Մինսկի խումբը խախտում է իր իսկ մանդատը
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Մարտի 25-ի համարում «Ազգը» ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ անցյալ տարվա հոկտեմբերի 7-12-ը ԼՂ հարակից շրջաններում իրականացրած դաշտային առաքելության վերաբերյալ զեկույցի որոշ մանրամասներ: Հիշեցնենք` այս ամիս ժամանելով տարածաշրջան, Մինսկի խմբի համանախագահները, նախքան վերոհիշյալ զեկույցի հրապարակումը, այն ներկայացրել էին հակամարտ կողմերին: Համաձայն զեկույցիՙ Մինսկի խմբի համանախագահները արձանագրել են. «Ճամփորդելով ավելի քան 1000 կմ` համանախագահները տեսան ԼՂ հակամարտության եւ դրա չկարգավորված լինելու աղետալի հետեւանքները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են ու ավերված: Թեեւ վստահելի տվյալներ չկան, բնակչության թիվը կազմում է մոտ 14 հազար մարդ, ովքեր ապրում են փոքր գյուղերում ու Լաչին եւ Քելբաջար քաղաքներում: Համանախագահները արձանագրեցին, որ 2005-ից ի վեր բնակչության էական աճ չի գրանցվել: Բնակիչները` մեծ մասամբ ազգությամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից, ապրում են ծանր պայմաններում` թերզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվությամբ ու հանրային ծառայությունների սահմանափակ հնարավորություններով: Վարչական նկատառումներով` ԼՂ-ի հարակից Ադրբեջանի 7 շրջանները եւ նախկին ԼՂ մարզը միավորվել են 8 նոր շրջանների մեջ»:
«Ազգ»-ի մարտի 25-ի համարում արդեն իսկ հրապարակված այս մեջբերումը մենք թերեւս նորից չանեինք, եթե նույն զեկույցին չարձագանքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն: Այսպես` զեկույցի նույն այս հատվածում հարեւան երկրի արտգործնախարարությունը տեսել է հետեւյալը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը եւս մեկ անգամ համոզվեց, որ Հայաստանը շարունակում է բնակեցնել Ադրբեջանի օկուպացված շրջանները` փոխելով վերջինների ենթակառուցվածքներն ու տնտեսական գործոնները: Շրջափակված տարածքներում բնակիչներից շատերը բնակվում են նոր կառուցված տներում, որոնք կառուցվել են ի հաշիվ հայկական սփյուռքի միջոցների: Բնակավայրերի մեծամասնությունը էլեկտրիֆիկացված են: Որոշ բնակավայրեր` անգամ գազաֆիկացված: Չնայած սահմանափակ ժամանակահատվածին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրել են, որ հայերը անօրինական գործունեություն են ծավալել եւ ծավալում շրջափակված շրջաններում, մինչդեռ անօրինական բնակեցումը արգելակում է հիմնահարցի խաղաղ կարգավորման ընթացքը, ինչի արմատական լուծումը հնարավոր է միայն ադրբեջանական հողերի վերադարձի պայմանում»: Թե որտե՞ղ, կոնկրետ ո՞ր բառերից է Ադրբեջանը հասկացել, որ «բնակավայրերի մեծամասնությունը էլեկտրիֆիկացված են, իսկ որոշները` գազաֆիկացված», դժվար է ասել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցում ընդամենը արձանագրված է. «...բնակիչներն ապրում են ծանր պայմաններում, թերզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվությամբ եւ հանրային ծառայությունների սահմանափակ հնարավորություններով»:
Բացի դրանիցՙ Մինսկի խմբի համանախագահների զեկույցում խոսք անգամ չկա ԼՂ շրջակա տարածքների` Հայաստանի կողմից վերաբնակեցման մասին, հակառակը, զեկույցում արձանագրված է, որ «2005-ից ի վեր բնակչության էական աճ չի գրանցվել», բացի դրանիցՙ «բնակիչները` մեծ մասամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից...»: Թե ի՞նչ կապ կարող է ունենալ Ադրբեջանի «այլ շրջաններից» ազգությամբ հայերի` ԼՂ շրջակա տարածքներ տեղափոխվելու փաստի հետ Հայաստանի Հանրապետությունը, մնում է պարզել Ադրբեջանին, ինչպես նաեւ այն, որ «շրջաններում ապրում են մեծամասնությամբ հայեր», այսինքն այլ ազգություններ` քրդեր կամ եզդիներ, ինչպես ապրել են ԼՂ շրջակա տարածքներում մինչ ռազմական գործողությունները, այդպես էլ ապրում են:
Մինսկի խմբի զեկույցի հետ կապված Panorama.am-ի հետ զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը: Վերջինս, ընդգծելով, որ «ղարաբաղյան կողմը ողջունում է ամեն տիպի զեկույց, որը լինում է օբյեկտիվ եւ արտացոլում է առկա իրական վիճակը», նշել է, որ իրենք, սակայն, համաձայն չեն զեկույցում տեղ գտած որոշ ձեւակերպումների. «Սկսենք նրանից, որ արցախյան կողմը այդ 7 շրջանները չի դիտում որպես օկուպացված կամ ռազմակալված տարածքներ: Համանախագահների կողմից օգտագործվող տերմինաբանությունը հնուց եկած տերմինաբանություն է, որը չի համապատասխանում բուն իրավիճակին, քանզի այդ տարածքները ոչ թե օկուպացվել են, այլ` ազատագրվել», ասել է Բաբայանը` հավելելով, որ «արցախյան կողմը դեռ առավել մանրամասն ուսումնասիրում է զեկույցն ամբողջությամբ, եւ հետագայում առավել ընդգրկուն կներկայացվի Ստեփանակերտի տեսակետը»: Մեր կողմից, սակայն, չենք կարող չանդրադառնալ համանախագահների` «հնուց եկած» տերմինաբանությանը: Նախ` նշելով «ԼՂ-ի շուրջն Ադրբեջանի 7 գրավյալ շրջանները», ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ ավել, ոչ պակաս, խախտում է իր իսկ մանդատը, որը նրան է տրվել 1995-ի մարտի 23-ին Վիեննայում, այն էՙ բացառապես «Քաջալերել հակամարտության առանց ուժի կիրառման լուծումը եւ ի մասնավորի նպաստել խաղաղ եւ համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին», ոչ մի խոսք ավելին: Այսինքն հակամարտության գոտում գտնվող որեւէ տարածքի որակավորում տալը Մինսկի խմբի մանդատի մեջ չի տեղավորվում, որեւէ մեկը միջնորդ կազմակերպությանը նման լիազորություն չի տվել: Մանավանդ որ որեւէ մեկն այսօր չի կարող ներկայացնել թեկուզ մեկ օրինական, միջազգային փաստաթուղթ, որով փաստարկված կլինի այդ տարածքների «ադրբեջանական լինելը»: Ինչպես բազմիցս նշել է մեր թերթը` Ղարաբաղը կամ նախկին ԽՍՀՄ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը սահմանում է միայն Կոմկուսի Կովկասյան բյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի որոշումը, մինչդեռ միջազգային իրավունքը հստակ սահմանում է, որ որեւէ տարածքի իրավատիրությունը որոշվում է ոչ թե տվյալ տարածքի վարչական կառավարմամբ, այլ` տվյալ տարածքի տիտղոսով. կուսակցության, առավել եւս կուսակցական մարմնի նմանատիպ որոշում զուրկ է իրավական ուժ ունենալուց: Մանավանդ որ ԼՂԻՄ-ը հանդիսացել է ԽՍՀՄ սուբյեկտ` պարզապես «վարչական կառավարման տրված լինելով» ԽՍՀՄ մեկ այլ սուբյեկտի, եւ ինչպես Սովետական երկրի բոլոր սուբյեկտների, այնպես էլ ԼՂԻՄ-ի վրա տարածվել է բացառապես ԽՍՀՄ օրենսդրությունը:
Մնում է միայն հույս հայտնել եւ պարբերաբար «հիշեցնել» մանավանդ եվրոպացի դիվանագետներին, որ «այդքան բարդ» ԼՂ հիմնահարցը սովետական, իրենց կողմից այդքան դատապարտելի ստալինյան քաղաքականության հետեւանք է, եւ գաղտնիք չէ, որ հանցագործությունը չի կարող լինել իրավունքի հիմք: