Մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը, ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի , եւս մեկ անգամ ցույց տվեց Մոսկվայի հետաքրքրական մարտավարությունը` որպես ԼՂ հիմնահարցի միջնորդի: Երեկ կայացած ասուլիսում փորձագետը կարծիք հայտնեց, որ վերջին նման հանդիպումներից հետո թեկուզ չնչին, բայց տեսանելի արդյունք կա: «Կոնկրետ Սոչիի հանդիպման կարեւորագույն արդյունքը համարում եմ ռազմագերիների վերադարձը», նշեց Ջամալյանը` հավելելով, որ ներկա պահին անիրատեսական կլինի հումանիտար գործակցությունից ավելին պահանջել նախագահների հանդիպումից: Ինչ վերաբերում է շփման առաջին գծում, նախագահների հանդիպումից հետո եւ առաջ ադրբեջանական կողմի սովորություն դարձած սադրանքներին, ապա փորձագետը կարծիք հայտնեց, որ դրանք ուղղված են ինչպես արտաքին, այնպես էլ Ադրբեջանի ներքին ոլորտներին: «Բաքուն ցույց է տալիս միջազգային հանրությանը, որ ինքը պատրաստվում է պատերազմի` լուծելու իր համար «կենսական նշանակություն» ունեցող ԼՂ հիմնահարցը: Պատահական չէ, որ հատկապես եվրոպական ամենատարբեր հարթակներում վերջին ժամանակներում Ադրբեջանը հանդես է գալիս, ես կասեի` էկզոտիկ հայտարարություններով, ըստ որոնց` Ադրբեջանում չի կարող լինել լիարժեք ժողովրդավարություն, քանի դեռ չլուծված է մնում ղարաբաղյան հիմնահարցը», ասաց Ջամալյանը: Ինչ վերաբերում է ներքին ոլորտին, ապա, փորձագետի մեկնաբանմամբ, հեղափոխություն ապրած արաբական երկրների նման «արտակարգ` պատերազմի պատրաստվող իրավիճակում» տեւական ժամանակ գտնվող Ադրբեջանի նախագահը սրում է վիճակը այնտեղ, որպեսզի ադրբեջանցի հասարակությանը հնարավորինս համախմբի իր իշխանության շուրջը. «Այս գործում Իլհամ Ալիեւի համար խիստ կարեւոր են ադրբեջանցի դիպուկահարները: Պատահական չէ, որ այդ երկիրը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդառաջելու միջնորդ երկրների հորդորներին` հանել դիպուկահարներին շփման առաջին գծից, ինչի վերաբերյալ հայկական կողմերը բազմիցս են հայտնել իրենց պատրաստակամությունը, եթե այդ քայլը լինի երկկողմանի», եզրակացրեց Ջամալյանը:
Հ. Ա.