Երբ 2008-ի օգոստոսյան վրացական պատերազմից հետո տեւական ժամանակով փակվեց Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, անկեղծորեն ուրախացա: Հասկանալի է, թե ինչ նշանակություն, արժեք ունի այդ ճանապարհը մեր շրջափակված երկրի համար, տեսանելի էին նաեւ Հայաստան-Ռուսաստան նվազող ապրանքաշրջանառության թվերը, սակայն այս ամենը, հաշվի առնելով էլ Հայաստանից Ռուսաստան տանող փակված ճանապարհը, ուրախալի էր, եւ ահա, թե ինչու: Պարզապես ամեն շաբաթ ստիպված չէինք լինում տեսնել հատկապես մարզային ավտոկայաններում սարսափելի մի պատկեր. մարդիկ ընտանիքներով, կապոցներով, հուսալքության մեծ «պաշարով» հեռանում են Ռուսաստան:
Այժմ «հարմարավետ ավտոբուսները» «ընդամենը մի քանի օրում» մեզանից շատերին կրկին տանում են այդ ճանապարհով, ոմանց` անվերադարձ:
Ինչպես նշում են հարեւան Ադրբեջանի որոշ ոչ իշխանական լրատվամիջոցներ` Ադրբեջանում նույնպես նույն պատկերն է. մի տարբերությամբ, որ Ադրբեջան-Ռուսաստան սահմանը երբեք չի փակվել, բացի սրանից` ադրբեջանցիներից ոմանք ընտրում են նաեւ Իրանի ճանապարհը, ոմանք` անվերադարձ: Թե ի՞նչ պատճառով են հակամարտ Հայաստանն ու Ադրբեջանը լքում համապատասխանաբար հայերն ու ադրբեջանցիները, եւ դեռ որքա՞ն այս ամենը պետք է շարունակվի, կարծում ենք, գաղտնիք չէ եւ քննարկման այլ թեմա է: Շատ ավելի հետաքրքրական է, թե ի՞նչ կլինի, երբ երկու ավտոբուս, մեկըՙ Ադրբեջանից, մյուսը` Հայաստանից, ռուսական ճանապարհին հանկարծ հանդիպեն մի բնակավայրում, երբ երկուսն էլ կանգ առնեն, ասենք` լիցքավորվելու կամ հանգստանալու: Մոտավորապես նման պատկերի կարելի է հանդիպել նաեւ որեւէ «երրորդ երկրի» օդանավակայանում, երբ Բաքվից եւ Երեւանից ժամանող թռիչքները ժամերով համընկնում են: Երբ ուղեւորները տեղեկանում են միմյանց հասցեների մասին, սկսվում է բավական ուշագրավ մի երեւույթ. սառը, բայց միեւնույն ժամանակ` խիստ «տաք» հայացքներ, ոմանք նույնիսկ երեխաներին փորձում են որոշակիրոեն հեռու պահել «դիմացի խմբից»: Այս ամենին զուգահեռ անհնար է հայերի ու ադրբեջանցիների հայացքների մեջ չտեսնել փոխադարձ հետաքրքրություն, հատկապես տարիքով ավելի մեծերի, զրուցելու, թեկուզ բանավիճելու, մի ընդհանուր խոսքով` շփվելու ցանկություն:
«Ես Դաշքեսանից եմ, ես էլ»
42-ամյա Հայկ Մամիկոնյանը ` Աբովյան քաղաքից, այնպես էլ չկարողացավ, իր խոսքերով, «նորմալ աշխատանք» գտնել հայրենիքում: Ավարտած լինելով նախկին Պոլիտեխնիկը, Հայկը սկզբում աշխատել է քաղաքի գործարաններից մեկում, այնուհետեւ` վերջինի փակումից հետո, մնացել անգործ: Զբաղվել է առեւտրով, շինարարությամբ եւ այլն: Վերջերս էլ, «որեւէ հեռանկար չտեսնելով Հայաստանում», որոշել էր մեկնել Ռուսաստանՙ եղբոր մոտ, Կրասնոդար: Հայկը նախատեսում է այնտեղ «հարմարվելուց» հետո տեղափոխել նաեւ ընտանիքը` դպրոցահասակ երկու որդիներին: Անհրաժեշտ գումար չունենալու պատճառով Հայկը որոշեց ավտոբուսով մեկնել, եւ Վրաստանի սահմանը նոր անցած, դեռ ճանապարհին, նրանց ավտոբուսը կանգ առավ` «նույն իրենցի նման մեկ այլ ավտոբուսի կողքին». որոշ ժամանակ անց միայն, ծխելու համար մի փոքր հեռու գնացած տղամարդիկ մյուս ավտոբուսի վրա կարդացին` «Բաքու-Կրասնոդար»: Հենց այս վերջինից էլ իջավ Ռուստամ Բաբաեւը` կրկին 40-ն անց եւ կրկին, ինչպես հետագայում պարզվեց, Կրասնոդար` եղբոր մոտ մեկնող, այնուհետեւ ընտանիքին տեղափոխելու մտադրությամբ: Երբ Ռուստամն իջնում էր, Հայկն արդեն գիտեր, որ դա Բաքվի ավտոբուսն է, եւ երբ ադրբեջանցին կրակ ուզելու ցանկությամբ դիմեց Հայկին, վերջինս հեգնական ժպիտով, մի քանի վայրկյան «դիտմամբ» ուշացնելով միայն վառեց դիմացինի սիգարետը: Իսկ երբ Ռուստամն ասաց հետեւյալ բառերը` «Տունս Դաշքեսանում թողած, ընկա ռուսի երկիր...», Հայկն այլեւս չկարողացավ իրեն զսպել. «Դաշքեսանի՞ց ես», «Այո», պատասխանեց Ռուստամը: «Ես էլ», ծանր հոգոց հանելով ավելացրեց Հայկը: Զրուցակիցները մի քանի վայրկյան լուռ նայեցին իրար, եւ միայն այդ ժամանակ ադրբեջանցու հայաքը ընկավ իրենց ավտոբուսի հետեւում կանգնած ավտոբուսի ցուցանակին` «Երեւան-Կրասնոդար». մի քանի րոպե երկուսն էլ լուռ էին... Մեկ-երկու բառ փոխանակեցին հետո, եւ միայն վերջում, երբ երկու վարորդները հրահանգեցին վերադառնալ ավտոբուս, Հայկը հեռացող Ռուստամի հետեւից հավելեց. «Ամեն ինչ նո՞ւյնն է Դաշքեսանում, ի՞նչ նորություն կա...», «Ամեն ինչ լավ է, ապրում ենք...», ոչ կոպիտ, այլ ժպիտով պատասխանեց ադրբեջանցին:
Մամիկոնյան Հայկը շենքում մեր հարեւանն է, եւ այս ամենի մասին տեղակացանք նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ: Տեղեկացանք նաեւ, որ Կրասնոդարի մերձակա փոքրիկ բնակավայրերից մեկում գոյություն ունի խանութ` «Դաշքեսան» անունով. խանութում այժմ աշխատում են Հայկն ու Ռուստամը, իսկ սեփականատերերն են նրանց եղբայրները: «Մենք գտել են ձեւը. երբեք չենք խոսում, թե ո՞ւմ է պատկանում Դաշքեսանը, հայրենիքի մասին խոսելիս միշտ օգտագործում ենք «մեր...» բառը», հեռախոսով ասաց Հայկը` հավելելով, որ ընդամենը երկու օր առաջ չորս դաշքեսանցիներով վայելում էին հենց այնտեղից ուղարկված ընտիր գինին... Շուտով Կրասնոդար կտեղափոխվեն մեր հարեւան Մամիկոնյանները, ինչպես նաեւ Բաբաեւները` Ադրբեջանից: Իսկ մինչ այդ ռուսական քաղաքում միասին դպրոց, դպրոցից տուն, ինչպես նաեւ ֆուտբոլի են գնում եւ բակում խաղում Հայկի ու Ռուստամի եղբորորդիները:
«Ադրբեջանցիների հետ հավաքվում ենք ընտանիքներով...»
Ոչ միայն Մամիկոնյաններն ու Բաբաեւները, այլեւ ամբողջ Լիպեցկ քաղաքի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հաճախակի են հանդիպում: Ինչպես օրեր առաջ ռուսական այդ քաղաքի պաշտոնական կայք gorod48. ru-ին հաղորդել էր Ռուսաստանի հայերի միության Լիպեցկի բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Մալխասյանը , քաղաքի հայկական, ադրբեջանական եւ հրեական համայնքերը միավորվել եւ ստեղծել են մեկ կազմակերպություն. «Ներկա դժվարին իրավիճակում, երբ հաճախակի հարցեր են առաջանում հենց միջէթնիկական հողի վրա, մենք լավ ենք հասկանում, որ անհրաժեշտ է ավելի լավ միմյանց ճանաչել, ծանոթանալ միմյանց մշակույթին, սովորություններին: Այս կապակցությամբ մենք անգամ ընտանիքներով հավաքվում ենք ադրբեջանցիների եւ հրեաների հետ, կազմակերպում ենք ազգային մշակույթի օրեր, փառատոներ, ֆուտբոլային հանդիպումներ: Մեր այս նախաձեռնությունը ողջունեց քաղաքի իշխանությունը եւ այժմ Լիպեցկում ցանկանում ենք ստեղծել «Ազգությունների տուն», որտեղ կմտնեն մեր երեք համայնքները, ինչպես նաեւ բոլոր այլ ցանկացողները: Հիմա ձեւակերպում ենք համապատասխան փաստաթղթերը: Սկզբի համար, կարծում եմ, մեզ կբավարարի մեկ սենյակը, հետո արդեն նախատեսում ենք վարձակալել շինություն, որտեղ հնարավոր կլինի անցկացնել տարբեր ազգությունների մշակութային եւ ավանդական միջոցառումներ», gorod48.ru-ին նշել է Մալխասյանը: Իսկ որպես առաջին համատեղ ակցիա` Լիպեցկի հայերը, ադրբեջանցիները եւ հրեաները արդեն իսկ հանդես են եկել ծառատունկով:
«Նույն հայերն ու ադրբեջանցիները»
Միայն այս մարտի ընթացքում շփման գոտում հայկական կողմը «հակառակորդի արձակած դիպուկահար կրակից» տվել է երեք զոհ: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցներըՙ «հայ դիպուկահարների կրակից զոհվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ` երեխա...», ՀՀ ՊՆ-ից եւ ԼՂՀ ՊԲ-ից այս վերջին տեղեկությունը հերքում են` այն մասով, որ ադրբեջանցիների մահվան պատճառը հայ դիպուկահարների կրակն է, քանի որ «հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»: Ադրբեջանում դեռ պահվում են մի քանի հայ ռազմագերիներ, այդ թվումՙ մեկ հայ ընտանիք, որին, կրկին ադրբեջանական լրատվամիջոցների եւ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի պնդմամբ, հարեւան երկրում տրվել է կեցության իրավունք: Ամեն օրվա վերջի լրահոսում, որպես կանոն, հայտնում են` ադրբեջանական կողմը խախտել է զինադադարը», նույնը` «ադրբեջանական կողմ»-ի փոխարեն «հայկական կողմ» ձեւակերպմամբ, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մինսկի խմբի համանախագահները հրապարակում են զեկույցը զեկույցի եւ հայտարարությունը հայտարարության հետեւից, որոնց բառապաշարը լիարժեքորեն չի բավարարում հակամարտ կողմերից եւ ոչ մեկին: Որքանո՞վ եք կարեւորություն տալիս այդ հայտարարություններին, հարցնում եմ Մամիկոնյան Հայկին, խնդրելով հարցս փոխանցել նաեւ Ռուստամ Բաբաեւին. «Կարծում եմՙ հարցը պետք է լուծեն, եւ կարող են լուծել միայն հայերն ու ադրբեջանցիները` ինքնուրույն», ասաց Հայկը, որին Ռուստամը հավելեց միայն մեկ բան. «Մարդիկ պետք է վերադառնան իրենց տները, մարդիկ` անկախ ազգությունից»:
Հայ-ադրբեջանական կապերը նույնքան բազմաթիվ են, որքան հայ-ադրբեջանական ռազմական բախումները կամ բանավիճելու թեմաները: Եվ իրոք, որքան էլ Մինսկի խումբը «ԼՂ-ի հարակից ադրբեջանական 7 շրջաններ» անվանի ազատագրված տարածքները, որքան էլ Ստեփանակերտը Խանքենդի կոչվի, եւ որքան էլ երկար Աղդամը մնա ավերակ քաղաք, հայ-ադրբեջանական հիմնահարցը` արմատական առումով կարող են լուծել միայն «երկու ավտոբուսները» կամ «երկու հոգի»` 70-ամյա Վարազադատ պապը, որը թողել է իր տնկած ծառերը Շահումյանում, եւ նույն տարիքի Ջեմալ պապը, որը տնկած ծառեր ունի Քարվաճառում... մնացած որեւէ լուծում կլինի բացառապես ժամանակավոր:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ