«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


«ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՄԱՄԲ

Այս կապակցությամբ «Ամերիա գրուպը» երեկ իրականացրեց սեմինար` «Իրավական պրակտիկայի կառավարում. տարրերը, գործիքները եւ փոխադարձ կապը» խորագրով: Հայ իրավաբանների, իրավաբանական անձանց, որոշ ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համար սեմինարը վարելու էր հրավիրված ռուս ճանաչված իրավաբան, LegalStudies.RU-ի ղեկավար գործընկեր Ալեքսանդր Խվոշինսկին : Լրագրողների հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ Հայաստանում նման սեմինարի անցկացումը «համագործակցության արդյունք է». «Սեմինարի նպատակն է կիսել մեր փորձը կոնկրետ հայ իրավաբանների հետ: Ըստ իս Հայաստանը, ի դեմս մեր գործընկեր «Ամերիա գրուպի», փորձում է կարգավորել ընկերությունների կառավարման համակարգը, եւ մեր խնդիրն է ցույց տալ դրա առավել արդյունավետ տարբերակները», ասաց Խվոշինսկին: Իրավաբանը, հույս հայտնելով, որ «ի վերջո Հայաստանում կլինեն բարձրակարգ իրավաբաններ», նշեց, որ ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ մեր երկրում այս պահին ոլորտում իրավիճակը «տխուր պատկեր» է հիշեցնում. «Սակայն ասեմ նաեւ, որ Հայաստանում իրավիճակը ավելի տխուր չէ, քան այլ ԱՊՀ եկրներում», նշեց Խվոշինսկին:

Իր հերթին «Ամերիա գրուպի» իրավական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենց ընկերությունը մտահոգված է նաեւ մրցակիցների` իրավական առումով ավելի կայացմամբ. «Որպես Հայաստանի իրավական դաշտում խաղացող, մենք խիստ կարեւորում ենք մեր մրցակից ընկերությունների պրոֆեսիոնալ կայացումը, քանի որ համոզված ենք, միայն ընդհանուր իրավական էթիկայի կանոնները հարգելով մենք կարող ենք ունենալ կայացած իրավական դաշտ եւ ազատ շուկայական հարաբերություններ», ասաց Սարգսյանը: Խոսելով կոնկրետ սեմինարի նպատակներից` «Ամերիա գրուպի» իրավական հարցերով տնօրենը նկատեց, որ այն միտված է` «բարելավելու իրավաբանի աշխատանքը հաճախորդի հետ, հնարավորինս փոխելու հաճախորդի ընկալումը իրավաբանի աշխատանքի նկատմամբ եւ առհասարակ` նպաստելու մեր երկրում էթիկայի նորմերի կիրառմանն ու պահպանմանը` իրավական գործունեություն իրականացնելիս»:

Ալեքսանդր Խվոշինսկին, նշեց, որ իրենց սեմինարները` Հայաստանում հավանաբար կլինեն շարունակական. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ես հաճախ եմ լինելու ձեր երկրում», նշեց ռուս իրավաբանը` հավելելով, որ տվյալ` առաջին սեմինարը կտեւի մոտ 4 ժամ. «Չնայած ես անձամբ ավելի երկար կաշխատեի, պարզապես պետք է նախապատրաստվել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը», եզրափակեց Խվոշինսկին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4