«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2011-03-25 | #53, 2011-03-26 | #54, 2011-03-29


ՇՈՒՏՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱԶԳԻ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿԻ ՓԱՐԻԶՈՒՄ

Բրիտանական ոչ կառավարական Wilton Park կազմակերպության մարտի 24-26-ը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության օժանդակությամբ «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի 3-րդ օրը, մարտի 26-ին, ունեցած իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձ կատարեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ հիշեցրեց իր նախորդ ելույթներից մեկի ժամանակ տված բնորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Մեր բոլոր հարեւանները մեր բարեկամներն են, իսկ Հայաստանըՙ մեր պոտենցիալ բարեկամը»:

Ելույթից հետո տարբեր մասնակիցներին առիթ տրվեց հարցեր ուղղելու նախարարին: Վերջինս հարցերին պատասխանեց հանգամանալից, այդ թվում նաեւ համաժողովին հրավիրված «Ազգի» գլխավոր խմբագրիՙ Թուրքիա-Հայաստան պրոտոկոլների ճակատագրի վերաբերյալ հարցին: Դավութօղլուի պատասխանի ավելի ընդարձակ անդրադարձումը վերապահելով մեր թերթի հաջորդ համարին, առայժմ նշենք նրա խոսքի վերջինՙ լրագրողական առումով թերեւս ամենահետաքրքրական հատվածը:

Խոսելով Թուրքիայիՙ դեպի աշխարհը լայն բացվածության մասին, ավելի շուտՙ ընդգծելու համար այն, Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ շուտով, առաջիկա 3 ամիսների ընթացքում, մի թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ, Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Նախարարն ասաց, որ նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքովՙ որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր գործերից մեկը: Ու ես հասկանում եմ նրան, ասաց Դավութօղլուն, ես էլ եմ եղել նրա վիճակումՙ ստիպված լինելով իմ անձնական հեղինակային գործերը հետաձգել անորոշ ժամանակով:

Դավութօղլուն ոչինչ չասաց ապագա դեսպանի ինքնության մասին: Այդ մասին ոչինչ չգիտեին նաեւ Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան աշխատակիցները, որոնց հետ «Ազգի» խմբագիրն առիթ ունեցավ հետագայում առանձին զրուցելու համաժողովի շրջանակներում: Նրանք ասացին, որ բոլորովին անակնկալ էր իրենց համար այդ տեղեկությունը: Միայն նրանցից մեկը «Ազգ» -ի խմբագրին ասաց, որ այդ անձնավորությունը նշանավոր MIT համալսարանի դասախոս է, տնտեսագիտական աշխարհին քաջ հայտնի, որ մի քանի անգամ իր կարեւոր մասնակցությունն է բերել նաեւ Թուրքիայի տնտեսությանը վերաբերող միջազգային համաժողովներին:

Ավելի ուշ «Ազգ» -ին հաջողվեց պոլսահայ լավատեղյակ շրջանակներից պարզել այդ անձի անունըՙ Տարոն Աջեմօղլու: Պոլսահայ ուսուցիչների զավակ այս գիտնականը MIT-ում տնտեսագիտական բաժնի վարիչն է եւ նույն համալսարանում ղեկավարում է մասնագիտական մի խումբ, որի հետազոտությունների արդյունքն առնվազն երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:

Կարծում ենք, որ այս տեղեկությունը միանշանակ չի դիմավորվի հայկական մամուլի կողմից, ներսում թե դրսում, իսկ թուրքական քարոզչությունը կարեւոր միավորներ կապահովի միջազգային ասպարեզում:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4