Եվրոմիությունը պատրաստվում է լուրջ վերափոխության ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել տրամադրվող օգնության դիմաց: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է Եվրոմիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ում խոսքով` պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակը:
«Ազգը» դեռեւս մարտի 18-ին անդրադարձել էր արեւելյան գործընկերների հանդեպ մոտեցման վերանայման հանգամանքին: Մասնավորապես տեղեկացրել էինք, որ Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն իր մարտի կեսերին տեղի ունեցած նիստում հավանություն էր տվել Հարեւանության ծրագրի վերանայման զեկույցին` ինչպես արեւելյան, այնպես էլ հարավային ուղղությունների կտրվածքով: Ըստ զեկույցի, հանձնաժողովի անդամները չէին կարողացել գալ ընդհանուր համաձայնության, թե արդյոք պետք է արեւելյան գործընկերներին ԵՄ-ին անդամության հեռանկար տրամադրել:
Ըստ Եվրոխորհրդարանի աշխատանքային ընթացքի, մարտի վերջին արդեն Եվրոխորհրդարանի քննարկմանը դրվելիք խորհրդարանական բանաձեւում որեւէ կերպ չի նշվում հեռանկարում գործընկերների` ԵՄ-ին անդամության հավանականությունը: Արեւելյան գործընկերության առումով ԵՄ մոտեցումների վերանայման մասով բանաձեւի նախագիծը նշում է, որ նորացված հայեցակարգի համաձայն կսահմանվեն առավել հստակ ցուցանիշներ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների համար, որոնց հասնելու դեպքում միայն գործընկեր երկրները կարող են ԵՄ առավել մեծ աջակցության հույս ունենալ:
Շտեֆան Ֆյուլեի հավաստմամբ, վերանայման գործընթացի արդյունքում միեւնույն քաղաքականությունը կբանեցվի թե՛ հարավային, թե՛ արեւելյան հարեւանների նկատմամբ, սակայն կմեծանան տարբերակումները ոչ միայն Հարավի եւ Արեւելքի միջեւ, այլեւ այդ տարածաշրջանների ներսում նվազագույնի կհասցվեն ընդհանրացված մոտեցումները, եւ առանձին ծրագիր կառաջարկվի յուրաքանչյուր գործընկերոջ:
Ֆյուլեն, փաստացի, մանրամասնել է Եվրոխորհրդարանի մակարդակով քննարկումների բովանդակությունը: Այսինքն` վերանայված քաղաքականության իրագործմանը լայնորեն մասնակցելու են Եվրոմիության նոր դիվանագիտական կորպուսներն ու վերջերս ձեւավորված արտաքին գործողությունների ծառայությունը:
«Կարճ ասած` կիրառվելու է որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ առավելություններ սկզբունքը», ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին, ում երկիրը հուլիսին վեց ամսով ստանձնելու է Եվրոմիության նախագահությունը: Ըստ նրա, Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականությունը պետք է քաջալերի այն երկրներին, որոնք իրական առաջընթաց են արձանագրում: «Մենք ուզում ենք ավելին տալ նրանց, ովքեր ավելին են անում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, որքան արագ են բարեփոխումները, որքան բաց է երկիրը` եվրոպական գործընթացների նկատմամբ, այնքան արագ պետք է լինեն Եվրոմիության արձագանքները»:
Արեւելյան գործընկերության մասնակից երկրներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրանիայից սպասելիքները տարբեր են: Արեւելյան գործընկերության մասնակից երկրներից Բելառուսի հետ խորհրդարանական ձեւաչափում համագործակցության առումով առաջացած խնդիրները եւ արդեն իսկ գործադրվող որոշակի պատժամիջոցները եւս կարող էին մտահոգություն առաջացնել ԵՄ-ում: Սլովակիայի արտգործնախարարն, ի դեպ, հայտարարել է, թե պատրաստվում է ապրիլին նոր` տնտեսական պատժամիջոցներ ներկայացնել, եթե պաշտոնական Մինսկը մինչ այդ չդադարեցնի բռնությունները ընդդիմության նկատմամբ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ