140 հազար հեկտարի վրա, մինչդեռ հանրապետությունում կան գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 միլիոն 100 հազար հեկտար հողատեսքեր, հետեւապես մկնանման կրծողների դեմ կատարված աշխատանքները չնչին են:
Խլուրդներն ու կրծողները շարունակում են վնասել բերքատվությանը, իսկ կառավարությունը, ըստ Գագիկ Մանուչարյանի, ֆինանսական դժվարին պայմաններից ելնելով` չունի այնպիսի հնարավորություն, որ դրանց դեմ պայքար կազմակերպի հանրապետության բոլոր տարածքներում: «Դրա համար էլ վերջին տարիներին բավականին տարածվել են մկնանման կրծողները, այսօր արդեն ունենք այն, ինչ որ ունենք», ավելացրեց բանախոսը:
Ի. Պ.