«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ «ՍՑԵՆԱՐ»

Մտահոգություններ մի ֆիլմի քննարկման առիթով

Այս դեպքը երբեք չէի ցանկանա առնչված լիներ Նարեկացի արվեստի միության հետ, քանի որ մշակութային այս օջախը 7-ամյա գործունեությամբ միշտ բաց է եղել հանրության առաջՙ մշակութային առողջ քարոզչությամբ, արվեստի տարբեր տեսակներ ներկայացնելով, մտավորականների հետ հանդիպումներով, զանազան մշակութային միջոցառումներով, մի շարք արժեքավոր հրատարակություններով, երաժշտական CD-ների թողարկումներով եւ բազմաթիվ հաճելի ու լուսավոր պահեր պարգեւել իր հյուրերին:

Ցավոք, տեղի ունեցավ երեկվա պատահարը, եւ դա իրականություն է, ինչը պետք է գուցե հուշի միության ղեկավարինՙ այդուամենայնիվ, ավելի ուշադիր լինել սրահը տրամադրելու հարցում, մանավանդ որ ծառայություններն անվճար են եւ մուտքըՙ ազատ: Ի վերջո, մարդիկ ժամանակ են դրան տրամադրելու եւ ասելիք, դիտելիք պիտի լինի, մեր պարագայում նաեւՙ գրելիք: Այս անգամ գրելիքը անսպասելի բովանդակություն պիտի ունենա: Գլխավորը ոչ թե ցուցադրվող ֆիլմերն էին, թեեւ հանդիպման առիթն էր դա, այլեւ ընդհանուր մթնոլորտը, երեւույթըՙ քննարկման աննախադեպ շարունակությունը:

Նարեկացի արվեստի միության մամլո հաղորդագրությունը ձեւակերպված էր այսկերպՙ «Հայ ռեժիսորի խնդրահարույց ֆիլմի հատուկ ցուցադրություն-քննարկում»: Ներկայացվում էր Դավիթ Ստեփանյանիՙ «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի պատվերով նկարահանած եւ տարաձայնությունների պատճառով, իրենց բնորոշմամբ, սուր գրաքննադատության եւ կրճատումների ենթարկված «Հասցենՙ Հայաստան» ֆիլմը:

Ներկայացվեցին ֆիլմի թե՛ հեղինակային (նախնական), թե՛ կրճատվածՙ «Թիմը», տարբերակները: Ֆիլմը նվիրված էր 2006-ին Թուրինում եւ 2008-ին Դրեզդենում անկացված շախմատի միջազգային օլիմպիական խաղերում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անընդմեջ 2 հաղթանակներին` չեմպիոնական տիտղոսներին:

Ռեժիսորի «Թեղուտ»ՙ 10 րոպեանոց ֆիլմը իր նախաձեռնությամբ նկարահանված, վերջում ցուցադրվեց. սա ընդհանուր հայացք է Թեղուտիՙ վերջին տարիների մեծ հնչեղություն ստացած բնապահպանական կարեւորագույն խնդրին: Հեղինակի անհանգստությունը, մտահոգությունները արտահայտված են մի քանի կադրերի միջոցովՙ բնության նախնական, անխաթար վիճակՙ սերմնացաններով, լավաշ թխող կանանցով, հետո հանքարդյունաբերության հռնդյուններ, վեր բարձրացող ծխի սեւ քուլաներ, կտրատված հսկայական անտառներ ու բնապահպանների բողոքի ճիչըՙ ոստիկանական բռի ուժի միջամտությամբ ու կանանց աղաղակները:

Որեւէ վերաբերմունք, կարծիք, թեկուզ լրագրողական դիտարկում առաջին ֆիլմի վերաբերյալ անելն իմ կողմից ոչ ճիշտ, նաեւ պատշաճ չէՙ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված ֆիլմը թերի դիտելուս պատճառով: Այդուամենայնիվ 2 տարբերակների 25-30 րոպեանոց դիտումի տպավորությամբ, մեր ազգային հավաքականի հաղթանակները գոնե ոգեւորության որեւէ զգացում արթնացնեի~ն: Գուցե սա չէր մտնում նրանց ծրագրերի մեջ: Իսկ հատկապես բացակայում էին գեղարվեստական-ստեղծագործական տարրը եւ գեղագիտական հայացքը:

Եւ սակայն հետագա իրադարձություններն են, որ մեզ մտորելու են մղում, փոքր-ինչ ծավալվելու հայկական տիրող իրականության շուրջը:

Հայաստանյան մշակույթի եւ առհասարակ բոլոր ոլորտներում, բացառությամբ առանձին անհատների եւ սահմանափակ առողջ միավորների, գործող չափանիշները վաղուց բարոյական նորմերից դուրս են: Ապացույցը, վկայությունը մեր այսօրվա կյանքն է, իրականությունը, հայկական շաղված, պղտորված-անառողջ մթնոլորտը: Սրա հիմնական կրողներից մեկը հայկական հեռուստատեսությունն էՙ վաղուց արդեն իր վատահամբավ հաղորդումներով հանրության գիտակից շերտից արդարացիորեն արհամարհված (հումորային եւ գովազդային անհեթեթություններ, անմիտ շոուներ, կենցաղային ձայներ- տափակ սերիալներ): Սրանք մտայնություն ձեւավորող լուրջ գործոններ ենՙ գրագիտություն ու սեփական արմատները մոռացած լայն զանգվածների վրա բավական ներազդող միջոցներ, որոնց հանրային հեռարձակումները ազատ են արձակում ամեն ապաշնորհության եւ անգրագիտության ձեռքեր: (Հանրակրթական ու մասնագիտական կրթարանները կարծես միանգամայն այլ գործերով (բիզնեսով) են զբաղված, փոխել են իրենց բնույթը): Նկատել տանք նաեւ ընդունված չափանիշների այլեւս սովորական դարձած իրողությունը. եթե գրական կամ երաժշտական շուկան ողողված է ամեն տեսակ աղբով, որոնց տերերն իրենց ապրանքը վաճառում են արվեստի նշանի տակ, ինչու նույնը չպիտի լինի մյուս ասպարեզներում:

Անդրադառնալով քննարկմանը` մեխը, կարելի է ասել, պատվիրող կողմի գրաքննության մերժումն էր:

2004-ից 2009-ը «Հայկ» կինոստուդիայի ռեժիսոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Դավիթ Ստեփանյանն այժմ ներկայանում է որպես անկախ ռեժիսոր եւ ինչպես «Թեղուտը», հաջորդ ֆիլմն էլ սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով է հեղինակելու, որովհետեւ պատվիրատուն իր պահանջներն է դնում, իսկ ինքը համակերպվող-լռողներից չի:

Քննարկումն, իհարկե, առաջին ֆիլմի շուրջն էր հիմնականում, եւ սցենարիստը երբեք չէր կարող երեւակայել իր ֆիլմի նման «շարունակություն»ՙ արդեն իրականության մեջ, այս անգամ իր դերակատարությամբ նաեւ: Այնպիսի տպավորություն էր, թե քննարկման սցենարը նախապես պլանավորված էր. մի քանի դրական կարծիքներ, հետոՙ գուցեեւՙ բացասական էլ հնչի: Բայց անսպասելին պատահեց, երբ առաջին երկու դրական կարծիքներից հետո հնչեց հանդիսատեսներից մեկի պարզ հարցադրումըՙ գրագետ, կիրթ, նախ վերաբերմունք եւ կարծիք, ապաՙ հարց, թե ինչո՞ւ «Հայկ» կինոստուդիայի պատվերով նկարահանած ֆիլմը, որի վրա դրամ է ծախսվել, չի ընդունվել, չի ցուցադրվել, թողարկվել է երկրորդ տարբերակը, ինչո՞ւ պետականորեն ֆինանսավորված ֆիլմը լայն լսարանին չի ներկայացվում, այլ այստեղՙ 40-50 հանդիսականի միայն: Եվ ո՞րն է ֆիլմի կոնցեպցիան, ասելիքը: Հարցը հակազդվեց սցենարիստի տարօրինակ պահվածքովՙ աստիճանաբար ագրեսիվացող ու խոսակցությունը շիկացնող, որին հետեւեցին փողոցային ժարգոնի ծանոթ հնչերանգային արտահայտություններ: Ցավալիորեն, «արա ապեր, արի դուս, կիմանաս ես ով եմ»-ի «գայթակղությանը» հարցադրող կողմը չդիմացավ ու դուրս եկավ: Քիչ անց դիմացի այգու մթությունը խտացավ տղամարդկանց խմբերի սիլուետներով. հայհոյանքների տարափ, քաշքշոց, որին շատ արագ հետեւեց քաղաքային ոստիկանության արձագանքը, եւ շարունակությունը տեղափոխվեց Կենտրոնի ոստիկանություն:

Քննարկման երիտասարդ կազմակերպիչն ու վարողը, անտեղյակ վերջին զարգացումներից, շարունակեց իր գործը, ավարտին խոստանալով չկազմակերպել այլեւս նման քննարկում, քանի որ երկխոսության մենք պատրաստ չենք: Սա, իհարկե, ճշմարիտ է եւ ամենատարբեր մակարդակներում ակնհայտ:

***

Ո՞ւր են մեզ տանելու մեր փուչ ինքնավստահությունը, մասնագիտական արհամարհանքը, չափանիշերի այս խեղաթյուրումները, եւ ինչպիսի՜ հավակնոտություն միջակության գորշ զանգվածի տարածքում: Ինչպիսի~ խեղճություն ու հակազդեցության խուլ թշնամանք:

Մեր հասարակությունը օդի պես կարիք ունի համատարած դաստիարակությանՙ տարրական էթիկայից սկսած, վարվելաձեւի, պահվածքի, խոսելաձեւի, վարքագծի, նիստ ու կացի, նրա թմրող գիտակցության մեջ պարբերաբար ներարկել է պետք մարդկայինՙ այսօր ամենաանտեսված զգացումըՙ հարգանքը նախ իր (սեփական արժանապատություն), ապա դիմացինի, միջավայրի նկատմամբ, կարգավորել նրա մտքի ու հոգու քաոսը, մոտեցնել մարդկային իսկական արժեքներին:

Ինչ անեծք է տգիտությունը կարգել թագավոր, ազատությունը վերածել անբարոյականության: «Թեղուտ»-ում ռեժիսորի օգտագործած կադրերից մեկում հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքըՙ մենք կփրկվենք, երբ վերագտնենք մեր բարոյականությունը, փորձենք, թեեւ շա՜տ է դժվար, բայց կյանքի կոչել, թեկուզՙ աստիճանաբար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. - Մի քանի պարզաբանումների համար քննարկումն անցկացնող երիտասարդ կինոգետի հետ հաջորդ օրվա հեռախոսազրույցում հայտնաբերեցի հայկական տիրող իրականությանն իմ` իսկապես օտար եւ անհաղորդ լինելս ու կյանքի բերումով լրագրողական աշխատանքիսՙ իր ասելով (նման երեւույթների) փորձի պակասը, երբ նկատել տվի, որ համենայն դեպս երեկվա միջադեպը մտավորական, մշակութային միջավայրերին բնորոշ չէ, գոնե ինձ անծանոթ եւ արվեստ ներկայացնող մարդկանց պատիվ չբերող: Հասկացա նաեւ, որ նման երեւույթները, չնայած ցավալի, բայց քանի որ տարածված են, ուստի սովորական են այլեւս: (Գուցե երիտասարդ արվեստագետների մոտ այդպիսի բարքե՞ր են ընդունված): Զարմանալին սակայն, երեւույթների (բնավ ֆիլմագիտություն անելու կամ թեկուզ կարծիք հայտնելու մասին չէ խոսքը) ընկալման տարակարծություն չհանդուրժելու խոսակցիս մոտեցումն էր. մի քանի խոսքերիցս հետո, նրաՙ դեռ չգրված հոդվածիՙ դեղին մամուլի հրապարակում որակելու կանխակալ կարծիքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4